National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.5.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
15.05.2009
Գումարվեցին ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը

Մայիսի 15-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, Արմեն Ռուստամյանի նախագահությամբ, քննարկեց միջազգային 1 պայմանագիր:

Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արամ Թանանյանը ներկայացրեց 2008 թվականի դեկտեմբերի 8-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Շվեյցարիայի Համադաշնության կառավարության միջեւ արտակարգ իրավիճակների ժամանակ համագործակցության մասին» համաձայնագիրը: Նշվեց, որ ներկայացված համաձայնագիրը կապահովի Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ համագործակցությունը արտակարգ իրավիճակների ժամանակ աջակցության տրամադրման բնագավառում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը գտնվում է բնական եւ տեխնածին աղետների բազմաթիվ ռիսկերի գոտում ու գնահատելով արտակարգ իրավիճակների ժամանակ միջազգային հանրության օգնության դերը, Արամ Թանանյանը կարեւորեց համաձայնագրի վավերացումը: Նշվեց, համաձայնագրի վավերացումը կարեւոր է երկրի անվտանգությունը եւ տնտեսական կայունությունն ապահովելու նպատակով արտակարգ իրավիճակներին հակազդելու պատրաստ համակարգ ունենալու եւ միջազգային համագործակցությունն ամրապնդելու, զարգացնելու, զարգացած երկրների փորձը հանրապետությունում ներդնելու տեսանկյունից նույնպես: Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալը տեղեկացրեց, որ նման համաձայնագրեր Հայաստանը կնքել է Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Վրաստանի եւ այլ երկրների հետ: 
                 
Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 15-ի հերթական նիստում հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ երկրորդ ընթերցման ներկայացված «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
 
Հիմնական զեկուցող, ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը տեղեկացրեց, որ օրինագիծը նպատակ ունի կարգավորել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության եւ օգտագործման գործընթացներում ծագող իրավահարաբերությունները, մշակույթի ոլորտում միջազգային համագործակցության, ՀՀ եւ այլ պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցման խնդիրները, ինչպես նաեւ սահմանում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները: Պարոն Գյուրջյանը տեղեկացրեց, որ ստացված բազմաթիվ առաջարկությունների մեծ մասն ընդունվել է, արդյունքում ներկայացվել է բավականին վերափոխված տարբերակ: Օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Արմեն Աշոտյանը քննարկման ներկայացրեց «Գիտական եւ գիտատեխնիկական  գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հստակություն մտցնել ՀՀ ԳԱԱ իսկական եւ թղթակից անդամներին տրվող պատվո վճարների հատկացման հարցում: Քննարկումից պարզ դարձավ, որ որոշ հարցեր պարզաբանման կարիք ունեն, ուստի հիմնական զեկուցող Արմեն Աշոտյանի առաջարկությամբ օրինագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ 15 օրով:

Հեղինակների առաջարկով մինչեւ 90 օրով հետաձգվեց մի շարք օրինագծերի քննարկումը:
 
Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` Հակոբ Հակոբյանի նախագահությամբ:
 
Հանձնաժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց համահեղինակ Հակոբ Հակոբյանը: Նա նշեց, որ նախագծով առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է կենսաապահովման նվազագույն զամբյուղի կազմը եւ կառուցվածքը սահմանելու ժամկետների հստակեցմամբ:

Քննարկված օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացի ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց համահեղինակ Հակոբ Հակոբյանը: Նա նշեց, որ նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի համապատասխանեցնել գործող օրենքի դրույթներն աշխատանքային օրենսգրքի դրույթների հետ: Հեղինակներն առաջարկում են գործող օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Կազմակերպության անվճարունակության (սնանկացման), ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով լուծարման դեպքերում չվճարված աշխատավարձերը վճարվում են օրենքով սահմանված կարգով»: Իսկ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը հետեւյալ փոփոխությամբ. «Գիշերային եւ արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար սահմանվում է հավելում`  ժամային դրույքաչափի մեկուկես անգամից ոչ պակաս չափով: Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչեւ 6-ը»: Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը առաջարկվում է շարադրել այսպես. «Ոչ աշխատողի մեղքով պարապուրդի մեկ ժամի  համար վարձատրության նվազագույն դրույքաչափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:

Կառավարության ներկայացուցիչ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանն ասաց, որ կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը, քանի որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ապրիլի 3-րդ տասնօրյակում կառավարության քննարկմանը պետք է ներկայացնի «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ Արայիկ Պետրոսյանի` նշված նախագծում իրացվելու են «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքի դրույթները, որոնցով պայմանավորված` նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքը:

Քննարկված օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը: Պարոն Բերիկյանը նշեց, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի փոփոխությունները կկարգավորեն Հանրապետությունում որդեգրման գործընթացի ամբողջական պատկերի ներկայացման, տեղեկատվական հոսքերի կենտրոնացման, կանոնակարգման, կառավարման եւ վերահսկման գործընթացները եւ հնարավորություն կընձեռեն սահմանելու երեխային խնամատար ընտանիքում տեղավորելու մեխանիզմները, ինչպես նաեւ կհստակեցվի դատարանի վճիռները համապատասխան մարմին ուղարկելու պարտականությունները կրող մարմինը:
Քննարկված օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կըդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակային համակարգում անհատական հաշվառման մասին» օրինագծերը:

Քննարկված օրինագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Տեղի ունեցավ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ:

ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ  կառավարության հեղինակած օրինագիծը, որը լրացվել է կառավարության հետեւյալ առաջարկով. «Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` տասը տարվա ընթացքում, համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողերը համայնքների ղեկավարների կողմից կարող են օտարվել, ինչպես նաեւ անհատույց/ մշտական/ օգտագործման, վարձակալության եւ կառուցապատման իրավունքով տրամադրվել` ՀՀ կառավարության սահմանած կարգով»:

Քննարկման արդյունքում օրինագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը եւ կընդգրկվի առաջիկա ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը` Գագիկ Մինասյանի նախագահությամբ,   քննության առավ եւ դրական եզրակացությամբ երաշխավորեց առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկել  ՀՀ վերահսկիչ պալատի 2008 թ. տարեկան հաշվետվությունը:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը այս հաշվետվությունն առանձնացրեց  իր թափանցիկությամբ` նկատելով, որ այն ներկայացվում է նոր տեսքով եւ ձեւաչափով: Ուսումնասիրությունները կատարվել են երեք հիմնական ուղղություններով` բյուջետային կազմակերպություններում, տեղական ինքնակառավարման եւ տարածքային մարմիններում, որտեղ շրջանառվում են թե բյուջետային եւ թե սեփական միջոցներ, եւ վարկային ծրագրերի իրականացման դաշտում: Հաշվետու տարվա ընթացքում իրականացված վերահսկողության արդյունքում  հայտնաբերվել է 8 մլրդ. դրամի խախտում, որից վերականգնման ենթակա է գնահատվել շուրջ 6 մլրդ. դրամը: ՎՊ նախագահը տեղեկացրեց, որ 1,5 մլրդ.-ի ֆինանսական միջոցներն արդեն վերականգնվել են, իսկ 4 մլրդ.-ը վերականգնվել է  աշխատանքով: Սա ընդամենը բյուջեի  4 տոկոսն ուսումնասիրելու պարագայում: ՎՊ-ն 9 դեպքի առնչությամբ դիմել է դատախազությանը. հարուցվել է քրեական 6 գործ:  Վարկային ծրագրերը դիտարկվել  եւ գնահատվել է  երեք`  ֆինանսական,  արդյունավետության եւ շեղումների տեսանկյունից:  Իշխան Զաքարյանի գնահատմամբ` հատկապես տարածված է վարկային միջոցների անարդյունավետ օգտագործման երեւույթը: Վերահսկիչ պալատն ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփել է 22 առաջարկություններում, որոնք փոխանցել է կառավարությանը: ործադիրն ընդունել է 21-ը եւ հնարավոր համարել դրանք կյանքի կոչել նաեւ օրենսդրական լուծումներով:  Թե հանձնաժողովի նախագահ ագիկ Մինասյանը եւ թե անդամները բարձր գնահատեցին պալատի կատարած աշխատանքը եւ մասնավորեպես 2008 թ.-ի հաշվետվությունը: Հանձնաժողովի նախագահը նկատեց, որ առաջին անգամ են ստանում այս որակի հաշվետվություն,  որի հաջողությանը մեծապես նպաստել են կատարված   բարեփոխումները:  Իշխան Զաքարյանը վստահեցրեց, որ առաջիկա տարիների համար առավել բարձր մակարդակի փաստաթղթեր են ներկայացնելու, արդեն իսկ պայմանավորվածություններ ունեն  մի շարք ստուգումներ եվրոպացի փորձառու գործընկերների հետ համատեղ անցկացնելու մասին: Հանձնաժողովը որոշեց նաեւ Վերահսկիչ պալատի նախագահին հաշետվությունը հատուկ կարգով ներկայացնելու հնարավորություն ընձեռել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ներկայացված` «Ֆիրմային անվանումների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթին: Այն, էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանի խոսքերով, ուղղված է բիզնես միջավայրը բարելավելուն եւ առաջին ընթերցումից հետո փոփոխությունների չի ենթարկվել:

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի  մշտական հանձնաժողովը` Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ,   հավանության արժանացրեց օրակարգում ընդգրկված երկու  նախագծերը:
 
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկելու համար խորհրդարան էր եկել գյուղատնտեսության նորանշանակ նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նա ներկայացրեց  փոփոխությունների ենթարկված դրույթները, որոնց վերաբերյալ նոր առաջարկներ չեն ստացվել:

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  նախագիծը ներկայացրեց համահեղինակ Սուքիաս Ավետիսյանը: Պատգամավորներն առաջարկում են  սահմանամերձ, լեռնային, երկրաշարժից տուժած եւ լքված բնակավայրերի, ինչպես նաեւ զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների եւ այլ ընտանիքներին սեփականության իրավունքով անհատույց հողամասեր հատկացնել` առանց ժամկետային սահմանափակման: ործող օրենքով նշված խմբերի համար, որոնք նախկինում չեն օգտվել սեփականաշնորհման իրավունքից, նախատեսված է ժամկետ` մինչեւ  2007 թ. հունիսի 30-ը: Նախագիծը կառաջարկվի ընդունել երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ:
  
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես  Հունանյանը: Նա նշեց, որ այս օրենքի ընդունումով հնարավորություն կստեղծվի ՀՀ կառավարության որոշումով սահմանված աճուրդին մասնակցելու համար վճարման ենթակա նախավճարի չափը տվյալ համարանիշերի մեկնարկային գնի 5%-ից բարձրացնել մինչեւ մեկնարկային գնի չափ, ինչի արդյունքում կնվազեն սակարկությունների ընթացքում հաղթած մասնակիցների կողմից համարանիշերը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքերը:
 
Խնդիրը պայմանավորված է նրանով, որ գործող կառավարության որոշման ներկայիս խմբագրության պայմաններում մասնակիցները հնարավորություն ունեն աճուրդի ընթացքում չարաշահելու իրենց իրավունքները՝ անվերջ բարձրացնելով համարանիշերի գինը, այնուհետեւ չնչին գունար կորցնելով՝ հրաժարվել  ձեռքբերումից՝ դրանով իսկ զրկելով այլ մասնակիցներին` տվյալ համարանիշերը գնելու հնարավորությունից:
 
ԱԺ պատգամավոր Ռոբերտ Թովմասյանը ներկայացրեց իր եւ մի խումբ պատգամավորների հեղինակած «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Նա նշեց, որ գործող օրենքով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեության հաստատագրված վճարի չափի հաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում գազալցման  կայանում տեղակայված գազալցման (գազալիցքավորման) խողովակների քանակը: Դա պարտադրում է տնտեսավարողներին գազալցման  խողովակների քանակը հասցնել նվազագույնի, ինչը զգալի անհարմարավետություն է ստեղծում սպառողների համար:

Սույն փոփոխությունը պայմանավորված է գազալցման կայանների շահագործման պարզեցման եւ ծառայությունների մատուցման հարմարավետության անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ թույլ կտա հաստատագրված վճարի ամսական չափի հաշվարկումը պայմանավորել տնտեսավարողի տնտեսական գործունեությամբ:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը տեղեկացրեց, որ կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ այս նախաձեռնությանը, եթե մինչեւ երկրորդ ընթերցում կարողանան մեխանիզմներ գտնել վերահսկողություն իրականացնելու համար:

Պարոն Կարայանը ներկայացրեց նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Նրա գնահատմամբ` «Ակցիզային հարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունը  պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի մասով հարկային մարմինների կողմից իրականացվող հսկողության ուժեղացման անհրաժեշտությամբ: Հարկային վարչաչարության տեսանկյունից ավելի նպատակահարմար է հսկողությունը իրականացնել արտադրողների եւ ներմուծողների մոտ, քան վերահսկել սպառողական շուկան:
 
Գործող օրենքի պայմաններում որպես հումք ձեռք բերվող ապրանքների մասով ակցիզային հարկի հաշվանցումների համար կիրառվում են հաշվարկային փաստաթղթեր, որոնք միաժամանակ հանդիսանում են հարկային հաշիվներ:
 
Այդպիսի հաշվարկային փաստաթղթեր դուրս գրողը ներկայացնում է հաշվետվություն հաշվարկային փաստաթղթերի ձեւերի օգտագործման վերաբերյալ,  միաժամանակ ներկայացնում է տեղեկություններ այդպիսի փաստաթղթերի (հարկային հաշիվների) վերաբերյալ:
 
Նա տեղեկացրեց, որ մի շարք ապրանքների պահպանման, հարկ վճարողի մանրածախ առեւտրի կամ ակցիզային պահեստ տեղափոխման դեպքերում կկիրառվի «ակցիզային պահեստ» ռեժիմը եւ շրջանառությունից կհանվեն ակցիզային հարկի հաշվանցումների համար հիմք հանդիսացող հաշվարկային փաստաթղթերը:

«Հարկերի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների  նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողների մոտ ընթացիկ հարկային հսկողության իրականացման նպատակով հարկային մարմնի ներկայացուցչի ինստիտուտի ներդրումը, որի շնորհիվ հարկային մարմիններին հնարավորություն է  տրվելու առավել արդյունավետ հարկային վարչարարություն եւ հսկողություն իրականացնել հարկման առումով բարձր ռիսկային ոլորտների եւ խոշոր հարկ վճարողների նկատմամբ, ինչպես նաեւ կանոնակարգել հարկ վճարողների կողմից փաստաթղթերով չհիմնավորված փաստացի կատարված ձեռքբերումների մասով հարկային պարտավորությունների հաշվարկման հետ կապված հարցերը: Հարկային մարմնի ղեկավարին իրավունք է վերապահվում հարկ վճարողի մոտ նշանակել հարկային մարմնի ներկայացուցիչ. նախագծով հստակ սահմանված են հարկային մարմնի ներկայացուցչի լիազորությունները,  իրավունքներն ու պարտականությունները:

«Շահութահարկի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ ակնկալվում է, որ հստակեցվելու է փաստաթղթով չհիմնավորված փաստացի կատարված ծախսերի մասով իրատեսական հարկային պարտավորությունների հաշվարկման գործընթացը, իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում կատարվող լրացումներով ու փոփոխություններով կիրառության մեջ են դրվելու որոշակի պաշտպանվածություն ունեցող հարկային հաշիվներ, ուժը կորցրած են համարվելու պարարտանյութերի եւ թունաքիմիկատների իրացման մասով արտոնությունը, կրճատվելու է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների ծավալը: Նաեւ էլեկտրոնային հարկային հաշիվներ դուրս գրելու հնարավորություն է ստեղծված:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը  քննարկված երեք օրինագծերի վերաբերյալ էլ դրական եզրակացություն ներկայացրեց` նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» (նախագծերի փաթեթ), «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ մաքսային  օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (նախագծերի փաթեթ) եւ «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի մասին» օրինագծերի վերաբերյալ:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով մինչեւ 30 օրով հետաձգեց «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», մինչեւ 60 օրով` «Աղետի գոտու վերականգնման 1989-2007 թթ. աշխատանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին», մինչեւ 90 օրով` «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի քննարկումը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում  Իշխան Խաչատրյանի  նախագահությամբ քննարկվեց «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց օրինագծի համահեղինակ Հովհաննես Մարգարյանը: Նա տեղեկացրեց, որ Արմավիրի մարզպետի կողմից ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման եվ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին հասցեագրված երկու գրություններով ներկայացվել է, որ ՀՀ Արմավիրի մարզի մի խումբ բնակիչներ չեն կարողանում  կատարել ՀՀ սահմանային շերտում իրենց պատկանող պտղատու այգիների սանիտարական մաքրման աշխատանքներ եւ ծառահատումներ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանային շերտ մուտք գործող անձանց վրա տարածվող սահմանափակումների պատճառով: Խնդիրն այն է, որ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքը արգելում է սահմանային շերտ մուտք գործող անձանց բնափայտի մթերմամբ զբաղվել` չնախատեսելով  որեւէ բացառություն: Բացի այդ, անհիմն է դիատարկվում ոչ առեւտրային նպատակներով իրականացվող ձկնորսության արգելումը:
 
