National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
19.06.2009
Ազգային ժողովն ընդունեց «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Նախագահի առաջարկը

Հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի  օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ Նախագահի առաջարկը:

Համաներման պայմանները եւ բովանդակությունը խորհրդարանականներին ներկայացրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Հիմնական զեկուցողը նախ նկատեց, որ ներկայացված փաստաթուղթը համահունչ է մինչ այժմ ընդունված` համաներման վեց որոշումներին: Համաներման այս առաջարկը, արդարադատության նախարարի գնահատմամբ, իր հստակությամբ շահեկանորեն տարբերվում է մնացած բոլորից, բացի այդ` ներառում է որոշ նորամուծություններ: Որպես այդպիսին բանախոսը նշեց  այն կետը, որով նախատեսվում է պատժից ազատել 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում  տեղի ունեցած իրադարձութւյունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց:  Սա այն դեպքերում, երբ ազատազրկման առավելագույն ժամկետը հինգ տարի է: Նշված դեպքերի առնչությամբ կկիրառվի նաեւ  պատժաչափի չկրած մասը կարճելու մոտեցումը:  Նախագծով նախատեսվել է  հետախուզման մեջ գտնվող եւ մինչեւ 2009 թ. հուլիսի 31-ը կամովին ներկայացած անձանց համար համաներման հնարավորություն: Նախարարը նկատեց, որ համաներումը նախ կվերաբերվի  առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին,  60 տարին լրացած անձանց,  հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած  եւ նախկինում  ազատությունից զրկելու պատիժ չկրած անձանց վրա: Պատժից ազատելու կամ պատժաչափը վերանայելու համար հիմք կդիտարկվեն նաեւ Հայրենական մեծ պատերազմին, Հայաստանի Հանրապետության  պաշտպանության համար մղված մարտական գործողություններին մասնակից  լինելու եւ  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված լինելու հանգամանքները, ինչպես նաեւ բռնադատվածի կարգավիճակը:  Սա այն դեպքում, եթե  նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար չեն ազատազրկվել, կամ պատիժ են կրել, սակայն չունեն դատվածություն: Համաներումը կտարածվի նաեւ  այն անձանց վրա, ովքեր ՀՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպես նաեւ նրանց հավասարեցված անձանց ամուսին, զավակ կամ ծնող են:  Համաներման որոշումը կիրառվելու է մինչեւ 2009 թ. հունիսի 1-ը հանցագործություն կատարած անձանց վրա: Նախարարը ներկայացրեց, որ թվով 134 հոդվածների վրա համաներումը չի տարածվելու:  Եւ չի կիրառվելու  այն անձանց վրա, ովքեր չեն վերականգնել  տուժողին հասցված նյութական վնասը: Նախարարը այս կետը նույնպես առանձնացրեց որպես նորամուծություն:

Նախարարին հարցեր ուղղելու համար հերթագրվել էր 14 պատգամավոր:

Պատասխանելով նրանց հուզող եւ հասարակության հետաքրքրությանն արժանացած  հարցերին` Գեւորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ, մոտավոր հաշվարկներով, Նախագահի համաներման առաջարկը կտարածվի շուրջ 2000 անձանց վրա, որոնցից 500-ը ամբողջությամբ կազատվեն պատժից: Մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած եւ համաներման արժանացած անձանց թիվը, ըստ նախարարի, չի գերազանցի 100-ը: Հարցերի զգալի մասը վերաբերվում էր կոնկրետ գործերի:  Բանախոսը պարզաբանեց, որ համաներման որոշումը հիմնականում կվերաբերվի նախորդ տարվա մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ մեղադրվող պատգամավորներին, բացառությամբ Սասուն Միքայելյանի.  քրեական օրենսգրքի նրան վերաբերող  հոդվածը ենթակա չէ համաներման:

Պատգամավորների կողմից հնչեց խորհրդարանում  աշխատանքային խումբ ստեղծելու եւ համաներման գործընթացը վերահսկելու մասին առաջարկ:

Համաներման առաջարկի մասին գլխադասային հանձնաժողովի  եզրակացությունը ներկայացրեց  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Փաստաթղթին հանձնաժողովի տված քաղաքական գնահատականը դրական էր: Դավիթ Հարությունյանի բնորոշմամբ` համաներման նախաձեռնությունը  կարողացել է ծառայել շատ կարեւոր`  հանրության մեջ առկա լարվածությունը մեղմելու եւ համագործակցության հենք ստեղծելու նպատակին:   Այդուհանդերձ, հանձնաժողովի անունից պրն. Հարությունյանը որոշ առաջարկներ կատարեց: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նպատակահարմար  է համարել համաներումը տարածելու համար կրկնահանցագործ չլինելու նախապայմանը ընդգրկել ոչ միայն  ՀՀ պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներին վերաբերող կետում, այլ նաեւ կիրառել այլ դեպքերում:  Զեկուցողն առաջարկեց  համաներման որոշումը տարածել նաեւ նախապատրաստական փուլում գտնվող գործերի վրա` քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելով:

Հանձնաժողովի նախագահի կարծիքով` պետք է  ընդլայնել  տուժողին հասցված նյութական վնասը վերականգնելու մասին կետը` չսահմանափակվելով միայն քրեական դատարանի վճռին հղում կատարելով: Նախագծով նախատեսվում է համաներումը տարածել մինչեւ համաներման որոշումն ընդունելու նախորդ օրը հաշմանդամ ճանաչված անձանց վրա: Դավիթ Հարությունյանը կամայականությունները  բացառելու նպատակով  առաջարկեց հաշմանդամ ճանաչելու համար ամրագրել հստակ օր` մինչեւ հունիսի 1-ը:        

Արտահերթ ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.

«Հարգելի՛ գործընկերներ,

Միանգամից նշեմ, որ ստեղծված քաղաքական իրավիճակում համաներումը երկար սպասված եւ միանգամայն արդարացված քայլ է:  Թաքցնելու բան չկա. այն այսօր ունի թե՛ մարդասիրական, թե՛ քաղաքական նշանակություն: Այն նաեւ նոր ազդակ կարող է դառնալ հանրային նպատակադրումները միայն դեպի առաջ եւ միայն դեպի զարգացում ուղղորդելու նպատակի իրագործման ճանապարհին:   

Այո, համաներումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: 

Նախ ուզում եմ շեշտել, որ այսօրինակ քաղաքական որոշումների համար չկան ժամանակային սահմանափակումներ: Այն պետք է կիրառել ըստ անհրաժեշտության եւ այդ անհրաժեշտությունն, ինչպես հայտնի է, իսկապես հասունացել է:

Մեզ համար կարեւոր է ոչ թե կոծկել խնդիրները, այլ հանգամանորեն վերլուծել դրանք, տալ անաչառ գնահատական, իսկ որ ավելի կարեւոր է` գտնել համարժեք լուծումներ:  Այդ լուծումները չեն կարող համոզիչ լինել, եթե չճշտվեն տվյալ պարագայում համաներման կիրարկման հիմնական սկզբունքները: 

Մենք ձեզ հետ միասին պետք է վստահ լինենք, որ յուրաքանչյուրը ստանում է իր արժանին եւ եթե կատարված հանցանքը բնորոշ չէ տվյալ մարդուն, այլ նրա կյանքում եզակի բնույթ է կրում կամ պատահականության, որոշ հանգամանքների արդյունք է, ապա պետք է, անազատության մեջ գտնվելու շրջանում իր վարքը հաշվի առնելով, ուղղվելու, ճիշտ ճանապարհին կանգնելու հնարավորություն տրվի: Ի վերջո, կան ընտանիք կերակրող միայնակ մայրեր կամ հայրեր, սոցիալական այլ խմբերի ներկայացուցիչներ, որոնց կատարած հանցատեսակի պատիժը եւս կարելի է մեղմել եւ օգնել վերաինտեգրվելու հասարակությանը:

Հանրությունը հաճախ համաներումն ընկալում է միայն որպես պատժից ազատում, սակայն համաներումը նաեւ նախատեսում է պատժի չկրած մասի կրճատում այն անձանց համար, ովքեր ստացել են պատիժ համապատասխանաբար 3-ից կամ 5 տարուց ավելին, այն դեպքում, երբ խոսքը չի վերաբերում այն հոդվածներին, որոնց վրա համաներումը չի տարածվում: Մարտի 1-2-ի իրադարձությունների հետ կապված հանցագործություններ կատարած անձանց պատժաչափի մասն այս նախագծով առաջարկվում կրճատել 1/3-ով, եթե նրանց համար սահմանվել է 5 տարուց ավելի ժամկետով ազատազրկում:

Առաջարկում եմ Հանրապետության Նախագահին այս հարցում եւս դրսեւորել մարդասիրական մոտեցում եւ այդ անձնաց նկատմամբ նախատեսել պատժաչափի չկրած մասի ավելի մեծ կրճատում` 1/2-ով:

Իհարկե՛, համաներումը բոլորին չի կարող գոհացնել: Իհարկե՛, կան նաեւ մարդիկ, ովքեր սկզբունքորեն դեմ են համաներմանը: Բայց այստեղ ստիպված եմ հիշեցնել, որ չպետք է համաներումը շփոթել չհիմնավորված ներողամտության հետ, ինչը հանգեցնում է ամենաթողության, անպատժելիության եւ ծնում նոր հանցագործություններ:  Այն լոկ բժշկելու, ոչ թե սպիներ ավելացնելու գործառույթ ունի:

Իրականում համաներումը մեր քրիստոնեական հավատից բխող քայլ է, որ քաղաքացիական համերաշխության, հանդուրժողականության, փոխվստահության ամրապնդմանը զուգահեռ մարդասիրության ազդակ է հղում ողջ հասարակությանը:

Կան երկրներ, որտեղ համաներումը դիտվում է որպես զուտ քաղաքական քայլ` ուղղված բազմաթիվ ներքին խնդիրների լուծմանը եւ երկրում լարվածության թուլացմանը:  Մի շարք երկրներում, համաներումն ուղղված է նաեւ պետության տնտեսական բեռի թեթեւացմանը: Կան նաեւ այլ օրինակներ, երբ համաներումը բերում է սոցիալական, հոգեբանական եւ այլ խնդիրների բարեհաջող լուծումների: Հատկանշական եմ համարում, որ մեր երկրում համաներումը ներառում է թվարկած գրեթե բոլոր խնդիրները` եւ՛ քաղաքական, եւ՛ տնտեսական, եւ՛ սոցիալ-հոգեբանական , սակայն ամենակարեւորն, իմ համոզմամբ, քաղաքացիական համերաշխության ձեւավորումն է, առանց որի երկրում իրականացվող բարեփոխումները երբեք չեն դառնա ժողովրդի սեփականությունը:

Ի վերջո, համաներումը դրսեւորեց մեր պետության բոլոր օղակների գործուն մասնակցությունը: Կուզենայի անդրադառնալ նաեւ այն հանգամանքին, որ սա այն բացառիկ դեպքն է, երբ իշխանության բոլոր թեւերը, ինչպես նաեւ նոր ձեւավորված Հանրային խորհուրդը իրենց շոշափելի ներդրումն ունեցան համաներման փաստարկների, սկզբունքների եւ հիմնադրույթների մշակման գործընթացում:  Եթե չեք նկատել, սրանով լուրջ հարցերը միասնաբար լուծելու նոր մշակույթի հիմք դրվեց մեզանում, ինչը, կարծում եմ, մեծ դեր է ունենալու ապագա բոլոր խնդիրների լուծման ժամանակ:

Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից առաջարկած եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից հայտարարվող համաներումը ճիշտ ժամանակին իրականացվող եւ միանգամայն հիմնավոր քայլ է:

Հարգելի՛ գործընկերներ,

Այո, իսկապես ինչ-որ պահի պետք է կանգ առնել եւ ինչ-որ պահի պետք է սկսել նոր էջից: Այսօր մեզ հնարավորություն է ընձեռվել եւս մեկ ներդրում ունենալ մարտի 1-2-ի իրադարձությունների թողած վերքերը բուժելու գործում: Համամիտ եմ այն մտքի հետ, որ այդ իրադարձությունների նման ընթացքի մեջ բոլորս ունենք մեր մեղքի բաժինը:  Սակայն, անկեղծ ասած, ինձ համար մինչեւ վերջ պարզ չէ, թե ում մեղքն է ավելի.  նրանց, ովքեր այսօր անազատության մեջ են, թե նրանց, ովքեր մինչ օրս ազատության մեջ են, սակայն ժողովրդին հրահրեցին նման շիկացած մթնոլորտի եւ վերջին պահին լքեցին նրանց, թողնելով մենակ` օրենքի եւ իրավապաշտպանների հետ: 
Կարծում եմ, մարտի 1-2-ի դեպքերը մեզ խորհելու դեռ երկար տեղիք կտան: Մենք դեռ դասեր ունենք քաղելու, բայց կարող ենք նաեւ նոր էջից սկսել:

Պարտավոր ենք սկսել: Ողջ հասարակությունով:

Եվ այսօր, մինչեւ քվեարկությունը, եկեք մի պահ խորհենք հանրապետության Նախագահի խոսքերի շուրջ.

