National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.9.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
29.09.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ծրագրային ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
«Նախ, թույլ տվեք հայտնել իմ անկեղծ երախտագիտությունը Ազգային Ժողովի  նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու համար։ Հայտնել իմ երախտագիտությունը նա՛խ եւ առաջ երկրի նախագահին, քաղաքական կոալիցիայի մաս կազմող կուսակցություններին այս պատվաբեր եւ պատասխանատու պաշտոնում իմ թեկնածությունը երաշխավորելու համար։

Ինձ համար Ազգային Ժողովը հոգեհարազատ կառույց է։ Վերջին 15 տարիների ընթացքում ես եղել եմ թե՛ Ազգային Ժողովի պատգամավոր, թե՛ կառավարության անդամ, ուստի վստահ կարող եմ ասել, որ քաջատեղյակ եմ Ազգային Ժողովի գործունեության առանձնահատկություններին։
 Իսկ այժմ թույլ տվեք ներկայացնել այն ծրագրային հիմնադրույթներն ու մոտեցումները, որոնք, իմ ընտրվելու պարագայում, ես փորձելու եմ իրականացնել ձեզ հետ միասին։ 

  Առաջինը` խորհրդարանի բնականոն եւ արդյունավետ գործունեության համար խիստ անհրաժեշտ փոխադարձ հարգանքի, հադուրժողականության եւ գործընկերության մթնոլորտի ապահովումն է։ 

Կարծում եմ, բոլորդ կհամաձայնեք, որ երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմնում աշխատելը, առավել եւս՝ այդ մարմնի աշխատանքները համակարգելը մարդկային կոնկրետ որակներ են պահանջում. համարձակ որոշումներ կայացնելու վճռականություն, բայցեւ՝ փոխզիջումների գնալու կարողություն եւ կամք։ Օրենսդիր մարմնի աշխատանքները համակարգելը պահանջում է նաեւ պարզ եւ անկեղծ մարդկային շփումների որակներ, եւ իհարկե՝ քաղաքական փորձառություն։
Իմ պատկերացմամբ` խորհրդարանի նախագահը նախ եւ առաջ գործընկեր է, ոչ թե ղեկավար։ 

 Այս դահլիճում ներկա գրեթե բոլոր պատգամավորները գիտեն ինձ, գիտեն իմ ունակությունները, իմ ուժեղ ու երեւի թե նաեւ թույլ կողմերը։ Ձեզանից շատերի հետ մենք երկար տարիների գործընկերային եւ մարդկային ջերմ հարաբերություններ ունենք։ Եւ դուք, վստահ եմ, չեք կասկածում, որ Ազգային ժողովի հեղինակության խնդիրը ինձ համար դառնալու է պատվի եւ արժանապատվության խնդիր։

Եւ մի բանում ես ավելի քան վստահ եմ. վստահ եմ, որ այնպես եմ անելու, որ ցանկացած բանավեճ կամ անհամաձայնություն երբեւէ չանդրադառնա խորհրդարանի բնականոն գործունեության եւ աշխատանքային մթնոլորտի վրա։

Ուզում եմ նաեւ հստակ ընդգծել, որ հետեւողական եւ սկզբունքային եմ լինելու երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերում եւ ազնիվ՝ մարդկային  հարաբերություններում։ 

Երկրորդ՝ վերջին ժամանակաշրջանում մեզ վիճակված էր հաղթահարել փորձություններով եւ մարտահրավերներով լի շրջան։ Հստակ է, որ այս նոր իրողությունների պայմաններում թե՛ իշխանությունն ու ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերը, եւ թե՛ հասարակությունը հսկայական անելիք ունեն։ Որովհետեւ մենք բոլորս ենք պատասխանատու մեր երկրի այսօրվա ու վաղվա համար։

Իսկ այսօրվա հրամայականն է, որ օրենսդիր մարմնում դրվի քաղաքական գործընթացների եւ ավանդույթների սկիզբ, որ մենք մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին անդրադառնանք նո՛ր մոտեցումներով, լուծումների նո՛ր հայեցակարգով, առավել ուշադիր լինենք հասարակության բոլոր շերտերի կարծիքների հանդեպ։

Անհրաժեշտ է, որ շարունակենք ընդունել օրենքներ, որոնք կբխեն մեր պետության եւ մեր ժողովրդի բարեկեցության շահերից։
Մենք չպետք է զգուշանանք սուր անկյուններից, չպետք է խուսափենք հրապարակայնությունից եւ հիմնահարցերը բաց ու համակողմանի քննարկելուց։ Դա է խորհրդարանի խնդիրը՝ լինել քաղաքական իրական քննարկումների, կարծիքների եւ տեսակետների բախման, համաձայնության եւ համագործակցության ամբիոն։

Մենք պետք է կարողանանք քաղաքական բանավեճերը փողոցներից եւ հրապարակներից բերել խորհրդարան, որպեսզի դրանք անպտուղ հռետորությունից վերածվեն կառուցողական համագործակցության եւ արդյունավետ աշխատանքի։

Խորհրդարանական քննարկումներում է ամրանում ժողովրդավարությունն ու բազմակարծությունը, այստեղ է, որ ամբոխահաճության փոխարեն պետք է արժեւորվեն ամենօրյա պատասխանատու աշխատանքը, նվիրումն ու պատասխանատվությունը։

Երրորդ՝ ես վստահեցնում եմ, որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի խորհրդարանը հանրության համար դառնա բաց եւ հրապարակային ամբիոն, ամեն ինչ անելու եմ, որ Ազգային Ժողովը հասու լինի մեր բոլոր հայրենակիցների, սոցիալական եւ հասարակական տարբեր խավերի ներկայացուցիչների համար։ Պատճառը առավել քան հիմնավոր է։ Մենք պետք է պատրաստ լինենք  աշխատել առավել բաց եւ հրապարակային, լսել եւ քննարկել այլոց տեսակետները, ուշադիր եւ հանդուրժող լինել այլակարծության ու քննադատության նկատմամբ։ 

 Չորրորդ՝ բացի Հայաստանի թիվ մեկ հարթակը լինելուց, Ազգային Ժողովին մեր երկրի Սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված են բազմաթիվ գործառույթներ եւ պատասխանատվության ոլորտներ, որոնց լիարժեք իրագործման հարցում մեր խորհրդարանը պետք է հետեւողականորեն ավելացնի իր քաղաքական կշիռն ու հեղինակությունը պետական իշխանության համակարգում եւ հանրության մեջ։ 

 Ազգային Ժողով-կառավարություն փոխհարաբերությունները պետք է կրեն գործընկերային եւ համագործակցային բնույթ։ 

 Մեր աշխատանքը շատ ավելի օգտավետ կլինի պետական եւ կառավարման բոլոր հաստատությունների միջեւ առավել սերտ գործակցության միջոցով։
  Ազգային ժողովը պետք է առավել մեծ ծավալով եւ հետեւողականությամբ իրականացնի իր վերահսկողական լիազորությունները մեր քաղաքացիների անմիջական մասնակցությամբ գոյացող պետական բյուջեի միջոցների նպատակային եւ արդյունավետ օգտագործման, պետական բյուջեի կատարման հարցում։

Եւ վերջապես հինգերորդ՝ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք լուծելու ոչ միայն երկրի ներսում, այլեւ միջազգային ասպարեզում։ 

Միջազգային հարաբերությունների արդի իրողությունների պայմաններում առավել քան կարեւորվում է խորհրդարանական դիվանագիտության դերը, միջազգային կառույցներում մեր առավել հետեւողական եւ առավել լիարժեք աշխատանքը։ 

Հանրապետության նախագահի կողմից որդեգրած նախաձեռնողական արտաքին քաղաքականության պայմաններում մենք չենք կարող անմասն մնալ մեր երկրի շահերի հետեւողական պաշտպանումից։ Մենք պարտավոր ենք առավել ակտիվ մասնակցել Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության ամրապնդմանն ուղղված քայլերին, մեր երկրի շահերի համակողմանի եւ հետեւողական պաշտպանությանը։

Հարգելի գործընկերներ, ասելիքս շատ է, գերակայությունները՝ նույնպես։ Առայժմ, սակայն, սահմանափակվեմ այսքանով։ Իմ կարգախոսը պարզ է. մենք այստեղ ենք՝ աշխատելու համար։ Մեզանից եւ ոչ մեկը արտոնյալ չէ։ 

 Մեզ պետք է ընտրողի ու սեփական խղճի առաջ առավել պատասխանատու եւ հաշվետու խորհրդարան, որը կառաջնորդվի պետության ու հայրենիքի շահերով։

Երբեք չմոռանանք, որ մեզ բոլորիս քվե են տվել Հայաստանի Հանրապետության խնդիրներով զբաղվելու համար, դրանք լուծելու, եւ մեր հայրենիքը աշխարհի առաջադեմ պետությունների շարքում տեսնելու համար։

Ուրեմն եկեք միասին, համատեղ ուժերով իրականացնենք այդ արժանապատիվ առաքելությունը։

Ի վերջո, մենք բոլորս պատասխանատու ենք մեր ժողովրդի առջեւ։ Մենք պատասխանատու ենք մեր հայրենիքի համար։ Մենք պատասխանատու ենք այն ընթացքի համար, որ կորդեգրի մեր երկիրը առաջիկա տարիներին։

Եւ պատասխանատվության հենց այս գիտակցումով կրկին շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի բարձր պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու եւ ինձ աջակցելու համար»:
 
 

29.09.2008
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորանքը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին շնորհավորանքի խոսք է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը.«Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում Ձեզ եւ շնորհավորում ՀՀ Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:Տարիներ ...

29.09.2008
Հովիկ Աբրահամյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ
Սեպտեմբերի 29-ի քառօրյա նիստերն սկսվեցին  ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագծի եւ քառօրյա նիստերի օրակարգի հաստատումով: Պատգամավորները միաձայն վավերացրեցին 1997 թվականի սեպտեմբերի 17-ին ստորագրված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանա...

29.09.2008
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կենսագրությունը
Հովիկ Արգամի Աբրահամյանը ծնվել է 1958 թ. հունվարի 24-ին, Արարատի մարզի Մխչյան գյուղում:Ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:Ծառայել է խորհրդային բանակում:1990-1991 թթ. եղել է Բուրաստանի կոնյակի գործարանի բաժնի պետ:1991-1995 թթ. աշխատել է Արտաշատի գինու-կոնյակի գործարանի տնօրեն:1995-1...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am