National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.2.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28
 
05.02.2009
Ավարտվեց Ազգային ժողովի հերթական քառօրյան
Ազգային ժողովի փետրվարի 5-ի նիստը սկսվեց քվեարկություններով: Պատգամավորները առաջին ընթերցմամբ ընդունեցին «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ զինանշանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը: Խորհրդարանականները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեցին «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Շարունակվեցին «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումները: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշ Շահբազյանը` օրենսդրական փոփոխությունը որակելով փոքր, սակայն անհրաժեշտ:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցման ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը: Նշվեց, որ առաջարկվող փոփոխությունները խմբագրական բնույթ են կրում: Ըստ պարոն Հարությունյանի` ՀՀ ազգային անվտանգության ծառայության համակարգում օպերատիվ-տեխնիկական վարչությունը ծառայություն անվանելը նպատակահարմար չէ:

Առաջին ընթերցմամբ քննարկվող «Պետական սուրհանդակային կապի մասին» ՀՀ կառավարության եւ ԱԺ պատգամավոր  Վիկտոր Դալլաքյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը եւս ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը: Նշվեց, որ հաշվի առնելով սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողների լայն շրջանակը` ոլորտը օրենսդրորեն կանոնակարգելու անհրաժեշտություն է առաջացել: Պարոն Հարությունյանը տեղեկացրեց, որ նախագծի ընդունումը բխում է ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի որոշումից, որով ընդունվել է «Սուրհանդակային կապի մասին» մոդելային օրենքը եւ ազգային օրենսդրության մեջ օգտագործելու համար առաջարկվել ԱՊՀ պետություններին:
 
Քննարկված երկու նախագծերի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը` տեղեկացնելով, որ առաջինից երկրորդ ընթերցում կքննարկվեն եւ հաշվի կառնվեն բոլոր առաջարկները:

ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վիկտոր Դալլաքյանի, Հեղինե Բիշարյանի եւ Լիլիթ Գալստյանի «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը առաջին ընթերցման ներկայացրեց Արմեն Աշոտյանը: Տեղեկացվեց, որ ՀՀ Գերագույն Խորհրդի կողմից 1991 թ. ընդունված «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը թեպետ երկու անգամ (1997 եւ 2001) ՀՀ Ազգային ժողովի կողմից ենթարկվել է փոփոխությունների եւ լրացումների, սակայն գործող օրենքում պահպանվել են բովանդակային եւ խմբագրական թերություններ: Գործող օրենքում հստակեցված չէ «հոգեորսություն» հասկացությունը, վերանայման ենթակա է կրոնական կազմակերպության անդամների նվազագույն քանաքական շեմը, մատնանշված չեն կրոնական կազմակերպությունների քայքայիչ եւ ամբողջատիրական գործունեության բնութագրիչները: Պարոն Աշոտյանը նշեց, որ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն  կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել քրեական պատիժ անձանց իրավունքների կամ անձի դեմ ոտնձգող միավորումներ կազմելու, ղեկավարելու կամ նրանց աշխատանքներին աջակցելու եւ  հոգեորսությամբ զբաղվելու համար: Արմեն Աշոտյանը կարծում է, որ նախագծերը կարող են հիմք հանդիսանալ Ազգային ժողովում հոգեւոր-կրոնական ոլորտի օրենսդրության արդիականացման եւ բարեփոխման համար, այդ թվում ազգային անվտանգության դիտանկյունից:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացնող Արամ Սաֆարյանը գնահատեց օրենսդրական փաթեթի հեղինակների` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատմական դերը հայ ժողովրդի կյանքում օրենսդրորեն ամրագրելու ցանկությունը: Նրա գնահատմամբ` օրենսդրական փաթեթի նպատակն է պաշտանել հասարակության շահերը կրոնական կազմակերպությունների ոտնձգություններից:
 
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը գտնում է, որ օրենսդրական փաթեթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի եւ պետություն հարաբերությունները ու աղանդավորության հիմնահարցը քննարկվում են ազգային անվտանգության համատեքստում: Աղանդավորության դեմ պայքարը համարելով ազգային անվտանգության հիմնախնդիր` նա կարծում է, որ պետք է դրա դեմ համալիր քայլեր ձեռնարկվեն: Եւ պարոն Դալլաքյանը, եւ ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը կարեւորեցին խնդրի շուրջ խորհրդարանական լսումների կազմակերպումը: Տիկին Ալավերդյանը կարծում է, որ մինչ անձանց իրավունքների կամ անձի դեմ ոտնձգող միավորումներ կազմելու, ղեկավարելու կամ նրանց աշխատանքներին աջակցելու ու հոգեորսությամբ զբաղվելու համար ազատազրկում սահմանելը, պետք է որպես պատժամիջոց կիրառել տուգանքը: Ըստ պատգամավոր Շիրակ Թորոսյանի` օրենսդրական փոփոխությունները գործող օրենքում կարեւոր հիմնադրույթներ են ավելացնում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Նա կարեւորեց ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկության ամրագրումը օրենքում: Պատգամավոր Վարդան Խաչատրյանի համոզմամբ էլ աղանդավորության դեմ պայքարի օրենսդրական կարգավորումը բարդ է եղել բոլոր ժամանակներում: Նա անդրադարձավ կրոնական կազմակերպությունների գործունեությանը այլ երկրներում, պայքարի մեթոդներին եւ գործունեության կասեցման միջազգային փորձին: 

ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը, արտահերթ ելույթում անդրադառնալով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը օրենքում ամրագրելու վերաբերյալ պատգամավորների առաջարկներին, տեղեկացրեց, որ հարցը լուծված է Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով, որը կարգավորում է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առանձնահատուկ հարաբերությունները` հաշվի առնելով նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի  հոգեւոր կյանքում:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացնող Վարդան Խաչատրյանի հաղորդմամբ` խմբակցությունը, ողջունելով օրենսդրական փաթեթի ընդունումը, գտնում է, որ մշակման անհրաժեշտություն կա, ինչը զերծ կպահի հասարակությանը հետագա բեւեռացումից եւ շահեկան կդարձնի Հայաստանի վիճակը միջազգային ատյաններում:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թ. գործունեության ծրագիրը: Նա տեղեկացրեց, որ 2009 թ. հանձնաժողովը լիցենզավորման եւ թույլտվությունների տրամադրման գործընթացում հետեւողականորեն կառաջնորդվի կարգավորվող գործունեություն իրականացնող անձանց շահերի հավասարակշռման, նրանց համար գործունեության միատեսակ պայմանների ապահովման մեխանիզմների կատարելագործմամբ: Հանձնաժողովը նախատեսում է ընթացիկ տարում շարունակել աշխատանքները էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի եւ ծառայությունների ոլորտում մրցակցության զարգացման, ռադիոհաճախականությունների տիրույթի եւ համարների ու կոդերի առավել արդյունավետ օգտագործման ապահովման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման եւ մատուցվող ծառայությունների տեսականու ավելացմանը խթանող իրավական դաշտի զարգացման, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում տեղական եւ արտերկյա ներդրումները խթանող իրավական դաշտի զարգացման, մատուցվող ծառայությունների սպասարկման որակի չափանիշների բարելավման ուղղություններով:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ կենցաղային նպատակներով բնական գազի սպառողների ներտնային համակարգերի շահագործման անվտանգության մակարդակը գնահատելու նպատակով 2008 թ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում իրականացվել է շուրջ 1000 բաժանորդների գազասպառման ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքների կատարման ուսումնասիրություն, որի արդյունքների հիման վրա 2008 թ. լրամշակվել է ծառայության մատուցման համաձայնագիր, սահմանվել է տույժերի կիրառման մեխանիզմ, ինչը կնպաստի մատակարարի կողմից ներտնային համակարգերի տեխնիկական սպասարկման աշխատանքների լիարժեք կատարմանը:

Հանձնաժողովը քայլեր է ձեռնարկում նաեւ ջրամատակարարման ոլորտում սպառողների սպասարկման որակի բարելավման ուղղությամբ: Պարոն Նազարյանն իրազեկեց, որ 2009 թ. նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայում կախված Հանրապետություն ներմուծվող բնական գազի գնի սպասվող բարձրացումից, նոր ներդրումների վերադարձի ապահովումից, շահագործման եւ պահպանման ծախսերի վերանայումից, համակարգի միջին աշխատավարձի բարձրացումից: Աշխատանքներ կտարվեն «ԱրմենՏել» ՓԲԸ-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի համար ենթահաշիվների համակարգ ներդնելու ուղղությամբ: Այսուհետ յուրաքանչյուր տարի ընկերությունները հանձնաժողովի հաստատմանը պետք է ներկայացնեն սպառողների ջրամատակարարման տեւողության փաստացի մեծությունները տարեսկզբի դրությամբ եւ ծրագրային մեծությունները հաջորդ տարեսկզբի համար: Ըստ պարոն Նազարյանի` նման մոտեցումը հնարավորություն կտա բարելավել առավել վատթար վիճակում գտնվող սպառողների ջրամատակարարման տեւողության ցուցանիշները:

Ռոբերտ Նազարյանը նշեց, որ 2009 թ. հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կլինի հանրապետությունում ինտերնետ հասանելիության բարելավման հարցը, նախատեսվում է ուսումնասիրություններ կատարել հանրապետության քաղաքային եւ գյուղական բնակավայրերում: Բջջային կապի երրորդ օպերատորի գործունությունն ապահովելու համար ընթացիկ տարում անհրաժեշտ կլինի մշակել եւ ներդնել կանոնակարգեր, որոնք թույլ կտան ապահովել բջջային կապի երրորդ օպերատորի եւ «ԱրմենՏել»  ու «Ղ-Տելեկոմ» ընկերությունների փոխկապակցման խնդիրների լուծումը, հեռահաղորդակցության ոլորտում այլ լիցենզավորված անձանց միջեւ տեղեկատվության փոխանակման հնարավորությունը, այլ օպերատորների ենթակառուցվածքների եւ ծառայությունների համատեղ օգտագործումը:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարեկան գործունեության փաստաթուղթը որակեց պատշաճ մակարդակի ծրագիր` առաջարկելով պատգամավորներին ընդունել այն ի գիտություն:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2009 թ. տարեկան գործունեության ծրագիրը ներկայացնելով` տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա գործունեության ծրագիրն ապահովում է հանձնաժողովի 2002-2008 թթ. տարեկան գործունեության ծրագրերի շարունակականությունը եւ նպատակ ունի ապրանքային շուկաներում պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը: Հանձնաժողովը 2009 թ. ծրագրում է իրականացնել տնտեսական մրցակցության քաղաքականություն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների համաձայնեցված հակամրցակցային գործողությունների, անբարեխիղճ մրցակցության դրսեւորումների բացահայտման եւ դադարեցման, տնտեսական մրցակցության օրենսդրության շրջանակներում հասարակության տեղեկացվածության ապահովման, գերիշխող դիրքի չարաշահման բացահայտմանն ուղղված գործողությունների ուժեղացման ուղղություններով:

Հարցի քննարկումը կշարունակվի հաջորդ քառօրյայում:

Ազգային ժողովը ավարտեց չորսօրյա նիստերի աշխատանքը:

05.02.2009
ԳԴՀ դեսպանը Ազգային ժողովում
Փետրվարի 5-ին  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին` վերջինիս խնդրանքով: Տիկին Վիկտորինը  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հանձնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամ...

05.02.2009
Տեղի ունեցավ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը
Փետրվարի 5-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին համապատասխան օրենքի նախագծի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ նիստը...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am