«Հիշե՛ք, որ մենք մեծ գործ ունենք անելու, հիշե՛ք, որ մենք պաշտպանելու եւ արարելու՛ առաքելություն ունենք:

Հիշե՛նք սա եւ ի լուր աշխարհի մեկ անգամ եւս կրկնենք.

- մենք մարդկանց յուրայինների եւ օտարների չե՛նք բաժանում,

- մենք ջրբաժաններ չե՛նք գծում, մենք ատելություն չե՛նք տարածում եւ «մեզ ոչ ոքից չենք գերադասում»:

Բայց մենք լավ գիտենք, որ եկել է ազգային ներուժը ջլատող պառակտումներից վեր կանգնելու ժամանակը: Մենք շատ երկար ճանապարհ ենք անցել ներկային հասնելու համար, մենք շատ զրկանքներ ենք տարել ու փորձություններով անցել այսօրն ունենալու համար: Եկել է մեր վաղը մեր այսօրվա վրա կառուցելու ժամանակը»:

Եկեք հիշենք այս հորդորը եւ մեր քայլն անենք առ միասնականություն:

Համոզված եմ` սա ուժեղ կամքի եւ շիտակ մտքի դրսեւորման քայլ է:

Շնորհակալություն»:

Համաներման նախագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրեցին մի խումբ պատգամավորներ: Պատգամավոր  Ռաֆիկ Պետրոսյանը ողջունելով համաներում անցկացնելու վերաբերյալ ՀՀ  Նախագահի նախաձեռնությունը` նշեց, որ իրավական տեսանկյունից գրագետ կազմված նախաձեռնություն է եւ հաշվի են առնվել նաեւ քաղաքացիական համերաշխության հասնելու ուղիները: Պարոն Պետրոսյանը ներկայացրեց  իր առաջարկությունները:

Պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ հասարակությունը քննարկվող հարցը հիմնականում կապում է մարտյան իրադարձությունների եւ դրա առնչությամբ ազատազրկված քաղաքացիների հետ:  Պատգամավորի համոզմամբ, անհրաժեշտ է, որպեսզի նախագծում առանձին ներկայացվի այդ անձանց ցուցակը եւ նրանց բոլորի նկատմամբ կիրառվի  համաներում:  Ըստ Արմեն Մարտիրոսյանի` նման մոտեցումը կնպաստի հանդուրժողականության եւ միասնության ձեւավորմանը հասարակության մեջ:

Պատգամավոր Լարիսա Ալավերդյանը եւս ողջունելով համաներում անցկացնելու վերաբերյալ ՀՀ Նախագահի նախաձեռնությունը` առաջարկեց առավել մեղմ վերաբերմունք ցուցաբերել միայնակ մայրերին, բռնադատված անձանց ընտանիքների անդամներին, նաեւ այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր, ըստ պատգամավորի` ազատազրկված են կարծիքի արտահայտման համար: Նա առաջարկեց նաեւ նախագծում ներկայացնել մարտյան իրադարձությունների հետեւանքով ազատազրկված անձանց ցուցակը: 

Պատգամավոր Նաիրա  Զոհրաբյանը եւս ողջունելով համաներում անցկացնելու վերաբերյալ ՀՀ Նախագահի նախաձեռնությունը` նշեց, որ համաներումն անցկացվում է ոչ թե հանուն իշխանության, ոչ թե հանուն ընդդիմության, ոչ թե հանուն ԵԽԽՎ բանաձեւերի պահանջների կատարման, այլ հանուն  երկրի ապագայի: Ըստ տիկին Զոհրաբյանի` համաներում անցկացնելու վերաբերյալ ՀՀ Նախագահի նախաձեռնությունը  հնարավորություն կընձեռի հաղթահարել ստեղծված ներքաղաքական լարվածությունը եւ հիմք դնել քաղաքակիրթ երկխոսության: 
  
Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով, նախատեսվող համաներումն իր տեսակի մեջ աննախադեպ է, քանի որ կիրառվելու է 2000 քաղաքացու նկատմամբ, որոնցից 500-ը ազատություն կստանան: Այս ամենով հանդերձ` պարոն Դալլաքյանը կարծում է, որ նախագծում անհրաժեշտ է փոփոխություն կատարել եւ  ազատ արձակել մարտյան դեպքերի հետեւանքով ազատազրկված բոլոր անձանց:

Պատգամավոր Վարդան Բոստանջյանը եւս կարեւորելով ներկայացված առաջարկը, կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, որպեսզի ազատազրկված պատգամավորները եւս ազատություն ստանան: Նա պաշտպանեց Լարիսա Ալավերդյանի` միայնակ մայրերի նկատմամբ առավել գթասիրտ մոտեցում ցուցաբերելու առաջարկը:

Պատգամավոր Տիգրան Թորոսյանը նշեց, որ անկախ փոփոխություններից, պատգամավորները կողմ կքվեարկեն ներկայացված նախագծին, քանի որ հարյուրավոր մարդկանց ճակատագրերին է առնչվում: Անդրադառնալով մարտյան իրադարձություններին` պարոն Թորոսյանը կարծիք հայտնեց, թե ներկայացված նախագծում նշված դեպքերի վերաբերյալ հստակ ձեւակերպումները բացակայում են եւ նախանշված նպատակները չեն իրականանա եւ մարտյան դեպքերի էջը չի փակվի: Ըստ նրա` ի հայտ կգան նոր հարցադրումներ, որոնք կուղղվեն մարտյան դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին:

Պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը եւս նպատակահարմար է համարում մարտյան իրադարձություննների հետեւանքով ազատազրկված անձանց  առանձին ներկայացումը նախագծում: Ըստ նրա, պետք է կատարել որոշակի փոփոխություններ` առանձնացնել մարտյան իրադարձությունների մասնակից ազատազրկվածներին, համաներել հետախուզման մեջ գտնվող անձանց եւ այլն:

Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւս կարծում է, որ համաներումը պետք է տարածվի մարտյան իրադարձությունների հետեւանքով ազատազրկված բոլոր անձանց վրա: Ըստ նրա` ներկայացված նախագծով ազատություն կստանան այդ իրադարձություններին մասնակից ոչ բոլոր անձինք: Նա անդրադարձավ նաեւ պատգմավոր Խաչատուր Սուքիասյանի խնդրին:

Պատգամավոր Անահիտ Բախշյանը ողջունելի եւ մարդասիրական քայլ որակեց ՀՀ Նախագահի ներկայացրած համաներման վերաբերյալ նախագիծը, անդրադարձավ իրականացվող` իր կարծիքով` անարդար դատավարություններին եւ նկատեց, որ յուրաքանչյուր անարդար դատավարություն երկրում մեծացնում է դժգոհների թիվը: Տիկին Բախշյանը հույս հայտնեց, որ ՀՀ Նախագահը կընդունի իր ներկայացրած առաջարկները:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին` դրսեւորած կամքի համար եւ հույս հայտնեց, որ ներկայացված փաստաթուղթը  հասարակության մեջ կձեւավորի հանդուրժողության մթնոլորտ: Ըստ պարոն Մինասյանի` կարեւոր է, որպեսզի իրավական տեսանկյունից փաստաթուղթը լինի անխոցելի, առաջնորդվի օբյեկտիվ չափորոշիչներով, այսինքն, համաներումը տարածվի այն անձանց վրա, ովքեր հասարակության համար վտանգ չեն ներկայացնում: Պարոն Մինասյանը եւս ներկայացրեց առաջարկություններ:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց Անահիտ Բախշյանը: Նա նկատեց, որ ըստ էության խմբակցության պատգամավորները ներկայացրեցին իրենց տեսակետները, սակայն մեկ անգամ եւս խմբակցության անունից նշում են, որ ներկայացված նախագիծը չի նպաստելու իրենց բնորոշմամբ` քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը: Տիկին Բախշյանը մեկ անգամ եւս առաջարկեց հստակեցնել մարտյան իրադարձություններին առնչություն ունեցած անձանց ցուցակը եւ բոլորին ազատություն տալ: Ըստ խմբակցության, դա կլինի հասարակության մեջ երկխոսություն ծավալելու քայլերից  մեկը: 

  Ներկայացնելով «Օրինաց երկիր» խմբակցության տեսակետը` Հովհաննես Մարգարյանը  քաղաքական,  բարոյական ու մարդասիրական տեսանկյունից բարձր գնահատեց համաներման մասին ՀՀ նախագահի առաջարկը, ինչը նրա համոզմամբ` կմեղմի լարվածությունը եւ հանդուրժողականության լավ օրինակ կդառնա: Նրա գնահատմամբ`  բոլոր քաղաքական հարցերը պետք է քաղաքական ճանապարհով եւ հանդուրժողականության մթնոլորտում լուծվեն: Պարոն Մարգարյանը հիմնական զեկուցողին առաջարկեց կանանց, միայնակ մայրերին առնչվող, նախաքննական փուլում գտնվող գործերը նույնպես ներառել համաներման  ակտի մեջ: Նա տեղեկացրեց, որ «Օրինաց երկիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու ներկայացված փաստաթղթին:

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Արմեն Ռուստամյանը: Նրա գնահատմամբ` համաներման անհրաժեշտությունը ակնհայտ է. քաղաքական աննախադեպ  քայլ է կատարվում, որի առանցքային խնդիրներից մեկը մարտյան իրադարձությունների հետեւանքով ստեղծված լարվածությունը մեղմելն է. այդ քայլը պետք է ավելի շուտ կատարվեր: Պարոն Ռուստամյանն առաջարկեց 2-դ կետի Զ ենթակետը անվերապահորեն, առանց բացառության տարածել մարտյան իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց վրա: Նա իր գործընկերներին հորդորեց չխուսափել համաներման այս ակտը կապել Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման հետ: Նրա կարծիքով` այս փաստաթղթով երկխոսության ու հանդուրժողականության մթնոլորտ է ստեղծվում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը քննարկվող հարցի վերաբերյալ, ըստ Արամ Սաֆարյանի, միանշանակ դրական է, քանի որ ներկայացված է քաղաքական, իրավական ու մարդասիրական մի փաստաթուղթ, որը հանդուրժողականության ու հասարակական համերաշխության լավ օրինակ է: Այն ավելի լայն շրջանակներ է ընդգրկում, ավելի ընդհանրական բնույթ ունի, քան ներկայացնում են ոմանք` իբրեւ մարտյան իրադարձությունների արդյունքում ստեղծված իրավիճակը շտկելու քայլ: Այս փաստաթղթով կատարվում է նաեւ Եվրախորհրդի պահանջներից մեկը: Արամ Սաֆարյանը տեղեկացրեց, որ իր խմբակցությունը կողմ է քվեարկելու այս որոշմանը:

ՀՀԿ խմբակցությունը, ըստ Գալուստ Սահակյանի, լիովին կիսում է Ազգային ժողովի նախագահի ելույթում հնչած տեսակետը. դա նաեւ ամբողջ կուսակցության համոզմունքն է: Նա շեշտեց, որ համաներում հայտարարելու վերաբերյալ այս փաստաթուղթը նախորդներից տարբերվում է նրանով, որ այն հասարակական պահանջի արդյունք է: Փաստաթուղթը քաղաքական կամքի դրսեւորում է, բայց իր բնույթով իրավական է, որի հրամայականը ոչ թե «Եվրոպաներում» պետք է փնտրել, այլ պետք է ամրագրել, որ երկրի ղեկավարությունը հավատարիմ է ժողովրդավարական  սկզբունքներին: ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու այս փաստաթղթին:

Հիմնական զեկուցող Գեւորգ Դանիելյանի առաջարկի հաշվառումով Ազգային ժողովը  որոշում ընդունեց 30 րոպեով ընդմիջել նիստը` առաջարկները քննարկելու նպատակով:

Եզրափակիչ ելույթում ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ առաջարկների զգալի մասը ընդունվել է:

Ընդունվել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկը, որով  7-րդ հոդվածում առաջարկվում է պատժաչափի չկրած մասը կիսով չափ կրճատել  2-րդ կետում նշված անձանց նկատմամբ, որը վերաբերում է նաեւ 2008 թ. մարտի 1-2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց:

2-րդ հոդվածում կատարված փոփոխությամբ հավասարեցված են Հայաստանի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների ժամանակ զոհված անձանց ամուսիններին, զավակներին կամ ծնողներին եւ այդ գործողությունների մասնակիցներին տրված արտոնությունները:

 Այն հոդվածների շարքից, որոնց վրա համաներում չի տարածվում,  հանվեց քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածը:

15-րդ կետում կատարված փոփոխությամբ`  համաներման որոշումը կիրառվում է ոչ թե մինչեւ համաներման որոշումն ընդունելու նախորդ օրը, այլ մինչեւ 2009 թ. հունիսի 1-ը հաշմանդամ ճանաչվածների նկատմամբ:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի որոշումը ՀՀ նախագահի համար ընդունելի փոփոխություններով քվեարկության դրեց: Ազգային ժողովն այն ընդունեց 98 կողմ, 1 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով:

Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը:


19.06.2009
ՀՀ ԱԺ որոշումը «Համաներում հայտարարելու մասին»
Քննարկելով համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.   1. Պատժից ազատել`  1) առավելագույնը երեք տար...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am