National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
24.06.2009
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանում


Վեհաժողովի հարգելի նախագահ,
Վեհաժողովի հարգարժան անդամներ,
Տիկնայք եւ պարոնայք,


Այս Վեհաժողովում իմ ներկայությունը նշանավորում է Հայաստանում 2008 թ. մարտից ի վեր տեղի ունեցող զարգացումների շրջադարձը:  Այն արժեւորում է Եվրոպայի խորհրդի եւ, մասնավորապես, Վեհաժողովի կարեւոր դերը մեր երկրի ներքին քաղաքականության էջերում ողբերգական իրադարձությունների հետեւանքների հաղթահարման գործում:  Ուստի, ցանկանում եմ ելույթիս սկզբում շնորհակալություն հայտնել Վեհաժողովին եւ վերջինիս անդամներին անցնող մեկ տարում Հայաստանում ձեր ունեցած ակտիվ դերակատարման համար:  Հատկապես ցանկանում եմ ընդգծել Ձեր` պարոն Նախագահ, եւ մեր երկու համազեկուցողների` պարոնայք Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի կարեւոր դերը:  Ձեր քննադատությունը, հաստատակամությունը, բայց նաեւ` դրսեւորած համբերատարությունն ու աջակցությունը, երկխոսության մեջ ներգրավվելու ունակությունը էական էին լուծումներ գտնելու գործում: Հիշում եմ անցյալ գարունը, երբ ծնվեց 1609 բանաձեւը: Հայաստանի Նախագահն, արձագանքելով այդ բանաձեւին, անմիջապես ստեղծեց աշխատանքային խումբ իմ գլխավորությամբ, երբ դեռ հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարն էի: Այդ ժամանակ էլ առաջին անգամ հանդիպեցինք:

Պարոն նախագահ,

Պետք է պատրանքներ չունենանք. Հայաստանում քաղաքական գործընթացն իրադարձությունների շարունակական հոսք է:  Այն առավել հաճախ բնորոշվում է առճակատումներով, սուր մրցակցությամբ եւ իրենց ոչ փոխզիջումային բնույթով:  Հեռու գնալ պետք չէ. կարելի է պարզապես զրուցել Վեհաժողովում մեր պատվիրակության անդամների եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի` այսօր այստեղ ներկա գտնվող պատվարժան ներկայացուցիչների հետ:  Նրանք ներկայացնում են Հայաստանի քաղաքական լայն սպեկտրը եւ բազմազան քաղաքական կարծիքները:  Ինձ վստահություն է ներշնչում հենց այն հանգամանքը, որ ներկայանում ենք այստեղ` մեր ողջ բազմակարծությամբ, քաղաքական կարծիքների ու դիրքորոշումների տարակարծություններով: Հայաստանի խորհրդարանը հանդիսանում է դրա վառ օրինակը: Հենց այս բազմակարծությունների համատեքստում ենք մենք կառուցում եւ զարգացնում մեր ժողովրդավարությունը եւ մեր արժեքային համակարգը: Անցյալ տարվա սեպտեմբերից, խորհրդարանի նախագահ ընտրվելու առաջին իսկ օրվանից բազմիցս կոչ եմ արել բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նաեւ արմատական ըննդիմությանը, օգտագործելու խորհրդարանի ամբիոնը քաղաքական տարաձայնությունների արտահայտման եւ  երկխոսության համար:


Պարոն նախագահ,

Վստահաբար կարող եմ պնդել, որ բանավեճի ենթակա են ոչ թե ժողովրդավարությունը կամ դրա համար պահանջվող ինստիտուցիոնալ համակարգերի անհրաժեշտությունը, ոչ թե մեր քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների շրջանակը, այլ դրանց իրականացման  որակը: Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարներից մեկն եմ, կոալիցիոն մեր գործընկերների հետ մեկտեղ, ներկայումս քաղաքական պատասխանատվություն է ստանձնել մեր հասարակության առջեւ: Մենք պատասխանատվությունից չենք խուսափում:  Չենք կոծկում խնդիրները եւ թերությունները, սակայն ընտրողների կողմից մեզ հատկացված ժամանակահատվածում հավատարիմ ենք լինելու ժողովրդավարության ամրապնդմանը, իրավունքների հիմնավոր պաշտպանությանը եւ օրենքի գերակայության երաշխավորմանը:  Մենք գործում ենք Հայաստանի քաղաքական իրողությունների կոնկրետ համատեքստում եւ հստակ գիտակցում ենք, որ մեր գործունեությունը անհրաժեշտ է բարելավել:  Իշխող կոալիցիայի հիմնական պարտավորությունը դա է, եւ այդ նպատակին պետք է հետամուտ լինի երկրի յուրաքանչյուր քաղաքական ուժ: Մեր սկզբունքներից է հանդուրժողականությունն ու համագործակցությունը:

Այս համատեքստում անդրադառնամ 2008 թ. մարտի իրադարձություններին, որոնց հետեւանքով Վեհաժողովը քննադատության արժանացրեց Հայաստանի ժողովրդավարության վիճակը:  Կարիք չկա կրկին ներկայացնելու Հայաստանում անցած մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները եւ Վեհաժողովի արձագանքները:  Դուք այդ մասին քաջատեղյակ եք:  Քաջատեղյակ եք նաեւ այն համալիր քաղաքական երկընտրանքներին, որոնք  իշխանությունները եւ իշխող կոալիցիան պետք է հաղթահարեին, որպեսզի մի կողմից պահպանվեր եւ պաշտպանվեր մեր պետության եւ դատաիրավական կառույցների ամբողջականությունն ու անկախությունը, իսկ մյուս կողմից` բավարարվեր գերակա հասարակական պահանջը եւ ազգային շահը, այն է` վերականգնվեր եւ ամրապնդվեր վստահությունն ու երկխոսությունը քաղաքական ուժերի եւ հասարակության լայն շրջանների միջեւ:  Այս վերջին տարին եղել է իրադարձություններով լի եւ բավական լարված: Քննության ենք ենթարկել դատական եւ իրավապահ կառույցների որակները, անկախ հետաքննություն անցկացնելու, քաղաքական գործընթացներին հանրությանը եւ քաղաքական ուժերին ներգրավելու, իրավական ակտերը բարելավելու եւ ի կատար ածելու մեր կարողությունները:  Թե՛ հայտնի իրադարձությունների, թե դրանց հաջորդած ժամանակահատվածի ընթացքում բացահայտվեցին բազմաթիվ խնդիրներ, որոնք էլ հենց թելադրում են հետագա բարեփոխումների հրամայական անհրաժեշտությունը:

Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից առաջարկված եւ Ազգային ժողովի կողմից հայտարարված համաներումը ճիշտ ժամանակին իրականացված եւ միանգամայն հիմնավոր քայլ  էր: Այդ քայլով, ինչպես նաեւ Վեհաժողովում այսօր տեղի ունեցող այս քննարկումներով, էլ ավելի կմոտենանք Հայաստանի համար փորձաքար հանդիսացող այս էջի փակմանը:

Սխալ կլիներ եզրակացնել, թե մենք մարտի իրադարձությունների հետ կապված բոլոր խնդիրները լուծել ենք: Կարծում եմ, մարտյան դեպքերը մեզ խորհելու դեռ երկար տեղիք կտան: Մենք դեռեւս դասեր ունենք քաղելու, բայց կարող ենք նաեւ սկսել նոր էջից, պարտավոր ենք սկսել, ողջ հասարակությունով: Սա շարունակական գործընթաց է` ինչպես Եվրոպայի խորհրդի ցանկացած անդամ պետության կողմից ժողովրդավարության կառուցման գործընթացը:

Ամփոփելով, պարոն նախագահ, ցանկանում եմ ասել հետեւյալը.
Եվրոպայի խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարության կառուցման գործընթացում կենսական կարեւորություն է ունեցել եւ ունի նաեւ այսօր:  Ուստի, բարձր եմ գնահատում Ձեր, Վեհաժողովի զեկուցողների, Մարդու իրավունքների Հանձնակատարի, այս մարմնի բարձրակարգ փորձագետների եւ Եվրոպայի խորհրդում ու Վեհաժողովում մեր բոլոր բարեկամների իմաստնությունը եւ նվիրվածությունը Հայաստանին:

Շնորհակալություն:



24.06.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի աշխատանքներին
Հունիսի 24-ին սկսվեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ, որի ընթացքում նա հանդիպումներ է ունենում Եվրոպայի խորհրդի կառույցների ղեկավարների եւ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարների հետ։Առավոտյան ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը հանդիպեց ԵԽ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am