National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
05.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
19.12.2007
Ազգային ժողովում սկսվեցին «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով խորհրդարանական լսումները

Դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովում սկսվեցին ԱԺ  արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած  «Հայ-թուրքական հարաբերություններ. հիմնախնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով  երկօրյա խորհրդարանական լսումները:  Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, կառավարության,  դիվանագիտական առաքելությունների, միջազգային, քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների, քաղաքական հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ եւ փորձագետներ:

Ողջունելով ներկաներին`  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նշեց, որ լսումների անցկացումը  վաղուց հասունացել էր: Նշվեց, որ դժվար է գերագնահատել հայ-թուրքական հարաբերությունների կարեւորությունը եւ չկա այնպիսի  հարց, որն այդքան ազդեցիկ է եղել մեր ժողովրդի պատմության մեջ, նրա անցյալի, ներկայի եւ ապագայի հարցում: Պարոն Ռուստամյանը  նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունները իրենց ընդգրկումով, ընկալումով եւ տարողությամբ դուրս են գալիս միջպետական, երկու երկրների հարաբերությունների շրջանակից եւ,  բնականաբար, խորհրդարանը պետք է ընդգրկվեր այդ գործընթացի մեջ: Նրա խոսքով խորհրդարանական   լսումները նպատակ ունեն լայն քննարկման արդյունքում պարզաբանելու հայ- թուրքական հարաբերություններում առկա ճգնաժամի պատճառները, գնահատելու գոյություն ունեցող հիմնախնդիրների բնույթը եւ ճշգրտելու խորհրդարանական դիվանագիտության հնարավորություններն ու մեխանիզմները` այդ հարաբերությունների կարգավորման գործում:  

 Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը.
«Հարգելի բարեկամներ, տիկնայք եւ պարոնայք, նախ ուզում եմ բոլորին ողջունել այսօր այստեղ լինելու համար: Մեզ համար չափազանց կարեւոր է, որ այս լսումներին մասնակցում են ոչ միայն խորհրդարանի, կուսակցությունների ներկայացուցիչներ, այլեւ հասարակության բոլոր շերտերի, գիտական շրջանակների ներկայացուցիչները: Կարեւոր է նաեւ, որ մասնակցում են տարբեր երկրների եւ տարբեր կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, քանզի այս խնդիրն ունի բացառիկ նշանակություն ոչ միայն երկկողմ հարաբերությունների տեսակետից: Այս առումով ես ուզում եմ մեծապես գնահատել այն դերակատարությունը, որ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ունեցավ այս լսումները կազմակերպելու ընթացքում: Ուզում եմ հիշեցնել, որ ԼՂ  խնդրին նվիրված քննարկում եւս մենք ունեցել ենք այս դահլիճում, եւ կյանքը ցույց տվեց, որ դա ոչ միայն անհրաժեշտ, այլեւ չափազանց օգտակար քննարկում էր: Ավելին, ուզում եմ ասել, որ այսօրվա լսումներով մենք ոչ թե ավարտելու ենք կամ վերջակետ ենք դնելու հայ-թուրքական հարաբերությունների խնդրին, այլ ճիշտ հակառակը` թեեւ մեր երկրում հայ-թուրքական հարաբերություններին նվիրված բազմաթիվ հանդիպումներ, բազմաթիվ քննարկումներ տարբեր շրջանակների կողմից մշտապես իրականացվում են, սակայն այս լսումներն այդ հարթությունում եւս ունեն առանձնահատուկ նշանակություն: Սրանով, կարծում եմ, բացվում է լայն քննարկումների մի դուռ ու հնարավորություն, եւ այս երկու օրերի ընթացքում մենք, հավանաբար, ոչ այնքան պատասխանները տանք բազմաթիվ հարցերի եւ խնդիրների, այլ, որ պակաս կարեւոր չէ, հստակորեն կձեւակերպենք այդ հարաբերություններին առնչվող հարցադրումները, մոտեցումները, դրանք գնահատելու սկզբունքները:

Խորհրդարանը պատրաստ է հետագայում եւս նման միջոցառումներ իրականացնել, բայց ոչ միայն նման միջոցառումներ, այլ նաեւ միջոցառումներ, որոնք կբխեն այս լսումներից: Ավելին` խորհրդարանը պատրաստ է նաեւ միջազգային հարթությունում իր կարեւոր դերակատարությունը ունենալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման տեսակետից: Ահա այս առումով ես եւս մեկ անգամ ուզում եմ կարեւորել այսօրվա միջոցառումը եւ վստահ եմ, որ այն ունենալու է իր շարունակությունը:

Հարգելի բարեկամներ, ձեր ուշադրությունը չծանրաբեռնելու նպատակով մենք որոշել ենք ձեզ առաջարկել, որ ստորեւ տեսակետը  ընդունեք որպես  Հանրապետական կուսակցության տեսակետը:

Հայ-թուրքական հարաբերությունները կամ ցանկացած քիչ թե շատ բարդ խնդիր ունի տարբեր շերտեր, տարբեր բաղադրիչներ` տնտեսական, քաղաքական, մշակութային, նաեւ հոգեբանական, սակայն ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում թերեւս առաջին պլան է մղվել հենց քաղաքական բաղադրիչը` հոգեբանական ենթատեքստով: Եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ այս բաղադրիչն ունի ոչ միայն երկկողմ հարաբերությունների նշանակություն, այլ նաեւ տարածաշրջանային (նկատի ունեմ մեր հարեւաններին եւ մեր երկիրը) եւ ավելի լայն նշանակություն (նկատի ունեմ այն մեծ տարածաշրջանը, որի մեջ գտնվում են Հայաստանը եւ Թուրքիան): Նման բարդ խնդիրներ քննարկելիս ամենակարեւոր հարցը, որ պետք է լուծել, հետեւյալն է` այդ խնդիրները ո՞ր արժեքային համակարգում են քննարկվելու եւ ո՞ր գլոբալ երեւույթների կամ գործընթացների ենթատեքստում: Կարծում եմ` սա այն բանալին է, որը կարող է մեզ տանել դեպի հարաբերությունների կարգավորում, որովհետեւ երբ նման հստակեցում չկա, երբ մոտեցումները պարզ չեն, տարատեսակ խնդիրներ են գալիս ասպարեզ, եւ դրանք, մեկը մյուսի վրա բարդվելով, հանգեցնում են բավականին դժվարին կացության, եւ թվում է, թե կողմերից յուրաքանչյուրն ունի հարցադրումներ, որոնք ինքնին չափազանց կարեւոր են եւ որտեղ կարող են ներկայացնել իրենց տեսակետից ճիշտ եւ կարեւոր հարցադրումներ, սակայն դա չի օգնում խնդիրը լուծելուն: Այս պարագայում, կարծում եմ, մենք հիանալի հնարավորություն ունենք ձեւակերպելու այն արժեքային համակարգը եւ այն հարթությունը,  որտեղ պետք է այդ խնդիրները լուծվեն: Դա կլինի իրապես այն հնարավորությունը, որը լիարժեք եւ անկեղծ օգտագործելու դեպքում հնարավոր է կարգավորել հարաբերությունները: Մեր երկիրը բազմիցս հայտարարել է, որ եվրոպական ինտեգրումն իր համար արտաքին հարաբերություններում գերակա ուղղություն է: Մենք եւ Թուրքիան Եվրոպայի խորհրդի անդամ երկրներ ենք, Թուրքիան նպատակ ունի անդամակցել Եվրոպական Միությանը: Կարծում եմ` ակնհայտ է, որ այն հարթությունը, որտեղ մենք պետք է քննարկենք առկա խնդիրները, եվրոպական ինտեգրման հարթությունն է, այն սկզբունքներն ու արժեքները, որոնք պիտի մենք օգտագործենք առկա խնդիրների լուծման, դժվարին հանգույցները քանդելու համար, եվրոպական արժեքներն են եւ եվրաինտեգրման գործընթացը: Չափազանց կարեւոր է, որ կողմերն ունենան անկեղծ եւ շիտակ վերաբերմունք այս հարթությունում, իսկ դրա բացահայտման համար, իսկապես, եթե կա արժեքային համակարգ ու կան սկզբունքներ, ամեն ինչ շատ հեշտ է դառնում: Ահա սա է այն կարեւոր հանգամանքներից մեկը, որը հաշվի առնելով` մենք մշտապես, տարիներ շարունակ հայտարարել ենք, որ մենք կարծում ենք, որ Թուրքիայի ձգտումը Եվրոպական Միություն չափազանց կարեւոր է, եւ մենք կուզենանք, որ Թուրքիան լինի Եվրոպական Միության անդամ, բայց իհարկե ակնհայտ է, որ այստեղ կա նաեւ երկրորդ խնդիրը: Խնդիրն այն չէ, թե Հայաստանի ցանկությամբ է այս կամ այն երկիրն անդամակցում Եվրոպական Միությանը, բացարձակապես, մենք, իհարկե, շատ լավ դա հասկանում ենք:  Կարծում եմ` պարզ է մեկ բան` ցանկացած երկիր կուզենա, որ իր հարեւանը լինի հստակ արժեքային համակարգի, իր համար ընդունելի սկզբունքների շրջանակներում, լինի կանխատեսելի, հարաբերությունները լինեն ապահով, ահա սա է այն հիմքը, որը մեզ հնարավորություն է տալիս նման ցանկություն արտահայտելու: Ի վերջո Եվրոպական Միությանը երկրներն անդամակցում են ոչ թե իրենց հարեւանների կամ այլ երկրների կարծիքի հիման վրա,  այլ բավարարելով հայտնի չափանիշների եւ սկզբունքների եւ, իհարկե, մենք կուզենանք, որ մեր բոլոր հարեւանները այդ սկզբունքներին եւ չափանիշներին բավարարեն: Շատ կարեւոր է նաեւ մեկ այլ հանգամանք` անհրաժեշտ է, որ եվրոպական կառույցները պարզ ու հստակ դիրքորոշում ունենան մեր հարաբերությունների հետ կապված ոչ թե այն առումով, որ միջամտեն մեր հարաբերություններին կամ մեր փոխարեն խնդիրները լուծեն: Բացարձակապես: Բայց պարզ ու հստակ դիրքորոշումները, որոնք սահմանվում են հայտնի սկզբունքների ու արժեքների համակարգում, մեզանից յուրաքանչյուրին ստիպելու են, որ մենք մեզ հաշիվ տանք` մենք գործու՞մ ենք այն արժեքային համակարգում, որը ընդունել ենք անդամակցելով Եվրոպայի խորհրդին, որը ընդունել ենք հայտարարելով եվրոպական ինտեգրումը գերակա ուղղություն, թե՞ ոչ: Ահա այստեղ է, որ հստակվելու է յուրաքանչյուրի ցանկությունները եւ անկեղծությունը: Ակնհայտ է մեկ բան, որ մեր հարեւանները ի տարբերություն մեր երկրի նախապայմաններ են դնում հարաբերությունների բարելավման տեսակետից: Սակայն մի՞թե նախապայմաններ առաջադրելը անգամ, դեռեւս չանդրադառնալով դրանց բովանդակությանը, տեղավորվում է եվրոպական մոտեցումների, եվրոպական ինտեգրման կամ հայտնի սկզբունքների ու արժեքների շրջանակներում: Չեմ ուզում մեր հարեւաններին մեղադրել, սակայն այդ արժեքները եւ եվրաինտեգրման ողջ գործընթացը մեզ համոզում է, որ այդպես չէ: Ուզում եմ հիշեցնել մեկ օրինակ, որը, կարծում եմ, չափազանց խոսուն է: Եվրոպական Միության հիմքերը դրվեցին 1949 թ., մի բավականին դժվարին ժամանակահատվածում, երբ նոր էր ավարտվել երկրորդ համաշխարհային պատերազմը, եւ բոլորը կարծում էին, որ ահա սկսվելու է ֆրանս-գերմանական նոր պատերազմ հայտնի խնդիրների պատճառով` հանքավայրերի եւ այլն, որը հանրահայտ էր: Եվ այդ ժամանակ իսկապես հրաշք տեղի ունեցավ, հրաշք` բայց ոչ ինչպես հեքիաթում, այլ այն բանի շնորհիվ, որ այդ արժեքներն ու սկզբունքները հարազատ էին եւ Ֆրանսիային, եւ երմանիային: Եվ առկա խնդիրները մի կողմ դնելով` երկու երկրները դրեցին եվրաինտեգրման եւ Եվրոպական Միության հիմքերը` բոլոր խնդիրների լուծումները թողնելով ապագային, որովհետեւ չափազանց կարեւորեցին տարածաշրջանային զարգացումը, չափազանց կարեւորեցին Եվրոպայի ապագան` շատ լավ հասկանալով տարածաշրջանի առջեւ կանգնած մարտահրավերները եւ ի վերջո հավաստելով իրենց նվիրումը եվրոպական արժեքներին ու սկզբունքներին: Սա չափազանց կարեւոր օրինակ է: Անկախ նրանից, թե ով ինչպես կհիմնավորի իր նախապայմանները, այս հիանալի օրինակը  ցույց է տալիս, որ եթե իրական ցանկություն կա խնդիրներ լուծելու, ապա պետք է ընտրել ճիշտ հարթություն, ճիշտ արժեքներ, սկզբունքներ, դրանց հիման վրա կառուցել հարաբերությունները եւ առկա խնդիրների քայլ առ քայլ լուծումը հետաձգել ապագային:

Երբ Հայաստանը հայտարարել ու հայտարարում է, որ պատրաստ է առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ, խորացնել համագործակցությունը, դա անում է ոչ թե այն պատճառով, որ մեր հարաբերություններում որեւէ խնդիր չի տեսնում: Իհարկե կան. 1921 թ. Կարսի պայմանագիրը ձեզ օրինակ, որով երկու երկիր, առանց Հայաստանի մասնակցության, գծեցին Հայաստանի սահմանները: Այդ խնդիրների մասին խոսվել է, այսօր էլ այստեղ խոսվելու է եւ շարունակվելու է խոսվել, բայց մենք կարեւորում ենք, իսկապես, այն հարթությունը, որտեղ պիտի հարաբերությունները կարգավորվեն: Մենք վստահ ենք, որ, այո, ինչքան էլ դժվար լինի, առանց նախապայմանների է միայն հնարավոր հաստատել երկխոսություն, հաստատել հարաբերություններ եւ ապահովել վստահություն` հետագայում անդրադառնալով առկա խնդիրներին: Սա է միակ ճանապարհը: Սա միակ ճանապարհն է ոչ միայն այն պատճառով, որ սա մեր դիրքորոշումն է, ոչ, բացարձակապես, սա միակ ճանապարհն է այն հարթությունում եւ այն արժեքների շրջանակում, որի մասին ես ասացի:

Եթե անդրադառնանք այդ նախապայմաններին, ապա, կարծում եմ, ակնհայտ կդառնա, որ դրանք իսկապես չեն կարող դառնալ երկու երկրների հարաբերությունների կարգավորման հիմք: Թուրքիան առաջարկում է մի քանի պայման` ասում է` դուք պիտի մոռանաք ցեղասպանությունը, բայց նույն Թուրքիան այդ երեւույթը իր դատարաններում դատապարտեց եւ դատապարտեց անգամ մահապատժի այն մարդկանց, ովքեր ղեկավարում էին այդ գործը: Մենք հիմա չենք ասում սրա մասին խոսենք, բայց մի՞թե ակնհայտ չէ` եթե ցեղասպանությունը դառնար նախապայման, ուրեմն դա հենց Հայաստանի նախապայմանը պիտի լիներ` որպես Թուրքիայի կողմից ճանաչում:  Բայց Հայաստանը դա չի անում: Ասվում է` գիտեք ձեր հայրենակիցներին, որոնք դրսում են ապրում, որոնք, դժբախտաբար, այդ ողբերգական իրադարձությունների հետեւանքով մեր հայրենիքում չեն ապրում, ասում են` լռեցրեք իրենց, թող չխոսեն ցեղասպանության մասին, թող չխոսեն Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ, բայց եկեք այդ արժեքային համակարգում, մարդկանց ազատության ու խոսքի իրավունքի շրջանակում, տեսնենք, թե ինչքանո՞վ է այդ հարցադրումը հիմնավոր: Հայաստանը չունի ոչ միայն բարոյական իրավունք լռեցնելու մեր հայրենակիցներին, այլեւ` ցանկություն: Մեր բազմաթիվ հայրենակիցներ Եվրամիության տարբեր երկրների քաղաքացիներ են եւ նույնքան իրավունք ունեն տարբեր խնդիրների քննարկմանը մասնակցել, որքան այդ երկրների ցանկացած այլ քաղաքացիներ` առանց այն հանգամանքի, թե ինչ ծագում ունեն իրենք: Առավել եւս, որ մեր հայրենակիցները օրինապահ քաղաքացիներ են այն երկրների, որտեղ ապրում են: Այստեղ եւս եվրոպական արժեքների հարթությունում որեւէ նախապայման դնելու հիմք չկա: Ասվում է` ահա այս-այս խնդիրները կլուծեք Ղարաբաղի հետ կապված, եւ մենք այդ ժամանակ պատրաստ կլինենք ձեզ հետ խոսելու: Զարմանալի մի բան կա, ընդամենը երեկ աչքովս ընկավ լրահոսքի մեջ ադրբեջանցի մի վերլուծաբանի կարծիք, ըստ որի Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կօգնի Ղարաբաղի խնդրի կարգավորմանը: Անկեղծ ասած, ինձ համար շատ անսպասելի էր սա եւ առաջին անգամ էր: Եթե շատ ավելի քիչ փորձ ունեցող Ադրբեջանում դա սկսել են հասկանալ, ես կարծում եմ` Թուրքիայում եւս գոնե որոշ ժամանակ անց պետք է գիտակցվի: Մենք հրավիրել էինք եւ մեր գործընկերներին եւ Թուրքիայի տարբեր խավերի ներկայացուցիչների` մասնակցելու այս լսումներին, ցավոք, գեթ մեկն այս դահլիճում ներկա չէ: Իսկ ինչպե՞ս պիտի լինի խնդրի լուծումը, եթե ոչ երկխոսության միջոցով:

Ես չեմ ուզում շատ ծանրաբեռնել ձեր ուշադրությունը եւ ուզում եմ շատ կարճ ամփոփել: Իսկապես, մենք տեսնում ենք խնդրի լուծումը եվրաինտեգրման հարթությունում, սա չափազանց կարեւոր է եւ մեր փոքր տարածաշրջանի, եւ եվրոպական ընտանիքի համար եւ այստեղ ակնկալում ենք շատ ավելի ակտիվ մասնակցություն եվրոպական կառույցների, մասնավորապես ԵԽԽՎ-ի: Ի վերջո մենք` երկու երկրներս, անդամներ ենք այդ կառույցի եւ շատ կարեւոր է, որ ընդհանուր բարի ցանկությունների հայտարարությունից զատ այդ կազմակերպությունների կողմից լինեն նաեւ կոնկրետ նախաձեռնություններ: Ես չեմ ակնկալում, որ որեւէ մեկը, որեւէ կառույց մեր խնդիրները պիտի լուծի, սակայն ես ակնկալում եմ, որ հավատարիմ այն արժեքներին, որոնք հռչակված են, այդ կազմակերպությունները պետք է հենց այդ արժեքների հարթությունում նախաձեռնություն ցուցաբերեն: Դա կլինի լավագույն աջակցությունը մեր երկու երկրներին: Երկրորդ` ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, այո, մեզ համար չափազանց ցանկալի է, որ մեր հարեւանները, այդ թվում Թուրքիան, լինեն Եվրամիության անդամ` անվերապահորեն բավարարելով բոլոր պայմանները, որոնք կան նման ձգտումներ ունեցող երկրների համար: Վստահ եմ, որ այդ ժամանակ ավելի հեշտ կլինի բազմաթիվ այլ խնդիրներ լուծել: Եվ երրորդ` միանշանակորեն տարիներ շարունակ մենք պնդել ենք եւ շարունակելու ենք պնդել, որ մենք պատրաստ ենք առանց որեւէ նախապայմանի հարաբերություններ հաստատել, հաստատել երկխոսություն, եւ դա է լինելու հաջողության ճանապարհը: Մենք ունենք անհրաժեշտ կամք եւ ունենք անհրաժեշտ քաջություն խնդրի լուծումը պատմաբանների վրա չբարդելու համար: Պատմաբաններն ունեն իրենց գործը, ոչ ոք իրենց չի խանգարում իրենց գործն անել, բայց քաղաքական խնդիրների կարգավորումը քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների գործն է եւ պետք է այդ կամքն ու կարողությունը դրսեւորել:

Ավարտելով խոսքս` ուզում եմ վստահություն հայտնել, որ, իսկապես, այս դահլիճում նախատեսված քննարկումներն օգտակար կլինեն, եւ մենք կփորձենք հստակեցնել հարթությունը, որտեղ քննարկումներ ենք ունենալու, խնդիրները, որոնք մեզ համար չափազանց կարեւոր են, եւ ամենակարեւորը` մատնանշել այն ճանապարհները, որոնք մեզ տանելու են հարաբերությունների կարգավորում անկախ այն բանից, թե մատնանշված ճանապարհներից որ մեկին այս դահլիճում նստած կամ դահլիճից դուրս գտնվող մարդկանցից քանիսը կաջակցեն: Անկեղծ մոտեցումն ու ճանապարհի մատնանշումը նույնքան կարեւոր է, որքան այդ ճանապարհի իրական ընտրությունը»: 

ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մասնավորապես ասաց.

«Մեծարգո պարոն նախագահ, մեծարգո նախագահող, հարգելի պատգամավորներ, սիրելի հայրենակիցներ, հյուրեր, դիվանագետներ, ես նույնպես կարեւորում եմ այս լսումները, միանում եմ պարոն Տիգրան Թորոսյանին եւ Արմեն Ռուստամյանին իրենց հիմնավորումների մեջ: Իրոք, մենք ունենք մի այլ փորձ` դա Ղարաբաղի լսումներն էին, որոնք օգտակար էին անձամբ ինձ համար, հատկապես, երբ բոլոր ելույթները հրապարակվեցին: Ես նաեւ շնորհակալություն եմ հայտնում ինձ այս հնարավորությունը ընձեռելու համար, որովհետեւ սա հնարավորություն է տալիս մեկ անգամ եւս այս բարձր ամբիոնից ճիշտ շեշտադրումներով ներկայացնել Հայաստանի արտաքին քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, ՀՀ մոտեցումները: ...Ես կփորձեմ առավել հիմնավորված եւ համապարփակ ներկայացնել մեր մոտեցումները, պատկերացումներն ու ընկալումները  հայ-թուրքական հարաբերությունների եւ անցյալի եւ ներկա վիճակի, բայց հատկապես հնարավոր լուծումների եւ կարգավորման կապակցությամբ: Պարզ է, որ հայ-թուրքական հարաբերությունները  բավական բարդ են, բարդությունը հիմնականում կայանում է նրանում, որ այստեղ մի կողմից կա անցյալի բեռը եւ կա այսօրվանը, այս տարածաշրջանում միասին ապրելու, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, խաղաղության եւ կայունության մեջ ապրելու հրամայականը: Եւ Հայաստանի անկախության առաջին օրվանից մինչեւ այսօր, եւ կլինի նույնը ապագայում, մեզ համար իսկապես մեծ մարտահրավեր է եղել` ինչպես համադրել այդ երկուսը` անցյալը ներկայի եւ ապագայի հետ: Հայաստանի մոտեցումը եղել է այն, որ անցյալի խնդիրները, ինչքան էլ դրանք փակ լինեն, միայն ու միայն հնարավոր կլինի քննարկել, կարգավորել, լուծել, եթե երկու երկրների միջեւ լինեն նորմալ հարաբերություններ, բաց սահմաններ, դիվանագիտական հարաբերություններ: Թուրքիայի մոտեցումը այս տարիների ընթացքում եղել է եւ շարունակվում է մնալ հակառակը: Թուրքիան ուզում