Հունիսի 29-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Սիրիայի
մշակույթի նախարար Ռիադ Նաասան Աղային:
Ողջունելով հյուրին` Հայաստանի խորհրդարանի նախագահն իր գոհունակությունը հայտնեց վերջերս արձանագրված հայ-սիրիական շփումների ակտիվացման կապակցությամբ: Նա կարեւորեց Հայաստանում Սիրիայի մշակույթի օրերի անցկացումը` որպես երկկողմ համագործակցության յուրօրինակ դրսեւորում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորեցին սիրիահայ համայնքի դերը երկու երկրների միջեւ համագործակցությունը խորացնելու գործում, քանի որ այն կարող է հանդիսանալ բնական կամուրջ երկու բարեկամ ժողովուրդների միջեւ:
Կողմերը հատուկ ընդգծեցին մշակույթի բնագավառում երկկողմ համագործակցությունը խթանելու անհրաժեշտությունը, որի շնորհիվ հնարավոր կլինի էլ ավելի ամրապնդել հայ-սիրիական հարաբերությունների հիմքերը: