National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.9.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.09.2008
Հովիկ Աբրահամյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ
1 / 4

Սեպտեմբերի 29-ի քառօրյա նիստերն սկսվեցին  ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագծի եւ քառօրյա նիստերի օրակարգի հաստատումով: Պատգամավորները միաձայն վավերացրեցին 1997 թվականի սեպտեմբերի 17-ին ստորագրված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության մոնրեալյան փոփոխությունը եւ 1999 թվականի դեկտեմբերի 3-ին ստորագրված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության պեկինյան փոփոխությունը:

Նիստը նախագահող` ԱԺ փոխնախագահ Հրայր Կարապետյանը անդրադառնալով օրակարգային հաջորդ հարցին`  նշեց, որ Տիգրան Թորոսյանի ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականից հետո «ԱԺկանոնակարգ» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի  համաձայն  ԱԺ նախագահի թափուր պաշտոնի համար պատգամավորների կողմից պետք է առաջադրվեն թեկնածություններ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը առաջադրեց Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, իսկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը` Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը:

Որպես ԱԺ նախագահի թեկնածու ելույթ ունենալով`  Հովիկ Աբրահամյանը նախ իբրեւ ԱԺ նորընտիր պատգամավոր, «Աժ կանոնակարգ» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն` Աժ պատգամավորի երդում տվեց` կոչ անելով նորընտիր մյուս պատգամավորներին` միանալ իրեն. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման` երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնինշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային եւ համամարդկային արժեքների պահպանման համար»:  Ապա պարոն Աբրահամյանը շարունակեց. «Նախ, թույլ տվեք հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը Ազգային Ժողովի նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար։ Հայտնել իմ երախտագիտությունը նա՛խ եւ առաջ երկրի նախագահին, քաղաքական կոալիցիայի մաս կազմող կուսակցություններին այս պատվաբեր եւ պատասխանատու պաշտոնում իմ թեկնածությունը երաշխավորելու համար։
Ինձ համար Ազգային Ժողովը հոգեհարազատ կառույց է։ Վերջին 15 տարիների ընթացքում ես եղել եմ թե՛ Ազգային Ժողովի պատգամավոր, թե՛ կառավարության անդամ, ուստի վստահ կարող եմ ասել, որ քաջատեղյակ եմ Ազգային Ժողովի գործունեության առանձնահատկություններին։
 Իսկ այժմ թույլ տվեք ներկայացնել այն ծրագրային հիմնադրույթներն ու մոտեցումները, որոնք, իմ ընտրվելու պարագայում, ես փորձելու եմ իրականացնել ձեզ հետ միասին։
  Առաջինը` խորհրդարանի բնականոն եւ արդյունավետ գործունեության համար խիստ անհրաժեշտ փոխադարձ հարգանքի, հադուրժողականության եւ գործընկերության մթնոլորտի ապահովումն է։
    Կարծում եմ, բոլորդ կհամաձայնեք, որ երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնում աշխատելը, առավել եւս՝ այդ մարմնի աշխատանքները համակարգելը մարդկային կոնկրետ որակներ են պահանջում. համարձակ որոշումներ կայացնելու վճռականություն, բայցեւ՝ փոխզիջումների գնալու կարողություն եւ կամք։ Օրենսդիր մարմնի աշխատանքները համակարգելը պահանջում է նաեւ պարզ եւ անկեղծ մարդկային շփումների որակներ, եւ իհարկե՝ քաղաքական փորձառություն։
Իմ պատկերացմամբ` խորհրդարանի նախագահը նախ եւ առաջ գործընկեր է, ոչ թե ղեկավար։
 Այս դահլիճում ներկա գրեթե բոլոր պատգամավորները գիտեն ինձ, գիտեն իմ ունակությունները, իմ ուժեղ ու երեւի թե նաեւ թույլ կողմերը։ Ձեզանից շատերի հետ մենք երկար տարիների գործընկերային եւ մարդկային ջերմ հարաբերություններ ունենք։ Եւ դուք, վստահ եմ, չեք կասկածում, որ Ազգային ժողովի հեղինակության խնդիրը ինձ համար դառնալու է պատվի եւ արժանապատվության խնդիր։
Եւ մի բանում ես ավելի քան վստահ եմ. վստահ եմ, որ այնպես եմ անելու, որ ցանկացած բանավեճ կամ անհամաձայնություն երբեւէ չանդրադառնա խորհրդարանի բնականոն գործունեության եւ աշխատանքային մթնոլորտի վրա։
Ուզում եմ նաեւ հստակ ընդգծել, որ հետեւողական եւ սկզբունքային եմ լինելու երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում եւ ազնիվ՝ մարդկային  հարաբերություններում։
 Երկրորդ՝ վերջին ժամանակաշրջանում մեզ վիճակված էր հաղթահարել փորձություններով եւ մարտահրավերներով լի շրջան։ Հստակ է, որ այս նոր իրողությունների պայմաններում թե՛ իշխանությունն ու ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերը, եւ թե՛ հասարակությունը հսկայական անելիք ունեն։ Որովհետեւ մենք բոլորս ենք պատասխանատու մեր երկրի այսօրվա ու վաղվա համար։
Իսկ այսօրվա հրամայականն է, որ օրենսդիր մարմնում դրվի քաղաքական գործընթացների եւ ավանդույթների սկիզբ, որ մենք մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին անդրադառնանք նո՛ր մոտեցումներով, լուծումների նո՛ր հայեցակարգով, առավել ուշադիր լինենք հասարակության բոլոր շերտերի կարծիքների հանդեպ։
Անհրաժեշտ է, որ շարունակենք ընդունել օրենքներ, որոնք կբխեն մեր պետության եւ մեր ժողովրդի բարեկեցության շահերից։
Մենք չպետք է զգուշանանք սուր անկյուններից, չպետք է խուսափենք հրապարակայնությունից եւ հիմնահարցերը բաց ու համակողմանի քննարկելուց։ Դա է խորհրդարանի խնդիրը՝ լինել քաղաքական իրական քննարկումների, կարծիքների եւ տեսակետների բախման, համաձայնության եւ համագործակցության ամբիոն։
Մենք պետք է կարողանանք քաղաքական բանավեճերը փողոցներից եւ հրապարակներից բերել խորհրդարան, որպեսզի դրանք անպտուղ հռետորությունից վերածվեն կառուցողական համագործակցության եւ արդյունավետ աշխատանքի։
Խորհրդարանական քննարկումներում է ամրանում ժողովրդավարությունն ու բազմակարծությունը, այստեղ է, որ ամբոխահաճության փոխարեն պետք է արժեւորվեն ամենօրյա պատասխանատու աշխատանքը, նվիրումն ու պատասխանատվությունը։
Երրորդ՝ ես վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի խորհրդարանը հանրության համար դառնա բաց եւ հրապարակային ամբիոն, ամեն ինչ անելու եմ, որ Ազգային Ժողովը հասու լինի մեր բոլոր հայրենակիցների, սոցիալական եւ հասարակական տարբեր խավերի ներկայացուցիչների համար։ Պատճառը առավել քան հիմնավոր է։ Մենք պետք է պատրաստ լինենք  աշխատել առավել բաց եւ հրապարակային, լսել եւ քննարկել այլոց տեսակետները, ուշադիր եւ հանդուրժող լինել այլակարծության ու քննադատության նկատմամբ։
 Չորրորդ՝ բացի Հայաստանի թիվ մեկ հարթակը լինելուց, Ազգային Ժողովին մեր երկրի Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված են բազմաթիվ գործառույթներ եւ պատասխանատվության ոլորտներ, որոնց լիարժեք իրագործման հարցում մեր խորհրդարանը պետք է հետեւողականորեն ավելացնի իր քաղաքական կշիռն ու հեղինակությունը պետական իշխանության համակարգում եւ հանրության մեջ։
 Ազգային Ժողով-կառավարություն փոխհարաբերությունները պետք է կրեն գործընկերային եւ համագործակցային բնույթ։
 Մեր աշխատանքը շատ ավելի օգտավետ կլինի պետական եւ կառավարման բոլոր հաստատությունների միջեւ առավել սերտ գործակցության միջոցով։
  Ազգային ժողովը պետք է առավել մեծ ծավալով եւ հետեւողականությամբ իրականացնի իր վերահսկողական լիազորությունները մեր քաղաքացիների անմիջական մասնակցությամբ գոյացող պետական բյուջեի միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործման, պետական բյուջեի կատարման հարցում։
Եւ վերջապես հինգերորդ՝ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու ոչ միայն երկրի ներսում, այլեւ միջազգային ասպարեզում։
  Միջազգային հարաբերությունների արդի իրողությունների պայմաններում առավել քան կարեւորվում է խորհրդարանական դիվանագիտության դերը, միջազգային կառույցներում մեր առավել հետեւողական եւ առավել լիարժեք աշխատանքը։
   Հանրապետության նախագահի կողմից որդեգրած նախաձեռնողական արտաքին քաղաքականության պայմաններում մենք չենք կարող անմասն մնալ մեր երկրի շահերի հետեւողական պաշտպանումից։ Մենք պարտավոր ենք առավել ակտիվ մասնակցել Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության ամրապնդմանն ուղղված քայլերին, մեր երկրի շահերի համակողմանի եւ հետեւողական պաշտպանությանը։
Հարգելի գործընկերներ, ասելիքս շատ է, գերակայությունները՝ նույնպես։ Առայժմ, սակայն, սահմանափակվեմ այսքանով։ Իմ կարգախոսը պարզ է. մենք այստեղ ենք՝ աշխատելու համար։ Մեզանից եւ ոչ մեկը արտոնյալ չէ։
  Մեզ պետք է ընտրողի ու սեփական խղճի առաջ առավել պատասխանատու եւ հաշվետու խորհրդարան, որը կառաջնորդվի պետության ու հայրենիքի շահերով։
Երբեք չմոռանանք, որ մեզ բոլորիս քվե են տվել Հայաստանի Հանրապետության խնդիրներով զբաղվելու համար, դրանք լուծելու, եւ մեր հայրենիքը աշխարհի առաջադեմ պետությունների շարքում տեսնելու համար։
Ուրեմն եկեք միասին, համատեղ ուժերով իրականացնենք այդ արժանապատիվ առաքելությունը։
Ի վերջո, մենք բոլորս պատասխանատու ենք մեր ժողովրդի առջեւ։ Մենք պատասխանատու ենք մեր հայրենիքի համար։ Մենք պատասխանատու ենք այն ընթացքի համար, որ կորդեգրի մեր երկիրը առաջիկա տարիներին։
 Եւ պատասխանատվության հենց այս գիտակցումով կրկին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի բարձր պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու եւ ինձ աջակցելու համար»:
 

Պարոն Աբրահամյանը պատասխանեց պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին խորհրդարանի գործունեության կատարելագործմանը,  երկրի արտաքին եւ ներքին խնդիրներին, ԱԺ-կառավարություն փոխհարաբերություններին,  ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարման ընթացքին, ղարաբաղյան հիմնախնրի կարգավորմանը եւ այլն:

ԱԺ նախագահի թեկնածու   Լարիսա Ալավերդյանը իր խոսքը սկսեց ողջունելով  քաղաքական ուժերի ակտիվությունը: Նա  մասնավորապես ասաց. «Շնորհակալություն եմ հայտնում  թե ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանը, թե բազմաթիվ ոչ խորհրդարանական քաղաքական եւ հասարակական ուժերին, որոնք այս օրերին անընդհատ հորդորում էին, թե «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին եւ թե ինձ հանդես գալ որպես այլընտրանքային թեկնածու: Բոլորիդ հայտնի է, որ թեկնածություն առաջարկելը քաղաքական գործընթաց է եւ  խնդիրը այն չէ, թե  ով կընտրվի ԱԺ նախագահ: Առաջադրումը կարեւորագույն քաղաքական գործընթաց է, երբ տրվում է հնարվարություն հասարակությանը եւ ԱԺ պատգամավորներին նախ եւ առաջ տեղեկացնել, թե ինչ այլընտրանքային առաջադրումներ կարող են լինել եւ ինչպես ենք մենք պատկերացնում  ԱԺ արդյունավետությունը բարձրացնելու տեսակետները»:
 Թե ինչպե՞ս է «Ժառանգություն» խմբակցությունը եւ ինքը պատկերացնում ԱԺ աշխատանքների արդյունավետության բարձրացումը, հարցին պատասխանելով` Լարիսա Ալավերդյանը նշեց, որ մեկ տարուց ավելի է, ինչ իրենք պայքարում են ուրիշի փոխարեն քվեարկողների  դեմ եւ առայժմ  պարտվում են. «ԱԺ-ի բացասական պրակտիկան դարձել է վարակիչ երկրի համար, ես համաձայն չեմ այն վարկածի հետ, թե ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ իշխանությունն է: Աստվածաշունչը հակառակն է ասում` ինչպիսին իշխանությունն է, այդպես էլ փորձում է դարձնել ժողովրդին: Այս իմաստով Ազգային ժողովի նման պահվածքը ազգային խայտառակությունն է, այլ ոչ թե Ազգային ժողովի:
«ԱԺ կանոնակարգ» օրենքը տառապում է այն թերություններով, որոնցով տառապում է օրենսդրական դաշտը: Անընդմեջ փոփոխությունները կրում էին իրավիճակային բնույթ եւ այդ պատճառով «ԱԺ կանոնակարգ» օրենքը պահանջների շարան է, ուր շատ հաճախ հայեցակարգը չենք տեսնում: Ես խնդիր եմ տեսնում վերանայել «ԱԺ կանոնակարգ» օրենքը, դարձնել հայեցակարգային կուռ փաստաթուղթ, որը թույլ կտա ամեն անգամ ոչ թե ներողամիտ վերաբերել մեր սխալներին, այլ Ազգային ժողովը դարձնել մեր ազգային հանճարին համարժեք մի մարմին:
 Ազգային ժողովի կապերը հասարակության հետ չեն դիմանում որեւէ քննադատության: Ես կարող եմ բերել մի շարք հասարակական լսումների օրակարգերը, որոնք վկայում են, որ Ազգային ժողովն արհամարհում է հասարակական կարծիքը եւ կարողանում է մանիպուլյացիոն տեխնոլոգիաներով ստեղծել թյուր կարծիք, որ ոչ միայն ԱԺ-ն է թույլ աշխատում, այլ Հայաստանի հասարակությունն է թույլ, այնինչ իմ համոզմամբ` Հայաստանի Հանրապետության ամենաուժեղ կողմը նրա հասարակությունն է եւ հենց հասարակությունն է մեր պետության եւ Ազգային ժողովի զարգացման հիմնական գրավականը»:
Տիկին Ալավերդյանի գնահատմամբ` իր  սկզբունքային դիրքորոշումները կարող են օգտակար լինել պետականաշինության հարցերում, իրապես նպաստել  ՀՀ-ի եւ համայն հայության զարգացմանը: Նա ոչ արդյունավետ համարեց նաեւ ԱԺ աշխատակազմի աշխատանքը` նրանց կապը հանձնաժողովների եւ պատգամավորների հետ եւ խնդիրը  կառավարման կազմակերպումն  է: 
Նա նշեց նաեւ միջազգային հեղինակության խնդիրը. «ԱԺ պատգամավորները ներկայանում են տարբեր ինստիտուտներում  ոչ որպես առանձին խմբեր:  Տպավորություն է ստեղծվում, որ Ազգային ժողովը եւ պետությունը ընդհանուր առմամբ այդպես էլ չի հստակեցրել իր դիրքորոշումը եւ երբեւէ հանդես չի եկել պարզ ու շիտակ դիրքորոշմամբ կարեւորագույն հարցերում` մասնավորապես Արցախի հարցում: Եվ վերջապես վերահսկողությունը` եթե մենք նայենք ԱԺ ընդունած օրենքներին, անգամ թերություններով հանդերձ, օրենքների կատարման վերահսկողությունը կապահովեր դրանց կատարումը եւ վստահությունը օրենքների նկատմամբ: Խնդիրս կհամարեի կայացնել կամ զարգացնել այդ վստահությունը, որովհետեւ լավագույն օրենքները եւ որոշումները, որոնք ընդունվում են, արդեն իսկ նախապես վստահություն չեն վայելում: Ազգային ժողովը միակն է, որը պետք է իրականացնի այդ գործունեությունը»:
 
 Հովիկ Աբրահամյանի եւ Լարիսա Ալավերդյանի թեկնածություների  վերաբերյալ տեսակետներ հայտնեցին պատգամավորները եւ խորհրդարանական խմբակցությունները:

Պատգամավոր Գալուստ Սահակյանի խոսքով` Հովիկ Աբրահամյանի կենսագրությունը ամբողջացել է հասարակության տեսադաշտում, նա մասնակից է եղել նորանկախ Հայաստանի քայլքին եւ քաղաքական զարգացումներին: Նրա համոզմամբ առաջիկայում ավելի կակտիվանան ԱԺ աշխատանքները` թե քաղաքական եւ թե կազմակերպչական բաղադրիչներով:  Նա համոզմունք հայտնեց, որ խորհրդարանում կձեւավորվի այն ամբիոնը, որում քաղաքական ուժերը հնարավորություն կունենան բազմակարծության մթնոլորտում քննարկել, որոշումներ կայացնել, որոնք հիմք կդառնան համագործակցության: Նրա կարծիքով, Հովիկ Աբրահամյանի ընտրվելու  դեպքում, կբազմապատկվի խորհրդարանի օրենսդրական աշխատանքը,  կակտիվանա ԱԺ աշխատակազմի գործունեությունը: Նրա համոզմամբ ամենակարեւոր խնդիրը ԱԺ-ի դերակատարման բարձրացումն է, ԱԺ-ի նկատմամբ ժողովրդի դրական վերաբերմունքի բարձրացումը, ինչի հնարավորությունը Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում մեծ է:
 
Պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը շնորհակալություն հայտնեց Տիգրան Թորոսյանին համատեղ գործունեության համար եւ դրական գնահատեց  այլընտրանքային թեկնածուի առաջադրումը:

Պատգամավոր Անահիտ Բախշյանը   պաշտպանելով  Լարիսա Ալավերդյանի թեկնածությանը, նշեց, որ հասարակությունը լավ է ճանաչում Լարիսա Ալավերդյանին, նա օրենքի եւ օրինականության կրողն է, ինչն ապացուցել է  իր խոսքով եւ գործով մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնելիս:
 
Պատգամավոր Վարդան Այվազյանը պաշտպանելով Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը` նշեց, որ նա մեծ կազմակերպիչ է, օժտված որոշում կայացնելու ունակությամբ,  կարողանում է իր շուրջը համախմբել մարդկանց: Նրա համոզմամբ, Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ Ազգային ժողովը նոր որական աստիճանի կբարձրանա :

 Պատգամավոր Զարուհի Փոստանջյանի համոզմամբ Լարիսա Ալավերդյանը այն անձն է, ով կարող է ղեկավարել Ազգային ժողովը եւ  լուծել այն բոլոր խնդիրները, որոնք հասարակության ուշադրության կենտրոնում են: Անկախ նրանից, ով  կընտրվի  ԱԺ նախագահ, տիկին Փոստանջյանը կոչ արեց  կառուցել նորմալ պետություն`  միասնություն, արդարություն եւ ազատություն գաղափարների շրջանակում:

Արտահերթ ելույթով հանդես եկան Աժ փոխնախագահներ Հրայր Կարապետյանը եւ Արեւիկ Պետրոսյանը:

ԱԺ փոխնախագահ Հրայր  Կարապետյանը շնորհակալություն հայտնելով  Աժ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանին համատեղ աշխատանքի համար, նշեց, որ խորհրդարանը իր հիմնական դերակատարության` օրենսդրական գործունեության մեջ հիննականում կատարում է իր խնդիրը եւ վստահություն հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանը, ում թեկնածությունը պաշտպանում է նաեւ ՀՅԴ-ն, իր փորձը, գիտելիքները եւ կարողությունները կկիրառի, որ խորհրդարանի գործունեության որակը բարձրանա: Նա կարեւորեց խորհրդարանական դիվանագիտությունը նոր որակի բարձրացնելու անհրաժեշտությունը:  Բարեկամության  խմբերի, միջխորհրդարանական հանձնաժողովների, միջազգային  կառույցների շրջանակներում այս ուղղությամբ  մեծ աշխատանք կա կատարելու`  լրացնելու  եւ առավել ուժեղացնելու համար պետական արտաքին քաղաքականությունը:  Նա կարեւորեց պատգամավորների համար արժանավայել աշխատանքային պայմանների ստեղծումը,  քանի որ այդ պայմանները հեռու են բավարար լինելուց:  Ըստ Աժ փոխնախագահի` պարոն Աբրահամյանը լավ է  պատկերացնում խնդիրը, նա հույս հայտնեց, որ այդ խնդիրները իրենց լուծումը կստանան: Նշվեց, որ  Հովիկ Աբրահամյանը լինելով կոալիցիայի թեկնածու, վայելում է մեծամասնության վստահությունը, ինչը դրական է, քանի  որ քաղաքական եւ միջազգային փորձը ցույց է տալիս, որ բոլոր երկրները, որտեղ գործում են կայուն քաղաքական համաձայնություններ, զերծ են մնում քաղաքական ցնցումներից, խորհրդարանական ճգնաժամերից:

ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը  նույնպես շնորհակալություն հայտնեց պարոն Թորոսյանին համատեղ աշխատանքի համար: Նա  նշեց, որ Հովիկ Աբրահամյան պետական-քաղաքական գործիչը արժանացել է ժողովրդի բարձր քվեին, ընտրվել է ԱԺ պատգամավոր, արժանացել է Հանրապետական կուսակցության բարձր վստահությանը, առաջադրվել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, արժանացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր  գնահատականներին:  Նշվեց, որ վերանայման, հստակեցման, նորովի լուծումների անհրաժեշտություն կա  Ազգային ժողովի կանոնակարգային, աշխատակարգային, ընտրողների,  լրատվամիջոցների, կառավարության հետ հարաբերություններում: Առկա են խնդիրներ նաեւ ԱԺ աշխատակազմի կառավարման  եւ գործունեության բարելավման առումով, ինչպես նաեւ ԱԺ արտաքին հարաբերություններում: Որպես ԲՀԿ անդամ եւ ԲՀԿ կողմից առաջադրված ԱԺ փոխնախագահ, տիկին Պետրոսյանը ընդգծեց, որ պատրաստ է իր բոլոր ջանքերը ուղղել ԱԺ նորընտիր նախագահի այն ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են ժողովրդի, Հայաստանի եւ Ազգային ժողովի դերի բարձրացմանը:  Նա նորընտիր ԱԺ նախագահին արդյունավետ գործունեություն մաղթեց, կոլեկտիվ ջանքերի համախմբման լավագույն օրինակներով եւ լուծումներով,  նաեւ օրենսդրական այնպիսի լուծումներով, որոնք ուղղված կլինեն ժողովրդի կենսական խնդիրների հաղթահարմանը եւ լուծմանը:

             
«Ժառանգության» տեսակետը ներկայացրեց Վարդան Խաչատրյանը :  Նա նշեց, որ ԱԺ նախագահի պաշտոնը բարձր հասարակական  հնչեղություն ունեցող պաշտոն է եւ  այս ընտրությունները  կարեւոր եւ լակմուսային նշանակություն են ունենալու  եւ ազդելու են Հայաստանի մի քանի տարվա ապագայի վրա: Խմբակցության համար կարեւոր է եւ պարտադիր, որ ԱԺ նախագահի ընտրությունները կայանան այլընտրանքային թեկնածուի մասնակցությամբ: Պարոն Խաչատրյանը կարեւորեց իշխանության թեւերի տարանջատման անհրաժեշտությունը: Նրա  համոզմամբ`  խորհրդարանը պետք է լինի գործադիր իշխանության ամենալուրջ հակակշիռը: Նա կարեւորեց նաեւ խորհրդարանական դիվանագիտության զարգացումը:  Պաշտպանելով Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը, «Ժառանգություն» խմբակցության անունից պարոն Խաչատրյանը  կոչ արեց ընտրել Լարիսա Ալավերդյանին:

 ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը   պաշտպանելով Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, նշեց, որ թեկնածուն քաղաքական մեծ կենսագրություն ունի եւ լավ կղեկավարի Ազգային ժողովը:   Նրա համոզմամբ, պարոն Աբրահամյանի գործադիր իշխանությունում  մեծ փորձը  կնպաստի ավելի լավ օրենքներ ընդունելուն: Նա կոչ արեց շարունակել 2003-2006 թթ. ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գործունեությունը եւ բացել խորհրդարանի դռները հասարակության առջեւ: Նա  դիմեց թեկնածուին ընտրվելու դեպքում բարձրացնել  խորհրդարանի եւ պատգամավորների դերն ու նշանակությունը հասարակության մեջ:

ՀՅԴ խմբակցության ղեկավար  Վահան Հովհաննիսյանը ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը` պատգամավորների եւ հասարակության պատգամը փոխանցեց ապագա ԱԺ նախագահին,  հորդորելով, պահանջելով, ակնկալելով եւ հույս ունենալով, որ պատգամը տեղ կհասնի եւ կիրականացվի:  Նախ, պարոն Հովհաննիսյանը ակնկալում է ԱԺ դերի բարձրացում, ինչը բարեփոխված Սահմանադրությամբ է ամրագրված: Նրա համոզմամբ անհրաժեշտ է  համապատասխանեցնել  խորհրդարանի գործունեությունը  Սահմանադրությամբ տրված լիազորություններին:  Օրենքների քննարկման կարգին անդադառնալով, պարոն Հովհաննիսյանը անթույլատրելի է համարում արտահերթ նստաշրջաններով  հրատապ կարգով օրինագծերի քննարկումը, ինչի հետեւանքով ընդունվում են  «հում» օրենքներ են ընդունվում, որոնք ստիպված են լինում հետագայում, քրտնաջան աշխատանքի արդյունքում բարեփոխել:  Նա անընդունելի համարեց այն պրակտիկան, որ պատգամավորների կողմից ներկայացված օրինագծերը անընդհատ հետաձգվում են: Նրա համոզմամբ բոլոր օրինագծերը պետք է քննարկվեն եւ պատգամավորը չպետք է զրկված լինի իր տեսակետի համար պայքարելուց: Պարոն Հովհաննիսյանը կարեւոր համարեց  նաեւ բյուջեի քննարկման ժամանակ հաշվի առնել պատգամավորների  առաջարկությունները, անթույլատրելի համարելով տրամաբանական առաջարկությունները` առանց քննարկման մերժելը: Կարեւորելով  խորհրդարանական դիվանագիտության դերը, պարոն Հովհաննիսյանը  ժամանակին առաջարկել է եւ այժմ էլ համոզված է, որ անհրաժեշտ է  խորհրդարանական պատվիրակությունների  ղեկավարների խորհուրդ ստեղծել, որպեսզի բոլոր  միջազգային կառույցներում մեկ ընդհանուր հայեցակագ ներկայացվի: Պարոն Հովհաննիսյանը վստահություն հայտնեց նաեւ, որ ԱԺ նոր նախագահը կվերականգնի  խորհրդարանին հարիր  կոլեգիալ ղեկավարման ավանդույթը:  Վահան Հովհաննիսյանը նշեց, որ ՀՅԴ  պաշտպանում է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը եւ հույս հայտնեց , որ  նա ընտրվելուց  հետո բոլոր պատգամները հաշվի կառնի եւ կիրականացնի:

Ներկայացնելով «Բարգավաճ Հայաստան խմբակցության տեսակետը` խմբակցության ղեկավար   Գագիկ Ծառուկյանը նախ շնորհակալություն հայտնեց Տիգրան Թորոսյանին համատեղ աշխատանքի համար, ապա նշեց, որ ընտրված լինելով ժողովրդի կողմից` պատգամավորները  պետք է լուծեն ժողովրդի խնդիրները, քանի որ ընտրվելիս  խոստումներ են տվել եւ հասարակությունը սպասում է խոստումների  եւ ծրագրերի իրականացմանը: Պաշտպանելով  Հովիկ Աբրահամյանի թեկնածությանը` պարոն Ծառուկյանը նշեց, որ նա կառավարման համակարգում աշխատելու լուրջ փորձ ունի. աշխատել է քաղաքապետ, մարզպետ, տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ծանոթ է երկրում առկա խնդիրներին: Պարոն Ծառուկյանը կարեւորեց  Հովիկ Աբրահամյանի  մարդկային որակները,  նշելով, որ նա կարողացել է բարձրացնել բոլոր այն ոլորտների հեղինակությունը, որոնք եղել են նրա ղեկավարության ներքո:  Խմբակցության ղեկավարը նշեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը իր ձայնը տալու է Հովիկ Աբրահամյանին  եւ նրա հետ համատեղ կիրականացնեն  ծրագրերը եւ ժողովրդին   տրված խոստումները :
 
ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Մկրտիչ Մինասյանը : Խմբակցության անունից նա  նույնպես շնորհակալություն հայտնեց Տիգրան Թորոսյանին համատեղ գործունեւության համար:  Պարոն Մինասյանը  նշեց Ազգային ժողովի դերակատարման բարձրացման  եւ ամրապնդման  կարեւորությունը, այն  հասցնելով  Սահմանդրությամբ վերապահված իրավունքներին: Նրա համոզմամբ, այդ խնդիրը կարող է  լուծվել  ինչպես կազմակերպաիրավական, այնպես էլ մարդկային կարողությունների, հմտությունների  շնորհիվ:  Պաշտպանելով պարոն Աբրահամյանի թեկնածությունը, նա նշեց, որ գործագիր իշխանությունում աշխատելու տարիների դրսեւորվել են նրա կամային հատկությունները,   պրագմատիզմը, կառավարման ինստիտուտին ծանոթ լինելը` ինֆորմացիա ընդունել, վերլուծել, առանց հապաղելու որոշում ընդունել եւ հետեւել այդ որոշումների կատարմանը: Հույս հայտնեց, որ Ազգային ժողովում իր գործունեության ընթացքում կդրսեւորի իր լավագույն հատկանիշները: Նա կոչ արեց բոլորին իրենց ձայնը տալ Հովիկ Աբրահամյանին, վստահ լինելով, որ նա իր գործունեության ընթացքում կիրականացնի հնչած բոլոր հարցադրումները:
 
Եզրափակիչ խոսքում  թեկնածուները անդրադարձան ելույթներում արծարծված խնդիրներին:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքները, ընտրության համար հատկացված ընդմիջումից հետո, խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը. խորհրդարանի նախագահի ընտրությանը մասնակցել է 115 պատգամավոր, 110 կողմ ձայներով Ազգային ժողովի նախագահ ընտրվել է Հովիկ Աբրահամյանը,   Լարիսա Ալավերդյանի օգտին քվեարկել է  5 պատգամավոր:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց պատգամավորներին բարի եւ պատավորեցնող խոսքերի համար` նշելով, որ իր համար խիստ պատասխանատու օր է. «Այս պահից ամենայն պատասխանատվությամբ ստանձնում եմ Հայաստանի Հանրապետության օրենսդիր` բարձրագույն ներկայացուցչական մարմնի` Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում նաեւ Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի եւ հարակից գյուղերի իմ ընտրողներին, բոլոր նրանց, ովքեր օրեր առաջ մասնակցելով ընտրություններին` իրենց վստահության քվեն տվեցին ինձ: Մեր բոլոր ընտրողներն այդպես են վարվել, որպեսզի մենք առավել պատասխանատվությամբ անդրադառնանք մեր հայրենիքի խնդիրներին, հոգսերին ու ցավերին` անկախ նրանից, թե ում են իրենք քաղաքական աջակցություն ցուցաբերել խորհրդարանական ու նախագահական ընտրությունների ժամանակ: Վստահաբար ասում եմ, որ անելու եմ հնարավորը որեւէ մեկին չհիասթափեցնելու համար: Խորհրդարանի առաքելությունը լավագույնս բանաձեւել է դեռ Աբրահամ Լինքոլնը. «Ժողովրդի իշխանություն, ժողովրդի կամքով, ժողովրդի բարեկեցության համար»: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, անձամբ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին, կուսակցության խորհրդին ու գործադիր մարմնին` վստահության եւ իմ թեկնածությունն առաջադրելու համար: Շնորհակալություն եմ հայտնում իմ կոալիցիոն գործընկերներին` «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ, «Օրինաց երկիր» կուսակցություններին ու նրանց ղեկավարությանը, որ ամբողջ այս ընթացքում իմ կողքին էին, եւ բոլոր պատգամավորներին անձամբ: Կրկին շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկեր պատգամավորներին, ովքեր իրենց քվեարկությամբ ինձ վստահեցին Աժ նախագահի պաշտոնը, դա ինձ կրկնակի է պարտավորեցնում, ես պատրաստ եմ ստանձնել այս նոր հանձնառությունը: Իմ եւ Աժ բոլոր պատգամավորների անունից շնորհակալություն եմ հայտնում Տիգրան Թորոսյանին` Աժ նախագահի պատասխանատու պաշտոնը վարելու ընթացքում իր ունեցած ներդրումի համար: Ակնկալում եմ եռանդուն եւ արդյունավետ համատեղ աշխատանք` ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»: 

ԱԺ նախագահ ընտրելուց հետո խորհրդարանն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը:
 
Երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար օրենսդիրներին ներկայացվեցին մի շարք օրինագծեր: «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը  տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն առաջարկեց ընդունել ամբողջությամբ: Առաջին նախագիծն ԱԺ տարածքային  կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանի առաջարկությամբ լրամշակված էր, իսկ երկրորդն` անփոփոխ: ԱԺ գլխադասային հանձնաժողովը, ինչպես ներկայացրեց Հովհաննես Մարգարյանը, նախագծերը դրական է գնահատել: «Ակցիզային հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծերի վերաբերյալ, ինչպես ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը,  առաջարկություններ չեն ստացվել` բացի մեկ խմբագրականից: Տնտեսական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը փաստաթղթերի վերաբերյալ  վերահաստատեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ Ալեքսան Պետրոսյանը:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նույնպես առաջարկեց  երկրորդ ընթերցմամբ ընդունել երկու նախագիծ. «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների մասին» նախագիծը` կից օրինագծերով, եւ «Ֆինանսական հաշտարարի մասին» օրենքում փոփոխություն նախատեսող փաստաթուղթը, որի վերաբերյալ ԱԺ ‎‎ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Գագիկ Մինասյանը: «Վարկային տեղեկատվության  շրջանառության եւ  վարկային բյուրոների գործունեության մասին»  օրենսդրական փաթեթի վերաբերյալ ստացվել է երկու առաջարկություն` երկուսն էլ գործադիր մարմնից:
 
Կառավարությունն առաջարկել է  վարկային բյուրոյին պարտադիր վարկային տեղեկատվություն տրամադրողների ցանկում ընդգրկել նաեւ ներդրումային ընկերություններին,  որոնք նույնպես վարկեր են տրամադրում: Լրամշակված նախագծերում նաեւ նախատեսվել է վարկային տեղեկատվության  պահպանման շարունականությունն ապահովող դրույթ, որի համաձայն տվյալների բազան, վարկային բյուրոյի չգործելու կամ այլ դեպքերում, կարող է  ի պահ տրվել Կենտրոնական բանկին: ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի եզրակացությունը, որ ներկայացրեց Արծվիկ Մինասյանը, դրական էր:  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում ՀՅԴ խմբակցության պատգամավորների հեղինակած փոփոխությունները նիստում ներկայացրեց նախագծի համահեղինակ Արա Նռանյանը: Նա նկատեց, որ  տնտեսական հանձնաժողովի երկու անդամների` Հերմինե Նաղդալյանի եւ Վարդան Բաստանջյանի առաջարկության հիման վրա փաստաթուղթը վերախմբագրվել է` երկիմաստությունները բացառելու նպատակով: Տնտեսական հարցերի հանձնաժողովը այս նախագծին եւս դրական եզրակացություն է տվել:
 
Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը  տեղեկացրեց, որ գրավոր առաջարկներ չեն ստացվել «Պետական կառավարչական հիմնարկների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» հարցի վերաբերյալ: Նա պատգամավորների գնահատմանը ներկայացրեց մեկ այլ` «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության   նախաձեռնությունը, որն առաջարկվում է ընդունել առաջին ընթերցմամբ: Այս առաջարկությամբ նախատեսվում է պաշտպանության համակարգում ներդնել քաղաքացիական հատուկ ծառայության ինստիտուտ` 2009 թ. հունվարի մեկից: ործող օրենքը նախատեսում էր  քաղաքացիական ծառայությանն անցում 2 ամիս ավելի շուտ:  Սահմանված է հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկն ու  նշանակման կարգը: Կառավարությունը որպես հատուկ ծառայություն է առաջարկում դիտարկել նաեւ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում ծառայությունը, ինչի վերաբերյալ պատգամավորները որոշ վերապահումներ եւ լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեն: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի անդամ Գալուստ Սահակյանը, նկատելով, որ հանձնաժողովում քննարկումների ընթացքում բարձրացված հարցերը հիմնականում վերաբերել են անվտանգության խորհրդին, առաջարկեց այդ հարցերին անդրադառնալ առաջին ընթերցումից հետո: 

ՀՀ ‎ֆինանսների նախարարի տեղակալ  Վարդան Արամյանը պատգամավորներին առաջարկեց վավերացնել  «ՀՀ կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ ֆինանսական արձանագրությունը»: Այն նախատեսում է, որ Ֆրանսիայի կառավարությունը որպես ֆինանսական աջակցություն շուրջ քսանհինգ միլիոն եվրո  հատկացի Հայաստանին` խմելու ջրի համակարգը բարելավելու եւ մաքրելու համար: ումարը տրամադրվում է 20 տարի ժամկետով, որից 5-ը` արտոնյալ, եւ 1,75 տոկոս մարման տոկոսադրույքով: Հարցի քննարկումը կշարունակվի սեպտեմբերի 30-ին:


29.09.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ծրագրային ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
«Նախ, թույլ տվեք հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը Ազգային Ժողովի  նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար։ Հայտնել իմ երախտագիտությունը նա՛խ եւ առաջ երկրի նախագահին, քաղաքական կոալիցիայի մաս կազմող կուսակցություններին այս պատվաբեր եւ պատասխանատու պաշտոնում իմ թեկնածությունը եր...

29.09.2008
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորանքը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին շնորհավորանքի խոսք է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը.«Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում Ձեզ եւ շնորհավորում ՀՀ Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:Տարիներ ...

29.09.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կենսագրությունը
Հովիկ Արգամի Աբրահամյանը ծնվել է 1958 թ. հունվարի 24-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում:Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:Ծառայել է խորհրդային բանակում:1990-1991 թթ. եղել է Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ:1991-1995 թթ. աշխատել է Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն:1995-1...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am