National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.2.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
26.02.2009
ՀՀ Ազգային ժողովն ավարտեց քառօրյա նիստերի աշխատանքը

Փետրվարի 26-ին ՀՀ  Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ շարունակեց նախորդ օրն սկսված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը:

Օրինագծերի փաթեթի վերաբերյալ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը:

Փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին պատգամավորներ Անահիտ Բախշյանը եւ Համլետ Հարությունյանը: Ըստ նրանց, փաթեթում ամրագրված սկզբունքներն ընդունելի են, սակայն ահռելի տարբերություն կա ընդունվող օրենքների եւ հեռուստաեթերի բովանդակության միջեւ. ըստ Համլետ Հարությունյանի, քննարկվող օրինագիծը եւս չի ամրագրում դրույթ, որը հնարավորություն կտար պատժել մերժելի բովանդակությամբ նյութեր հեռարձակողներին:

Եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող Արմեն Աշոտյանն առաջարկեց ներկայացնել հստակ առաջարկություններ: Նա տեղեկացրեց նաեւ, որ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը պայմանավորվածության համաձայն կներկայացվի ԵԽ փորձագետների քննարկմանը:

Պատգամավորներ Գ. Մինասյանի, Վ. Բոստանջյանի, Ս. Ասլանյանի, Դ. Հարությունյանի, Ա.Հովհաննիսյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Դալլաքյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ» կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց փաթեթի համահեղինակ Գագիկ Մինասյանը: Ըստ  հիմնավորման` օրենքներում նախատեսված փոփոխությունները եւ լրացումներն  ուղղված են ԱԺ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, խորհրդարանում քննարկվող հարցերի ներկայացման, քննարկման կարգերի ու ընթացակարգերի հստակեցմանը, Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանման բնագավառում խնդրահարույց հարցերի կարգավորմանը, Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունների եւ դրանց հետ փոխկապակցված այլ հարցերի քննարկման պարզեցմանը, ինչպես նաեւ` խնդրո առարկա օրենքներում առկա հակասությունների վերացմանը:

Մանրամասն ներկայացնելով օրինագծերի փաթեթը, պարոն Մինասյանը տեղեկացրեց, որ փոփոխությունների եւ լրացումների համար հիմք են դարձել Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 7 օրենսդրական նախաձեռնությունները` դրանցում  ներկայացված առաջարկությունների լրամշակման արդյունքում: Փոփոխությունները ներկայացնելուց հետո` պարոն Մինասյանը պատասխանեց պատգամավորների բազմաթիվ հարցերին:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց պատգամավոր Արտակ Դավթյանը: Փաթեթի վերաբերյալ իրենց մոտեցումները եւ առաջարկները ներկայացրին պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Լարիսա Ալավերդյանը, Վահան Հովհաննիսյանը, Հերմինե Նաղդալյանը, Արծվիկ Մինասյանը եւ Բագրատ Սարգսյանը: Իր ելույթում պատգամավոր Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց նաեւ ՀՅԴ խմբակցության առաջարկը` օրինագծում ամրագրել, որ ԱԺ մարմին համարվեն նաեւ ԱԺ խմբակցությունները, ինչի վերաբերյալ հիմնական զեկուցող ագիկ Մինասյանը եզրափակիչ ելույթում նշեց, որ այդ մոտեցմանը աշխատանքային խումբը դեմ է արտահայտվել:

Խորհրդարանն այնուհետ երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկեց պատգամավորներ Ա. Աղաբաբյանի, Ա.Սահակյանի, Վ.Այվազյանի, Ռ. Գրիգորյանի, Ա.Աշոտյանի, Կ.Ավագյանի, Գ.Սահակյանի հեղինակած «Գյուղատնտեսական նշանակության հողատարածքներից հողի հարկ վճարողներին հարկային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը, որի վերաբերյալ հիմնական զեկուցող Արման Սահակյանն ասաց, որ ներկայացված առաջարկների մեծ մասն ընդունվել է: 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկման  ներկայացրեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը բիզնես միջավայրի բարելավումն է: Մասնավորապես առաջարկվում է վերացնել կազմակերպությունների` կնիք ունենալու պարտադիր պահանջը եւ դրա համար պահանջվող պետական տուրքը: Կնիք ունենալը նախատեսվում է թողնել կազմակերպության հայեցողությանը:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը:

Ներսես Երիցյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` առաջին ընթերցման ընթացակարգով: Օրինագծով առաջարկվում է նվազեցնել հանգստի նպատակով Հայաստան այցելող զբոսաշրջիկների կողմից վճարվող պետական տուրքը: Նախատեսվում է նվազեցնել նաեւ 3 եւ դրանից   ցածր աստղ ունեցող հյուրանոցների կողմից վճարվող պետական տուրքը: Ըստ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի,  այս փոփոխությունները կխթանեն զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում եւ կնպաստեն դրա 3-5 տոկոս ավելացմանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան Բոստանջյանը:

Խորհրդարանն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկեց նաեւ կառավարության ներկայացրած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը: Նշվեց, որ խորհրդարանի քննարկմանն են ներկայացվել Շիրակի եւ Կոտայքի մարզերի վերաբերյալ վարչատարածքային նոր բաժանման տարբերակները:

Օրինագծի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ քառօրյայում:

Այսքանով խորհրդարանն ավարտեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am