National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
24.06.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի աշխատանքներին

Հունիսի 24-ին սկսվեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Ստրասբուրգ, որի ընթացքում նա հանդիպումներ է ունենում Եվրոպայի խորհրդի կառույցների ղեկավարների եւ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում ներկայացված քաղաքական ուժերի ղեկավարների հետ։

Առավոտյան ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը հանդիպեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի հետ։ Հայաստանի խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց Վենետիկի հանձնաժողովի եւ դրա նախագահի դերը Հայաստանում քննարկվող օրինագծերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործում։ Այդ համատեքստում նա հատկապես կարեւորեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի դերակատարությունը Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները կյանքի կոչելու գործում։ Զրույցի ընթացքում կողմերը համաձայնեցին, որ Հայաստանն արդեն մեծ առաջընթաց է արձանագրել իր օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու գործում, եւ այժմ հասունացել է այդ օրենսդրությունը ճշգրիտ կիրարկելու եւ իրագործելու ժամանակը։

Այնուհետեւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպես ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ։ Խորհրդարանի ղեկավարը նրան եւս շնորհակալություն հայտնեց Հայաստանի հարցերի հանդեպ իր ցուցաբերած աջակցության եւ կառուցողական քննադատության համար։ Նա շեշտեց, որ Հայաստանը ԵԽ լիիրավ անդամ է, եւ դրանով իսկ իրեն պարտավորված է համարում բարեխղճորեն կատարել ԵԽ շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտականությունները։ Նա նաեւ կարեւորեց ԵԽ բոլոր անդամ պետությունների միասնական ջանքերը՝ ԵԽ վարկանիշը բարձր պահելու եւ կազմակերպության վարկին չվնասելու գործում։ Զրույցի ընթացքում կողմերը նաեւ քննարկեցին 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեությանը վերաբերող հարցերը։

Հունիսի 24-ի առավոտյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նաեւ հանդիպումներ ունեցավ ԵԽԽՎ-ում Միավորված եվրոպական ձախերի խմբակցության ղեկավար Թինի Կոկսի եւ Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Լուկ վան դեն Բրանդտի հետ։ Հանդիպումների ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարն իր զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությամբ Ազգային ժողողի կողմից համաներում հայտարարելու գործընթացի մանրամասները։ Նա շեշտեց, որ դա արդյունավետ հանգուցալուծում էր, որին հաջողվեց հասնել նաեւ ԵԽԽՎ մեր գործընկերների բարեկամական եւ շիտակ աջակցության շնորհիվ։ Զրուցակիցների խնդրանքով պրն. Աբրահամյանը նաեւ անդրադարձավ Հարավային Կովկասի տարածաշրջանի խնդիրներին։ 

Հունիսի 24-ի կեսօրին ԱԺ նախագահը նաեւ հանդիպեց ԵԽԽՎ նախագահ Լուիս-Մարիա դե Պյուչի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը բարձր գնահատեցին Հայաստանում ներքաղաքական համաձայնություն ձերք բերելու գործում վերջերս արձանագրված հաջողությունը։ Նրանք համակարծիք էին, որ, այնուամենայնիվ, դեռեւս անելիքներ կան, որոնք կյանքի կոչելու գործում Հայաստանի ժողովրդի անփոխարինելի գործընկերն է լինելու Եվրոպայի խորհուրդն ու այդ կառույցի տրամադրած փորձագիտական եւ այլ գործիքները։

ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպելուց հետո պրն. Աբրահամյանը ճեպազրույց ունեցավ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Օրվա երկրորդ կեսին Ազգային ժողովի նախագահը հանդիպեց ԵԽԽՎ-ում Եվրոպական ազատականների եւ ժողովրդավարների դաշինքի խմբակցության նախագահ Մաթիաս Յորշիի հետ: Զրուցակիցները վերհիշեցին Երեւանում իրենց ունեցած նախորդ հանդիպումը եւ արձանագրեցին, որ դրանից ի վեր անցած կարճ ժամանակաընթացքում հնարավոր եղավ առաջընթաց արձանագրել Հայաստանի ներքին քաղաքական կյանքում` շնորհիվ իշխանությունների ցուցաբերած քաղաքական կամքի: Այդ համատեքստում նրանք համակարծիք էին, որ յուրաքանչյուր հասարակության պատմության մեջ ժողովրդավարությունը շարունակական առաջընթաց է, որի զարգացման գործում մեծ է քաղաքացիական հասարակության հաստատությունների եւ դրանց շարքում առաջին հերթին հասարակական կազմակերպությունների դերը:

Այնուհետեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդավարական խմբակցության նախագահ Դեյվիդ Ուիլշարի հետ: Ողջունելով զրուցակցին` պրն. Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի խնդիրների հանդեպ ուշադրության, կառուցողական քննադատության եւ դրանով իսկ ցուցաբերված աջակցության համար, որը բխում էր Հայաստանի ժողովրդի եւ Եվրոպայի խորհրդի համընդհանուր ընտանիքի շահերից: Կողմերը համաձայնեցին, որ ԵԽ տրամադրած գործիքները կարող են հետագայում եւս արդյունավետորեն օգտագործվել Հայաստանում ժողովրդավարությունն ամրապնդելու գործում: Զրույցի ընթացքում նրանք նաեւ անդրադարձան Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության եւ կայունության հարցերին:

Հունիսի 24-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի վերջին աշխատանքային հանդիպումը տեղի ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): Ժամանելով այդ հաստատություն` Հայաստանի խորհրդարանի նախագահը շրջեց դատարանի շենքով, ծանոթացավ դատարանի գործունեությանը եւ պատմությանը: Այնուհետեւ պրն. Աբրահամյանը հանդիպում ունեցավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստայի հետ։ Հանդիպմանը նաեւ մասնակցեց ՀՀ-ից դատարանի անդամ տկն. Ալվինա Գյուլումյանը:
 
ԱԺ նախագահը բարձր գնահատեց դատարանի դերը Եվրոպայի խորհրդի տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանությունն ամրապնդելու գործում: Պրն. Աբրահամյանը նաեւ կարեւորեց ՄԻԵԴ եւ ՀՀ Սահմանադրական դատարանի միջեւ տեղի ունեցող համագործակցությունը: Այնուհետեւ կողմերն անդրադարձան ՄԻԵԴ Հայաստանից ներկայացված գործերին: Զրուցակիցները կարեւորեցին այն հանգամանքը, որ ՀՀ վերաբերյալ ՄԻԵԴ կայացրած որոշումների կապակցությամբ արդեն կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք կանխում են դատարանի քննած գործերի կրկնվելու հնարավորությունը: Կողմերը նաեւ անդրադարձան այդ ուղղությամբ հետագայում անելիք հնարավոր քայլերին ու համագործակցության հեռանկարներին:

Հունիսի 24-ին երեկոյան Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկա գտնվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստի այդ օրվա օրակարգի վերջին`Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ հարցի քննարկմանը: Այդ քննարկման ընթացքում ԵԽԽՎ համազեկուցողներ Ժորժ Կոլոմբյեն եւ Ջոն Պրեսկոտը վեհաժողովին ներկայացրեցին Հայաստանի իշխանությունների արձանագրած առաջընթացը այդ հարցի շուրջ ԵԽԽՎ նախկինում ընդունած բանաձեւերի կատարման գործում: Մասնավորապես, նրանք առանձնացրեցին Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները եւ մի շարք կարեւորագույն այլ բարեփոխումների նախաձեռնումը: Հաշվի առնելով այդ ձեռքբերումները եւ վերջերս ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ կողմից հայտարարված համաներումը` ԵԽԽՎ-ն իր թիվ 1677 (2009) բանաձեւով որոշեց, որ կազմակերպության Մոնիտորինգի կոմիտեն կշարունակի աջակցել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն իր սովորական մոնիտորինգի ընթացակարգի շրջանակներում:

Այդ հարցի քննարկումն ամփոփող բանաձեւի քվեարկությունից հետո ԵԽԽՎ լիագումար նիստի առջեւ ելույթով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը։


24.06.2009
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսյան նստաշրջանում
Վեհաժողովի հարգելի նախագահ,Վեհաժողովի հարգարժան անդամներ,Տիկնայք եւ պարոնայք,Այս Վեհաժողովում իմ ներկայությունը նշանավորում է Հայաստանում 2008 թ. մարտից ի վեր տեղի ունեցող զարգացումների շրջադարձը:  Այն արժեւորում է Եվրոպայի խորհրդի եւ, մասնավորապես, Վեհաժողովի կարեւոր դերը մեր երկրի ներքին քաղա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am