National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
03.06.2009
2008թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականը առողջապահության եւ սոցիալական ոլորտներում

Հունիսի 3-ին ՀՀ ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացվեց առողջապահության ոլորտի  2008 թ. ֆինանսավորման պատկերը եւ կատարողականը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը օրենսդիրներին ներկայացրեց ոլորտի ծախսերի կառուցվածքի ընդհանուր նկարագրությունը: Ըստ Ատոմ Ջանջուղազյանի` հաշվետու տարվա ընթացքում կառավարության պահուստային ‎ֆոնդից լրացուցիչ 294 մլն դրամ է հատկացվել առողջապահության ոլորտին, որը գրեթե ամբողջությամբ օգտագործվել է: Բժշկական ապրանքների, սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման ծախսերը կազմել են ավելի քան 4.7 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 95.2% կատարողական: Արտահիվանդանոցային ծառայությունների ձեռքբերմանը տրամադրվել է ավելի քան 18.6 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 99.9%-ով կատարում: Հիվանդանոցային ծառայությունների ծախսերի 38.3%-ը կամ ավելի քան 7.4 մլրդ դրամը կազմել են բժշկական, մոր եւ մանկան կենտրոնների, 36.1%-ը կամ շուրջ 7 մլրդ դրամը` մասնագիտացված հիվանդանոցային ծառայությունների, 25.6%-ը կամ ավելի քան 4.9 մլրդ դրամը` ընդհանուր բնույթի հիվանդանոցային ծառայությունների ծախսերը:

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշեց, որ 2008 թվականին առողջապահության ոլորտի ծախսերը կազմել են շուրջ 50 մլրդ դրամ` 91.9%-ով կատարելով ծրագիրը: Բաժնի ծախսերի 38.7%-ն ուղղվել է հիվանդանոցային ծառայությունների, 37.3%-ը` արտահիվանդանոցային ծառայությունների, 9.5%-ը` բժշկական ապրանքների, սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման, 8.9%-ը` այլ դասերին չպատկանող առողջապահական ծրագրերի եւ 5.6%-ը` հանրային առողջապահական ծառայությունների ֆինանսավորմանը: Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններ մատուցողների համար կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերման ծախսերը 100%-ով կատարվել են` կազմելով շուրջ 1 մլրդ դրամ, իսկ «Կենտրոնացված կարգով դեղորայքի ձեռքբերում» ծրագրին տրամադրվել է 1.7 մլրդ դրամ կամ նախատեսվածի 97.1%-ը: Ազգ‎աբնակչության պոլիկլինիկաներ հաճախումների թիվը 2008 թ.-ին կազմել է 10 մլն 600 հազար: Բյուջետային հատկացումների աճի 70 %-ը ուղվել է բուժանձնակազմի աշխատավարձի բարձրացմանը: 2008 թ.-ին պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բուժօգնության շրջանակներում փոխհատուցվել է 237 հազար 500 դեպք: 2008 թ.-ին հիվանդանոցային բուժօգնության մեկ հիվանդի մեկ օրվա արժեքը կազմել է 11 հազար 500 դրամ, որի 41%-ը բուժաշխատողների հաշվարկային աշխատավարձն է: Առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ «Բնակչության առողջության առաջնային պահպանման գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում հատկացվել է ավելի քան 7.9 մլրդ դրամ կամ ծրագրի 99.9%-ը: Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության գծով պետական պատվերի շրջանակներում հատկացվել է 946.1 մլն դրամ, որը 100%-ով ֆինանսավորվել է: Ծրագրի շրջանակներում նախածննդյան եւ հետծննդյան հսկողություն է իրականացվել շուրջ 42 հազար հղիների` նախորդ տարվա 40 հազարի դիմաց: Ծախսերի աճը 2007 թվականի համեմատ կազմել է 35.5%` պայմանավորված բուժանձնակազմի աշխատավարձի ավելացմամբ: Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների գծով պետական պատվերի ծախսերը կազմել են 2.6 մլրդ դրամ կամ նախատեսվածի 99.9%-ը, որի շրջանակներում իրականացվել է 3325 հետազոտություն: 2007 թ. նկատմամբ ծախսերն աճել են 22.8%-ով` պայմանավորված բուժօգնության դեպքերի եւ մեկ հիվանդի բուժման գնի ավելացմամբ: Զորակոչային եւ նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության եւ բժշկական օգնության գծով պետական պատվերի գծով 2008 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմել են շուրջ 2.2 մլրդ դրամ կամ նախատեսվածի 99.4%-ը: Ծախսերի աճը 2007 թվականի համեմատ կազմել է 33%` պայմանավորված բուժանձնակազմի աշխատավարձի ավելացմամբ: Ըստ Հարություն Քուշկյանի` տարվա ընթացքում հիվանդանոցային բուժօգնության շրջանակներում ծառայություններ է մատուցվել 237.5 հազար հիվանդի: Անհետաձգելի բժշկական օգնության գծով պետական պատվերի ծախսերը կազմել են շուրջ 2.3 մլրդ դրամ` ապահովելով 99.9% կատարողական եւ ավելացել է մեկ հիվանդի բուժման միջին ծախսը` 2007 թվականի 71.3 հազար դրամի փոխարեն կազմելով 72.2 հազար դրամ: Հոգեկան եւ նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության եւ խնամքի գծով պետական պատվերի ծախսերը կազմել են շուրջ 1.6 մլրդ դրամ` 100% կատարողականով: Հեմոդիալիզի անցկացման գծով պետական պատվերի ֆինանսավորմանը հատկացվել է շուրջ 1.1 մլրդ դրամ` 100%-ով ապահովելով ծրագրի կատարումը: «Երեխաներին բժշկական օգնության գծով պետական պատվեր» ծրագրին տրամադրվել է շուրջ 3 մլրդ դրամ` 100%-ով ապահովելով նախատեսվածը: 2008 թ.-ին անապահովության 36 եւ ավելի միավորներ ունեցող 86 նպաստառուի սրտի վիրահատություններ իրականացվել են պետական պատվերի շրջանակներում:

Հարություն Քուշկյանը նշեց, որ 2008 թ.-ի գործունեության արդյունքներով առողջապահության ոլորտում բյուջետային պարտքեր չեն գոյացել: Ըստ նախարարի` առողջապահության ոլորտում զարգացման շեշտը դրվել է բարեփոխումների խորացման եւ հետագա ընդլայնման վրա, ինչը կապահովի բժշկական օգնության իրական մատչելիություն եւ բարձր որակ:

Նույն օրը տեղի ունեցավ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը ներկայացրեցին ՀՀ 2008 թվականի պետական բյուջեից սոցիալական ոլորտին հատկացված ֆինանսական միջոցները եւ իրականացված ծրագրերի կատարողականները:

Ըստ հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի` 2008 թվականի պետական բյուջեի ծախսերի 26.2%-ն ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտին: Ոլորտին  հատկացումները կազմել են շուրջ 212.6 մլրդ դրամ՝ ապահովելով 99.4% կատարողական: Ավելի քան 1.1 մլրդ դրամ տրամադրվել է վատառողջության եւ անաշխատունակության խմբին` ապահովելով 99.5% կատարողական: Ընտանիքի անդամներ եւ զավակներ խմբի ծրագրերին հատկացվել է շուրջ 35.5 մլրդ դրամ` ապահովելով 99.5% կատարողական: Նշված գումարի զգալի մասը` 28.8 մլրդ դրամ, տրամադրվել է ընտանեկան նպաստի եւ միանվագ դրամական օգնության ֆինանսավորմանը, որը կազմել է նախատեսվածի 99.9%-ը եւ 2007 թվականի 111.5%-ը, ինչը պայմանավորված է նպաստի նվազագույն չափի բարձրացմամբ ու նպաստառու ընտանիքների անչափահաս երեխաներին տրվող հավելավճարների չափի ավելացմամբ: Պարոն Ջանջուղազյանը նշեց, որ սոցիալական պաշտպանությանը տրամադրվող օժանդակ ծառայությունների դասի ծախսերը կազմել են շուրջ 4.1 մլրդ դրամ` ապահովելով 90.9% կատարողական: Սոցիալական հատուկ արտոնությունների խմբում 2008 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմել են 4.2 մլրդ դրամ` ապահովելով ծրագրի 98.5% կատարողական: Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվել է 2.1 մլրդ դրամ դրամական օգնություն: լխավոր գանձապետը տեղեկացրեց, որ հաշվետու տարում պետական բյուջեից ժամանակավոր անաշխատունակության դեպքում նպաստի վճարը կազմել է 2.4 մլրդ դրամ, որն իրականացվել է նախատեսված ծավալով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը ներկայացրեց 2008 թ պետական բյուջեով նախատեսված աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության միջոցով ‎ֆինանսավորվող ծրագրերի հաշվետվությունը: Նա նշեց, որ հաշվետու տարում գործազրկության նպաստի չափն ավելացել է` 12 հազ. դրամից մինչեւ 15 հազ. դրամ, ավելացել է նաեւ գործազրկության նպաստ ստացող անձանց թիվը` նախորդ տարվա 13588-ի դիմաց կազմելով 16673 մարդ: «Բնակարանային ապահովում» խմբի ծրագրերին հատկացվել է ավելի քան 5.4 մլրդ դրամ` ապահովելով 99.9% կատարողական: Զոհված (մահացած) եւ առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովման եւ բնակարանային պայմանների բարելավման համար տրամադրվել է շուրջ 3 մլրդ դրամ կամ ծրագրի 100%-ը: Գյուղական բնակավայրերում անօթեւան մնացած ընտանիքների համար բնակարանային շինարարություն իրականացնելու համար տրամադրվել է շուրջ 790.5 մլն դրամ` կազմելով նախատեսվածի 99.3%-ը: Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի 19 գյուղական համայնքներում իրականացվել են 72 անհատական անավարտ բնակարանների ավարտման աշխատանքներ, իսկ Շիրակի մարզում կառուցվել է 21 բնակարան: Ըստ նախարարի` ՎՏԲ-Հայաստան ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների` նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծախսերը կազմել են 1.3 մլրդ դրամ կամ նախատեսվածի 99%-ը: 2007 թվականի համեմատ նշված ծախսերն ավելացել են 30.6%-ով: Այս գործընթացի շրջանակներում հաշվառված ավելի քան 62 հազար անձանցից վերջին երեք տարիներին փոխհատուցում է ստացել ավելի քան 18 հազարը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը տեղեկացրեց, որ սոցիալական աջակցության բնագավառում 2008 թվականի ընթացքում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 165394 ընտանիքներից ընտանեկան նպաստ է ստացել ամսական, միջին հաշվով, 121160-ը կամ հաշվառվածների շուրջ 73.25%-ը, իսկ հրատապ օգնություն` շուրջ 10010 ընտանիք կամ հաշվառվածների 6.1%-ը, նպաստի միջին չափը կազմել է 21100 դրամ: Ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքներին միանվագ դրամական օգնություն է տրվել երեխայի ծննդյան կապակցությամբ` 2972 ընտանիքի, երրորդ եւ հաջորդ երեխաների համար` 4306 ընտանիքի, երեխայի առաջին դասարան ընդունվելու կապակցությամբ` 9390 ընտանիքի, ընտանիքի անդամի մահվան դեպքում` 188 ընտանիքի: Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է տրվել 38303 ընտանիքի, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ` 4488 ընտանիքի, Հայաստանի զոհված ազգային հերոսի ընտանիքի նպաստ` 8 ընտանիքի:

«ՀՀ 2008 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում կշարունակվեն հունիսի 4-ին:


03.06.2009
Թափուր պաշտոնների համար նախատեսվում է բաց մրցույթ
Հունիսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` Դավիթ Հարությունյանի նախագահությամբ: Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հեղինակած «ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում ...

03.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Հայաստանում մշտապես զգացել են Նիդեռլանդների բարյացակամությունը եւ օժանդակությունը»
Հունիսի 3-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ եւ լիազոր դեսպան Օննո Էլդերենբոշին (նստավայրը` Թբիլիսի)` իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դեսպան Էլդերենբ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am