Հունիսի 15-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց
«Հուշամատյան» իրավապաշտպան, պատմա-լուսավորչական եւ բարեգործական ընկերության վարչության անդամներին: Հանդիպմանը մասնակցեցին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանը, պատգամավորներ Գոհարիկ Ենոքյանը եւ Վիկտոր Դալլաքյանը:
Ողջունելով հյուրերին` Հայաստանի խորհրդարանի նախագահը նշեց, որ հունիսի 14-ին լրացավ 1949 թ. ստալինյան ռեժիմի կողմից բռնադատված հազարավոր հայ ընտանիքներին Ալթայի երկրամաս աքսորելու 60-ամյակը: Նա նշեց, որ 1955թ. ի վեր ԽՍՀՄ-ը փորձեց վերականգնել նրանց իրավունքները, իսկ 1994 թ. արդեն նորանկախ Հայաստանն ընդունեց օրենք, որով փորձեց որոշ արտոնություններ տրամադրել բռնադատվածներին: Հ. Աբրահամյանը հայտնեց իր հյուրերին, որ ստացել է նրանց նամակը եւ տեղյակ է բռնադատվածների համար նախատեսված արտոնությունների շուրջ ստեղծված իրավիճակից: Նա կարեւորեց այդ խնդրի շուրջ ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի, Գոհարիկ Ենոքյանի եւ Վարդան Բոստանջյանի օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն ուղարկվել է կառավարություն եւ ԱԺ
համապատասխան մշտական հանձնաժողով:
Անկաշկանդ քննարկման ընթացքում մասնակիցները հայտնեցին իրենց տեսակետները բռնադատվածների իրավունքների պաշտպանության խնդիրների շուրջ: Պրն. Աբրահամյանն առաջարկեց շարունակել այս խնդրի քննարկումը` դրանում ներգրավելով կառավարության եւ բռնադատվածների լիազոր ներկայացուցիչների: Նա շեշտեց, որ նման երկխոսության ճանապարհով հնարավոր կլինի ստեղծել հանրության եւ բռնադատվածների շահերին լավագույնս համապատասխանող օրինագիծ: