National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.5.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
29.05.2009
ԱԺ մշտական հանձնաժողովները քննարկում են «ՀՀ 2008թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվությունը

Մայիսի 29-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի նախագահությամբ եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետի, պատգամավորների ու կառավարության անդամների մասնակցությամբ,  մեկնարկեցին «Հայաստանի Հանրապետության 2008 թ. պետական բյուջեի կատարման» տարեկան հաշվետվության քննարկումները: Մեկ շաբաթվա ընթացքում խորհրդարանականները հնարավորություն կունենան անդրադառնալ բյուջեի կատարողականին ըստ ոլորտների: Իսկ մեկնարկային նիստում նախ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ 2008 թ.-ի առանձնահատկություններին, ապա ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային ծախսերի կառուցվածքն ու քաղաքականությունը: 
 
Վարչապետ Տիգրան Սարգսյանը  2008 թ.-ը բնորոշեց որպես  բարդ մակրոմիջավայրում ընթացող տարի: Դա պայմանավորված էր, ըստ վարչապետի, 2008 թ. կայացած ընտրություններով, երբ նախընտրական եւ հետընտրական սպասումներն անդրադարձան տնտեսավարողների վարքագծի  եւ բյուջեի կատարման վրա:  Որպես մակրոտնտեսական միջավայրի ձեւավորման գործոն բանախոսը նշեց  նաեւ հարեւան Վրաստանում նախորդ տարի  ծավալված  ռազմական գործողությունները` նշելով, որ մեր երկրի ապրանքաշրջանառության 2/3-րդն իրականացվում է Վրաստանի տարածքով եւ նշված իրադարձությունները բացասաբար են անդրադարձել երկրի տնտեսության վրա: Որպես երրորդ եւ ամենակարեւոր առանձնահատկություն վարչապետը նշեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որը, չնայած տնտեսական շուկային Հայաստանի ինտեգրվածության ցածր մակարդակին, առանց ազդեցության չթողեց  նաեւ մեր տնտեսությունը: Մասնավորապես նվազեցին մասնավոր տրանսֆերտները, գլոբալ տնտեսական աճի տեմպերը դանդաղեցին, համաշխարհային շուկայում  նվազեցին հումքային ապրանքների գները, ինչպես նաեւ արտահանման ծավալները կրճատվեցին եւ ուղղակի ներդրումները պակասեցին: Եթե գործադրված ջանքերի արդյունքում հնարավոր է եղել չեզոքացնել առաջին երկու գործոնների ազդեցությունը, համաշխարհային ճգնաժամն արդեն տարեվերջին Հայաստանում դարձել է նկատելի, ինչի հետեւանքով էլ արձանագրվել է 6,8 տոկոս տնտեսական աճ` բյուջեով նախատեսված ցուցանիշին զիջելով 3,2 տոկոսով եւ նախորդ տարվա համանուն ցուցանիշին` 7 տոկոսով: նաճի ցուցանիշը, վարչապետի տեղեկացմամբ, կազմել է 5,2 տոկոս` չգերազանցելով  սահմանված 4 տոկոսը` 1,5 տոկոս տատանման միջակայքով: Նույնիսկ այս պայմաններում գործադիրին հաշվետու  տարվա ընթացքում հաջողվել է պահպանել հարկերի եւ ՀՆԱ-ի հարաբերակցության հայտարարված` 17 տոկոս մակարդակը: Սրա արդյունքում բյուջեն հարկերի ու տուրքերի գծով համալրվել է 621 մլրդ. դրամով, որը 24 մլրդ.-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Եկամուտների հավաքագրման բարձր տեմպերը կառավարությանը հնարավորություն են ընձեռել իրականացնել ոչ միայն խորհրդարանում հաստատված ծախսային ծրագրերը, այլ նաեւ նոր ծրագրեր:  2008 թ.-ի բյուջեն կատարվել է 25 մլրդ. դրամ պակասուրդով:  Վարչապետն ընդգծեց, որ շուրջ 16,7 տոկոսով ավելացել է բյուջեի եկամուտների բացարձակ մեծությունը, ինչպես նաեւ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության մեջ 0,3 տոկոսով բարելավվել  հարկերի մասնաբաժինը: Թվային արտահայտությամբ` 2007 թ.-ի համեմատությամբ հաշվետու տարում հավաքագրվել է 112 մլրդ. դրամով ավելի   գումար: Տիգրան Սարգսյանը նաեւ նկատեց, որ 2008 թ.-ի բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքեր կուտակելու:

Վարչապետն իր ելույթում անդրադարձավ նաեւ պատգամավորներին եւ  հանրությանը հետաքրքրող հարցերի` խոսելով հատկապես կառավարության հակաճգնաժամային ծրագրերից: Հիշեցնելով, որ վարչապետի գլխավորությամբ գործում է օպերատիվ շտաբ` նա նշեց, որ երկու տասնյակից ավելի ձեռնարկություններ արդեն օգտվել են պետության օժանդակությունից: Կառավարությունը 9 մլրդ. դրամ է հատկացրել աղետի գոտում բնակարանաշինության համար: 17 մլն. դոլարի վարկ է տրամադրել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին` ընթացիկ խնդիրների լուծման նպատակով, որն արդեն վերադարձվել է պետական բյուջե: Խոսելով  աջակցության նոր ծրագրերի մասին` վարչապետն առաջնահերթ համարեց փոքր եւ միջին բիզնեսի ոլորտին օժանդակությունը: Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում  փոքր եւ միջին բիզնեսի ոլորտին նախատեսվում է տրամադրել 100 մլն. դոլարի վարկ: Կառավարությունն այս ընթացքում բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության, Համաշխարհային Բանկի եւ Արժույթի Միջազգային Հիմնադրամի, Ասիական զարգացման եւ վերակառուցման բանկի հետ եւ համաձայնություն ձեռք բերել 2009 թ. ընթացում լրացուցիչ 300 մլրդ. վարկային միջոցներ ներգրավելու մասին:  Այս մասին առաջարկները կառավարությունը առաջիկայում կներկայացնի խորհրդարան:

Վարչապետը նաեւ անդրադարձավ խորհրդարանի քննարկմանը ներկայացված հարկային փաթեթին` նկատելով, որ դրա նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէր նաեւ իրենց թիմում:  Վարչապետը տեղեկացրեց, որ հարկային փաթեթը գտնվում է վերանայման փուլում` հաշվի առնելով պատգամավորների առաջարկությունները: Վարչապետը նաեւ փոխանցեց, որ հանրապետության Նախագահն աննախադեպ քայլի է դիմելու` 2009-2010 թթ.-ին փոքր եւ միջին բիզնեսն ազատելով տեսչական բոլոր 22 մարմինների ստուգումներից:  Սա` տնտեսական պայմանները բարելավելու նպատակով եւ որպես հակաճգնաժամային միջոցառում: 

  Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած թվային ցուցանիշների համաձայն` ՀՆԱ-ն հաշվետու տարում կազմել է 3,65 մլրդ. դրամ, մեկ շնչի համար`1 մլն. 128 հազ. դրամ: 6,8 տոկոս տնտեսական աճի 0,4 տոկոսն ապահովել են արդյունաբերության, 0,2 տոկոսը` գյուղատնտեսության, 1,8 տոկոսը` շինարարության ոլորտները եւ 2,9 տոկոսը` ծառայությունները: Միջին աշխատավարձը  2007 թ.-ի նկատմամբ աճել է 17,4 տոկոսով: Բյուջեի պակասուրդը կազմել է ՀՆԱ-ի 0,7 տոկոսը: Միջին փոխարժեքը ԱՄՆ մեկ դոլարի նկատմամբ կազմել է 305,97 դրամ: Բյուջեի ծախսերը կազմել են 810 մլրդ. դրամ, նախատեսված 860 մլրդ-ի փոխարեն: լխավոր գանձապետը նկատեց, որ ներքին եկամուտներով ֆինանսավորվող ծախսերը հիմնականում կատարվել են:  Թերի են կատարվել արտաքին ֆինանսական միջոցներով ծախսային ծրագրերը: Առանց վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի` ծախսերի կատարողականը կազմել է 97,7 տոկոս:

Բյուջեի հաշվետվության վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացությունը ներկայացրեց ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը: ԿԲ-ն նույնպես արձանագրել է, որ վերջին եռամսյակում նկատվել է տնտեսական աճի տեմպերի կտրուկ անկում`պայմանավորված  ֆինանսական Ճգնաժամի ազդեցությամբ: ԿԲ-ի ներկայացուցիչը դրական գնահատեց  ՀՆԱ-ում հարկերի 17 տոկոսանոց  ցուցանիշը` այն համահունչ համարելով Աղքատության հաղթահարման  եւ միջին ժամկետ ծախսային ծրագրերի նպատակային ցուցանիշներին: Վաչե աբրիելյանն ընդգծեց նաեւ հարկերի հավաքագրման բարձր մակարդակը: ԿԲ-ի դիտարկմամբ` կառավարությունը ընթացիկ տարում մեծ ուշադրություն է հատկացրել  գնաճի զսպմանը եւ ծախսերի ուղղությամբ տնտեսումներով եւ հարկային եկամուտների գերակատարումներով համալրել ՀՀ գանձապետարանի միջոցները: Արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի  ցածր կատարողականը արձանագրել է նաեւ ԿԲ-ն`  ծախսային հոդվածների կատարման շեղումը  բացատրելով դրանով: ԿԲ գնահատականով` 2008 թ. բնութագրվում է հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության արդյունավետ իրականացմամբ: Եկամտային եւ ծախսային քաղաքականությամբ կառավարությունը սպառողական շուկայում գների աճի ուղղությամբ լրացուցիչ ճնշումներ, ԿԲ եզրակացության համաձայն, չի առաջացրել:

Հաշվետվության վերաբերյալ եզրակացություն ներկայացրեց նաեւ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա  նկատեց, որ գործադիրի ներկայացրած ցուցանիշների հետ իրենք հիմնականում համաձայն են: Փոխարենը ՎՊ նախագահն անելիքներ է տեսնում գնումների գործընթացը կազմակերպելու ուղղությամբ: Բյուջետային միջոցների զգալի մասը` 43 տոկոսը եւ 348 մլրդ. դրամը, հաշվետու տարում ծախսվել է գնումների ընթացակարգով: ՎՊ նախագահի դիտարկմամբ` աշխատանքների սխալ կազմակերպման արդյուքնում հսկայական  պետական միջոցներ են վատնվել: Մասնավորապես ՎՊ նախագահը նշեց ապրանքների  կամ ծառայությունների` շուկայական գների եւ մրցույթի արդյունքում  ձեւավորված գների միջեւ մեծ տարբերությունը: Իշխան Զաքարյանը անթույլատրելի համարեց նաեւ միջնորդավորված գնումների նախադեպերը, որոնք ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, այլ նաեւ  վնասում  պետական բյուջեին: ՎՊ նախագահն իր ելույթում չհիմնավորված համարեց մրցույթի արդյունքում  որոշ ընկերությունների հաղթող ճանաչելու մոտեցումը, երբ նրանք դեռ չեն կատարել նախկին պարտավորությունները  կամ էլ` որոշների արտոնյալ կարգավիճակը: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահն այս առիթով նկատեց, որ կառավարությունը նախաձեռնել է եւ շուտով խորհրդարան կներկայացնի գնումների գործընթացը վերանայելու եւ բարելավելու օրենսդրական առաջարկ: Վերահսկիչ պալատի նախագահը կառավարության ուշադրությունը հրավիրեց նաեւ միջազգային համաձայնագրերի շրջանակներում տրամադրված բոլոր բյուջետային միջոցների շրջանառումը գանձապետական միասնական հաշվով կատարելու անհրաժեշտության վրա` հաշվի առնելով այդ միջոցների նկատմամբ վերահսկողության թույլ մեխանիզմները:

ԿԲ նախագահի տեղակալը նիստի վերջում ներկայացրեց օրակարգային վերջին` ԿԲ-ի 2008 թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների մասին հաշվետվություն: ԿԲ ապարատի պահպանման համար հաշվետու տարում նախատեսված է եղել 3,8 մլրդ. դրամի ծախս: Այն կատարվել է 96 տոկոսով:

Նույն օրը Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի ու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց  «ՀՀ 2008 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ոլորտների վերաբերյալ: Նշված ոլորտներին բյուջեով նախատեսված հատկացումների եւ ծախսերի ընդհանուր ցուցանիշների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը առավել հանգամանալից ներկայացրին համապատասխան ոլորտների ֆինանսավորման եւ  ծախսերի առկա վիճակը:

2008 թ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համար նախատեսված 5,371 մլրդ դրամից ծախսվել է 5,275 մլրդ դրամը: Հայաստանի փրկարար ծառայության համակարգի ստորաբաժանումների պահպանման նպատակով ծախսվել է 3.2 մլրդ դրամ կամ կատարվել է ծրագրի 97.8%-ը:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ֆինանսավորման համար նախատեսվել է 33 մլրդ դրամ, որից ծախսվել է 31,5 մլրդ դրամը: Հասարակական կարգի պահպանության ապահովման համար նախատեսված շուրջ 20.8 մլրդ դրամ ծախսերն ամբողջությամբ կատարվել են. 2007 թ.-ի համեմատ դրանք աճել են 12%-ով կամ 2.2 մլրդ դրամով` պայմանավորված աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների ավելացմամբ: Քննարկվեցին նաեւ ոստիկանության ոլորտում իրականացված 6 ծրագրերի ֆինանսավորման ու կատարված ծախսերի նպատակային օգտագործման ցուցանիշները: Բոլոր ծրագրերի ֆինանսավորումը հաշվետու տարում կատարվել է ամբողջությամբ:

Ազգային անվտանգության բնագավառին 2008 թ. ընթացքում հատկացվել է 12.6 մլրդ դրամ կամ ծրագրի 99.9%-ը: 2007 թվականի համեմատ ազգային անվտանգության ծախսերն ավելացել են 9.6%-ով կամ 1.1 մլրդ դրամով: Քննարկվեցին նաեւ առանձին ոլորտների հատկացումները,  կատարված ընթացիկ եւ կապիտալ ծախսերը:

Պաշտպանության ոլորտին  վերաբերող «ՀՀ 2008 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումներն անցան դռնփակ:


29.05.2009
Հանդիպում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում
Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին եւ փոխդեսպան Մելանի Մոլթմանին` նրանց խնդրանքով:Ողջուն...

29.05.2009
Կին դիվանագետները` խորհրդարանում
Մայիսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված կին դիվանագետների եւ Դիվանագետների կանանց ասոցիացիայի անդամների հետ, որի նախագահն է Նատալյա Նալբանդյանը:ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը ողջունեց հյուրերին եւ նրանց փոխանցեց ԱԺ նախագահ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am