National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.11.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
18.11.2009
Վարչապետը խորհրդարանին ներկայացրեց 2010թ. բյուջետային քաղաքականությունը

Խորհրդարանը նոյեմբերի 18-ի նիստում կազմակերպեց քվեարկություններ եւ ընդունեց նախորդ օրը քննարկված օրենսդրական բոլոր նախաձեռնությունները` բացառությամբ ՀՅԴ խմբակցության պատգամավորների շրջանառած` «Մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը: Հեղինակների առաջարկությամբ 15 օրով նախագծի քվեարկությունը հետաձգվեց:

Այնուհետեւ խորհրդարանն անցավ «Հայաստանի Հանրապետության 2010 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

Գալիք տարվա բյուջետային քաղաքականությունը եւ առաջնահերթությունները խորհրդարանում ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները,   եկամուտների ձեւավորման եւ բյուջեի ծախսային քաղաքականությունն օրենսդիրների համար  մանրամասնեց ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Վարչապետը ներկայացրեց պետական բյուջեի նախագծի համար  ուղենիշային դարձած փաստաթղթերը` Աժ-ի  հավանությանն արժանացած կառավարության ծրագիրը` համալրված ազգային անվտանգության ռազմավարության եւ կայուն զարգացման ռազմավարական ծրագրի հիմնադրույթներով, կոալիցիա կազմած քաղաքական ուժերի մշակած  առաջնահերթությունները: Չխախտելով ավանդույթը` վարչապետը մինչ 2010 թ. բյուջեի նախագիծը ներկայացնելը գնահատեց  ընթացիկ իրավիճակը` մանրամասնելով 2009 թ.-ին կառավարության իրականացրած հակաճգնաժամային ծրագրերը: Մակրոտնտեսական կայունությունն ապահովելու եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջ բերած մարտահրավերները հաղթահարելու նպատակով գործադիրը ներդրումներ է կատարել տնտեսության ենթակառուցվածքներում, բարելավել է փոքր եւ միջին բիզնեսի միջավայրը, աջակցություն ցուցաբերել ճգնաժամի արդյունքում դժվարություններ ունեցող ընկերություններին:  Մասնավորապես  ստեղծվել են անհրաժեշտ պայմաններ նոր ատոմակայանի կառուցման համար: Մինչեւ 2009 թ. ավարտը, վարչապետի տեղեկացմամբ, շահագործման կհանձնվեն կամ կվերանորոգվեն հանրապետության 365 կմ. ավտոճանապարհներ` նախորդ տարվա 162 կմ-ի փոխարեն: Ջրամատակարարման համակարգը վերանորոգելու համար ներդրվել է 1,4 մլրդ. դրամ, աղետի գոտու բնակարանաշինության համար` 25 մլրդ. դրամ` 1760 բնակարան կառուցելու նպատակով: Վարչապետը տեղեկացրեց, որ սկսվել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծման աշխատանքները, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ուղղությամբ եւս կատարվում են կոնկրետ քայլեր: Հիմնադրվել է համահայկական բանկը, որը կգործի գալիք տարի: Հակաճգնաժամային ծրագրի հաջորդ թիրախը, պրն. Սարգսյանի ներկայացմամբ,  փոքր եեւ միջին բիզնեսին աջակցությունն է: Այդ նպատակով ստեղծվել է նոր վարկային ունիվերսալ կազմակերպություն: Վարչապետն իր ելույթում ընդգծեց, որ փոքր եւ միջին  բիզնեսի համար ընթացիկ տարում  ապահովել են  բարենպաստ միջավայր` տալով հարկային արտոնություններ, պարզեցնելով հարկային վարչարարությունը այս հատվածի համար: Կառավարության միջոցառումների շնորհիվ փոքր եւ միջին բիզնեսի հարկատուները  հարկերի գծով  16,6 մլրդ. դրամի չափով խնայողություն են ունեցել ` այդքանով իսկ նվազեցնելով բյուջեի մուտքերը:  Բիզնես միաջավայրին ուղղված քայլերը, ըստ վարչապետի, արդեն դրական արդյունք են արձանագրել: Համաշխարհային Բանկի գնահատմամբ` մեր հանրապետությունն իր վարկանիշը բարելավել է 7 աստիճանով` զբաղեցնելով սանդղակում 43-րդ հորիզոնականը:: Վարչապետի հավաստմամբ` հակաճգնաժամային ծրագրերը իրականացվել են սոցիալական պարտավորությունների կատարմանը զուգահեռ: Չնայած ընթացիկ տարում արձանագրված տնտեսական անկման 18,3 տոկոս ցուցանիշին` կառավարությանը 2009 թ. բյուջեի կատարման ընթացքում հաջողվել է ավելացնել  սոցիալական ծախսերը: Մակրոտնտեսական   կայունությունն ապահովելու նպատակով գործադիրն իրականացրել է ընդլայնողական դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականություն` բյուջեի կրճատման փոխարեն: 18 տոկոս տնտեսական անկումը կառավարությանը չի խոչընդոտել նաեւ 2009 թ.բյուջետային ծախսերը նախորդ տարվա համեմատությամբ 70 մլրդ. դրամով ավելացնելու հարցում. ծախսերն ընթացիկ տարվա համար բյուջեում կկազմեն 880 մլրդ. դրամ: Դեֆիցիտը ընթացիկ տարում ՀՆԱ-ի 7-7,5 տոկոսը կկազմի: Գնաճը կլինի նախատեսված միջակայքում:  Վարչապետը նշեց, որ ճգնաժամը նկատելի է դարձրել  տնտեսության խոցելի կողմերը եւ որպես այդպիսիք նշեց տնտեսության դիվերսիֆիկացիայի ցածր մակարդակը եւ «երկար» փողերի բացակայությունը,   օլիգապոլիաների առկայությունը  եւ ցածր մրցակցային մակարդակը, պետական կառավարման համակարգում   թերի մոտիվացիոն մեխանիզմների առկայությունը, ինչպես նաեւ առողջապահության եւ կրթության ոլորտներում առկա չլուծված ֆունդամենտալ խնդիրները:  Խոսելով 2010թ. բյուջեի նախագծի մասին` վարչապետը նշեց, որ այն նախնական տարբերակի համեմատությամբ որոշ փոփոխությունների է ենթարկվել: Մասնավորապես ավարտվել են բանակցությունները «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ղեկավարության հետ, եւ բյուջեի նախագծի ծախսային մասում կներառվի 24 մլրդ. դրամ: Ֆինանսական փաստաթղթում կարտացոլվի նաեւ Եվրամիության լրացուցիչ օժանդակությունը` 100 մլն. եվրոյի չափով: Հաշվի առնելով ընթացիկ տարվա  վերջին եռամսյակի դրական միտումները` գործադիրը կանխատեսում է գալիք տարվա եկամուտների նախնական չափն ավելացնել 17 մլրդ. դրամով եւ բարելավել հարկերի եւ ՀՆԱ-ի հարաբերակցությունը: Բյուջեի նախնական` մշտական հանձնաժողովներում քննարկումների ժամանակ պատգամավորների հնչեցրած հարցերի եւ առաջարկությունների հիման վրա  բյուջեի վերջնական տարբերակում կավելացվեն պաշտպանության ոլորտի համար նախատեսված հատկացումները` գերազանցելով 2009 թ. փաստացի ծախսերը, ԼՂՀ-ի համար ծրագրված բյուջետային վարկը նույնպես կավելանա ընթացիկ տարվա համադրելի ցուցանիշից,  կվերանայվեն նաեւ դպրոցաշինությանն ուղղվող կապիտալ ներդրումների ծավալները: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ` 2010 թ. բյուջեում միջոցներ կնախատեսվեն  ԽՍՀՄ խնայբանկերում ավանդադրված գումարների փոխհատուցման համար: Անդրադառնալով պատգամավորների  մտահոգությանը արտաբյուջետային հաշիվների վերաբերյալ` վարչապետը պատրաստակամություն հայտնեց համապատասխան փոփոխություններ կատարել եւ այդ միջոցներն առավել թափանցիկ եւ վերահսկելի դարձնել:

 Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի ներկայացմամբ` բյուջեն առանց վերոնշյալ գումարների հետեւյալ թվային ձեւակերպում ունի. եկամուտներ` 676,7 մլրդ. դրամ, ծախսեր`  859,6 մլրդ. դրամ, դեֆիցիտը` 183 մլրդ. դրամ: Գալիք տարում, ոլորտի պատասխանատուների կարծիքով, կարձանագրվի տնտեսական աճի 1,2 տոկոսանոց մակարդակ: Ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը, ըստ նախարարի, էապես մեծացել է`  չնայած ծախսերի բնացարձակ մեծությունը չի ավելացել:  Պետական պարտքը բյուջեի նախագծում կազմում է  3 մլրդ. 549 մլն. դոլար` ՀՆԱ-ի 46,5 տոկոսը: Ֆինանսների նախարարը հավաստիացրեց, որ պարտքի ծավալը օրենսդրորեն թույլատրելի սահմաններում է: Դեֆիցիտի մասնաբաժինը ՀՆԱ-ում կկազմի 5,7 տոկոս: Ըստ բյուջետային կանխատեսումների` գնաճը կլինի սահմանված միջակայքում` 4 տոկոս: Ֆինանսական համահարթեցման դոտացիաների ընդհանուր գումարը 2010 թ. կկազմի 32 մլրդ դրամ, գրեթե նույնքան էր  կտրամադրվի ԼՂՀ-ին` որպես բյուջետային վարկ, որը, սակայն, ավելանալու միտում ունի: Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2010-ի բյուջեում ծրագրված  է 16,5 տոկոս: Ֆինանսների նախարարն ուշագրավ համարեց, որ սոցիալական ծախսերին 2010 թ.-ին կուղղվի ընդհանուր ծախսերի 45,7 տոկոսը:

Ֆինանսների նախարարին հարցեր ուղղելու համար հերթագրվել էր 14 պատգամավոր: Հարցերը բազմաբնույթ էին`  կոնկրետ ուղղությունների ֆինանսավորումից մինչեւ  առավել համընդհանուր` տնտեսական եւ սոցիալական առաջնահերթություններ:

Հարցի քննարկումը խորհրդարանը կշարունակի նոյեմբերի 19-ի նիստում:

Քառօրյայի երրորդ օրվա վերջին նիստում, ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով, պատգամավորներին կառավարության անդամներին հարցեր ուղղելու հնարավորություն տրվեց:

                                     

                                    




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am