Սույն օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում վերացնել վերը նշված խնդիրները:

Բանախոսը նշեց նաեւ, որ առաջարկվող նախագծի վերաբերյալ ստացել են ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՀՀ ազգային անվտանգության ծառայության դրական կարծիքները: ՀՀ կառավարությունն առաջարկում է այդ տարածքներում  թույլատրելի աշխատանք համարել նաեւ խոտհունձը, ինչը հեղինակներն ընդունել են:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը ներկայացրեց «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

 Օրենքների նախագծերով առավել հստակեցվում են պարգեւատրական զենքի շրջանառությունը կարգավորող նորմատիվ սահմանները, ինչպես նաեւ զենքի շրջանառությունը սահմանափակելու եւ անվտանգությունն ավելի ապահովելու ակնկալիքով վերացվում են մի քանի ծառայությունների պետերի կողմից զենքով պարգեւատրելու լիազորությունները:

Քննարկված երկու օրինագծերն էլ ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը` առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ «Փրկարարական ծառայության կանոնագիրք» եւ երրորդ ընթերցման ներկայացված «Պետական սուրհանդակային կապի մասին» օրինագծերի վերաբերյալ` քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

Հեղինակների առաջարկով հանձնաժողովը մինչեւ 60 օրով հետաձգեց «Թիկնազորային (պահնորդական) գործունեության մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (նախագծերի փաթեթ) եւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի քննարկումը:
 
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկեց կառավարության հեղինակած «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ արդարադատության նախարար եւորգ Դանիելյանը հիշեցրեց, որ հարցի առնչությամբ խորհրդարանական լսումներ են կազմակերպվել, ներկայացվել են ոլորտի պատասխանատուների ու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի դիտողությունները եւ առաջարկները, որոնք քննարկման փուլում են եւ հաշվի կառնվեն առաջինից երկրորդ ընթերցում:
 
Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրինագծերի փաթեթի ընդունումը հրատապ է եւ նախընտրելի է խնդիրներն օր առաջ լուծելը: Նա առաջարկում է սեփականության իրավունքը ճանաչելու հայցով դատարան դիմելու ժամկետ սահմանել ոչ թե երկու, այլ մեկ տարին:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագծերի փաթեթը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջին ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը: Օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է ՀՀ գլխավոր դատախազի, Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների եւ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ հաշվետվությունները «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով քննարկել խորհրդարանում, հնչեցվեն պատգամավորների ելույթներ ու հարցադրումներ: Տեղեկացվեց, որ ԱԺ պատգամավորների մեկ երրորդը հաշվետվության վերաբերյալ կարող են ներկայացնել ուղերձի կամ հայտարարության նախագիծ, իսկ չներկայացնելու դեպքում հաղորդումը կընդունվի ի գիտություն: Թեեւ նման ձեւով տրված Ազգային ժողովի գնահատականը իրավական հետեւանք չի ունենա, սակայն, ըստ հեղինակի, կարող է կարեւոր ազդակ հանդիսանալ համապատասխան մարմինների եւ պաշտոնատար անձանց հետագա գործունեության համար: Օրենսդրական փոփոխություններով հստակեցվում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի հրաժարականի ներկայացման եւ ընդունման կարգը. «Դատախազության մասին» ՀՀ օրենքով գլխավոր դատախազի լիազորությունները դադարում են, երբ նա պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացնում ՀՀ նախագահին, մինչդեռ «ԱԺ կանոնակարգ» օրենքով ԱԺ կողմից ընտրված կամ նշանակված պաշտոնատար անձն իր հրաժարականի մասին գրավոր դիմումը ներկայացնում է ԱԺ նախագահին: Պարոն Դալլաքյանի կարծիքով` «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգն ավելի է համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը:

Կառավարության եզրակացությունը ներկայացնող արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պարզաբանեց, որ ՀՀ գլխավոր դատախազի, ԿԲ հաշվետվության եւ դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովին հաղորդում ներկայացնելու ինստիտուտ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված չէ: Պարոն Դանիելյանի գնահատմամբ` իրավաչափ չէ ՀՀ գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողով հրաժարականի դիմում ներկայացնելը, քանի որ Սահմանադրության 103-րդ հոդվածի 3-րդ մասով «օրենքով սահմանված դեպքերում հանրապետության նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին»: լխավոր դատախազին պաշտոնանկ անելու այլ միջանկյալ դեպք նախատեսված չէ եւ պաշտոնանկության ցանկացած այլ տարբերակ կհակասի ՀՀ Սահմանադրությանը:

Հարակից զեկուցող Դավիթ Հարությունյանի կարծիքով` օրենքի նախագծով վերականգնվում է խորհրդարանի դասական դերը: Նա գտնում է, որ գլխավոր դատախազի հրաժարականի մասին պետք է տեղեկացված լինեն եւ ՀՀ նախագահը, եւ Ազգային ժողովը: Զեկուցողի գնահատմամբ` հայեցակարգային տեսակետից ողջունելի օրինագիծ է, թեեւ կա ճշգրտումների անհրաժեշտություն:
 
Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ներկայացրեց նաեւ կառավարության «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օրենսգրքի շահագործման նպատակով մարդուն արտերկիր տեղափոխելուն եւ պոռնկության կամ սեռական շահագործման ենթարկելուն առնչվող հոդվածներում «խարդախության» բառը փոխարինել «խաբեության կամ վստահությունը չարաշահելու միջոցով» բառակապակցությամբ, քանի որ անհասկանալի է, թե օրենսդիրն ինչ է նկատի ունեցել «խարդախության միջոցով մարդկանց հավաքագրել, փոխադրել, հանձնել, թաքցնել կամ ստանալ» ասելով: Նշվեց, որ ՀՀ քրեական օրենսգրքով չի նախատեսվում գույքի բռնագրավում, մինչդեռ մարդկանց առեւտրին առնչվող միջազգային-իրավական գրեթե բոլոր փաստաթղթերում, այդ թվում եւ Պալերմոյի արձանագրությունում, նախատեսված է: Վերոհիշյալ միջազգային-իրավական փաստաթղթերով պարտավորություններ է կրում նաեւ Հայաստանը, ուստի արդարացի կլինի, եթե «ՀՀ քրեական օրենսգրքի» սանկցիաներում նախատեսվի լրացուցիչ պատիժ գույքի բռնագրավման ձեւով:
 
Հարակից զեկուցող Արտակ Դավթյանը համոզված է, որ հարցն արդիական է, վերոնշյալ փոփոխությունները բավարար են կանխարգելելու եւ խոչընդոտելու համար սեռական շահագործման դեպքերը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը ներկայացրեց «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ oրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Տեղեկացվեց, որ օրինագծի 10-րդ հոդվածով աշխատավարձի բնականոն աճ կիրառվելու է միեւնույն պաշտոնում քաղաքացիական ծառայողի անընդմեջ աշխատանքի համար, եթե ընդմիջումը չի գերազանցում 6 ամիսը: 9-րդ հոդվածով սահմանված է մրցույթի արդյունքով քաղաքացիական ծառայողի պաշտոնի նշանակման դեպքում պաշտոնային դրույքաչափի հաշվարկման կարգը, որով հավասար պայմաններ չեն նախատեսվում մրցույթով միեւնույն պաշտոնում նշանակվող քաղաքացիական ծառայողների եւ ավելի բարձր կամ ցածր պաշտոններում նշանակվող քաղաքացիական ծառայողների համար: Պարոն Պետրոսյանը տեղեկացրեց, որ քաղաքացիական ծառայողի աշխատանքի գնահատման իրական չափորոշիչներ դեռեւս գոյություն չունեն, ինչի արդյունքում գործնականում աշխատավարձի արագացված աճ չի կիրառվում: Քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգում իրականացվող բարեփոխումներով ակնկալվում է աշխատանքի կատարողականի համակարգի ներդրում եւ քաղաքացիական ծառայության համակարգ ներգրավվող նոր մարմինների աշխատողների աշխատավարձը կարգավորող դրույթ:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվեց առաջին ընթերցմամբ: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հիմնավորեց օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը: Քաղաքացիական ծառայության համակարգում նախատեսվում են բաց եւ փակ մրցույթներ: Մրցութային եւ ատեստավորման գործընթացներում համապատասխան մարմնի դերի  եւ պատասխանատվության աստիճանի բարձրացման նպատակով հանձնաժողովներում համապատասխան մարմնի ներկայացուցիչները կլինեն 3-ը, իսկ ՔԾԽ-ն կունենա մեկ ներկայացուցիչ: Այս պարագայում մրցույթների (բաց կամ փակ) արդյունքում կճանաչվի մեկ հաղթող: Նախատեսվում է կրտսեր պաշտոններում նշանակումներ կատարելու համար մրցույթների փոխարեն անցկացնել ընդհանուր բաց մրցույթներ եւ թեստավորման արդյունքում 90 եւ ավել տոկոս ստացած մասնակիցներին կտրվի 1 տարի գործողության ժամկետ ունեցող հավաստագիր: Կրտսեր թափուր պաշտոնը այսուհետեւ կզբաղեցվի առանց մրցույթի` աշխատակազմի ղեկավարը հավաստագիր ունեցող ցանկացած անձի կարող է նշանակել այդ պաշտոնում:
 
Հարակից զեկուցող Արտակ Դավթյանի համոզմամբ` օրենսդրական նախաձեռնությունը հստակեցումների եւ պարզաբանումների կարիք ունեցող հոդվածներ ունի, ինչը հաստատեցին նաեւ նիստին մասնակից պատգամավորները: Հարցի կարեւորությունից ելնելով` հանձնաժողովը որոշեց հունիսի 2-ին կազմակերպել խորհրդարանական լսումներ:

Քննարկված 4 հարցերն էլ հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեցին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության ներկայացրած օրինագծերը:

Որոշվեց մինչեւ 30 օրով հետաձգել ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած «Կոռուպցիայի կանխարգելման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայության մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի, իսկ մինչեւ 60 օրով` «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած օրինագծի քննարկումը:
 
Հեղինակի` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով մինչեւ 15 օրով հետաձգվեց «ՀՀ ԱԺ աշխատակազմում պետական ծառայության մասին» եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը:
  
Մխիթար Մնացականյանի նախագահությամբ` ԱԺ մարդու իրավունքերի պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը   առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ըստ հեղինակի` օրենսդրական փաթեթով առաջարկվում է արգելել հասարակական կազմակերպություններին, այդ թվում` հայրենակցական միություններին նախընտրական քարոզչություն կատարել, ինչպես նաեւ արգելել բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելը: Պարոն Դալլաքյանի խոսքով` օրենքների նախագծերի փաթեթով կուսակցություններին չի թույլատրվում անձամբ կամ նրանց անունից քաղաքացիներին անհատույց  կամ արտոնյալ պայմաններով բաժանել գումար, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել այլ  ծառայություններ: Նշվեց, որ պետք է սահմանել դրույթ, ըստ որի նախընտրական հիմնադրամներին հատկացվող միջոցները նույնպես չեն կարող համարվել բարեգործություն:
 
Օրենսդրական փաթեթի  վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացրին հանձնաժողովի անդամները եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչը:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը դրական եզրակացությամբ առաջարկվեց ընդգրկել նստաշրջանի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի, Վարդան Բոստանջյանի, Արմեն Աշոտյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը համահեղինակ Վիկտոր Դալլաքյանի առաջարկությամբ հանվեց շրջանառությունից:


15.05.2009
Ազգային ժողովի պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ ԱՊՀ ՄԽՎ-ի 32-րդ լիագումար նիստերին, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Սանկտ Պետերբուրգ է գտնվում  ՀՀ Ազգայի ժողովի պատվիրակությունը ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամ...

15.05.2009
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Մայիսի 15-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման եւ մայիսի  18-21-ի   ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am