է կարգավորել անցյալի խնդիրներն ու ստանալ իրեն բավարարող պատասխաններ ու լուծումներ եւ միայն դրանից հետո հաստատել դիվանագիտական հարաբերություններ եւ բացել սահմանը Հայաստանի հետ: Սա նշանակում է, որ Թուրքիան դնում է նախապայմաններ Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծելու: Հայաստանը նախապայմաններ չունի: Բայց այստեղ նույնպես Թուրքիան շփոթություն է առաջացնում, պատճառահետեւանքային շփոթություն: Նույնիսկ ամենապարզ հարցում Թուրքիան փորձում է շփոթություն առաջացնել: Բայց ո՞րն է սկզբնակետը` պատմությու՞նը, թե այսօր միջպետական, միջկառավարական հարաբերությունները: Միջազգային հարաբերություններում, երբ մի երկիր անկախանում է կամ միաժամանակ երկուսն են անկախանում, առաջին զրոյական սկզբնակետը այս երկու երկրների հարաբերություններում բաց սահմաններն են ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այնպես որ այդ պահանջը, ինչքան էլ մեկը փորձի իր երեւակայությանը ուժ տալ,  հնարավոր չէ համարել որպես նախապայման: Բերվեց նաեւ Եվրոպայի օրինակը, իսկապես, մենք այդ մայրցամաքում ենք գտնվում, մենք այդ արժեքներով պետք է առաջնորդվենք: Ցույց տվեք երկու եվրոպական հարեւան երկիր, որոնք չունեն նման բարդ անցյալ, ինչ մենք ունեցել ենք Թուրքիայի հետ: Կան երկրներ, որոնք իսկապես բարդ անցյալ են ունեցել, բայց այսօր այդ երկրները իրենց անցյալը քննարկում են, փորձում են դրանց լուծումներ տալ, բայց երբեք նրանցից որեւէ մեկը սահման փակելով կամ դիվանագիտական հարաբերություններ խզելով պայմաններ չի դնում, չի պարտադրում մյուս կողմին իր անցյալը հերքելու: Եթե առաջնորդվելու ենք, իսկապես, եվրոպական արժեքներով, ապա սա է ճանապարհը: Մեծ հաշվով սա երրորդ նախապայմանն է, որ Թուրքիան դնում է մեր առաջ, մեծ հաշվով դրանք  երեքն են: Առաջինը` Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է, դա առնվազն Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձն է Ադրբեջանին, երկրորդ` Թուրքիայի սահմանների ճանաչումը Հայաստանի Հանրապետության կողմից, երրորդ` ցեղասպանության հարցի ճանաչումից հրաժարվելը:  Իհարկե, այս 3 պայմանները 15-16 տարիների ընթացքում տարբեր ուժգնությամբ ներկայացվել են: Դրանից էլ ելնելով` հնարավոր է հայ-թուրքական հարաբերությունները բաժանել մի քանի փուլերի. առաջին փուլը 1991-ից մինչեւ 1993 թ. էր, մեր անկախության առաջին տարին էր, դեռեւս չկար Ղարաբաղին առնչվող պայման, բաց էին սահմանները Հայաստանի հետ, Թուրքիան ճանաչել էր Հայաստանի Հանրապետությունը, բայց մերժում էր հաստատել դիվանագիտական  հարաբերություններ: Այս ճանապարհին նա փորձում էր լուծել երկու հարց` սահմանների ճանաչման խնդիրը եւ ցեղասպանության  խնդիրը: Դա չստացվեց, որովհետեւ նրանց ներկայացրածը տրամաբանական չէր: Երկրորդ փուլը`  1993-ից մինչեւ Հայաստանի իշխանափոխությունն էր: Այստեղ, որովհետեւ Ադրբեջանի կորցրած տարածքները եւ մեր ազատագրած տարածքները քանակով ավելացան, Թուրքիան արդեն երրորդ նախապայմանը դրեց` այդ տարածքների  վերադարձը: 1993-ից մինչեւ 1998 թ. ցեղասպանության հարցը մեր արտաքին քաղաքականության օրակարգում չկար, չնայած արծարծվում էր: Քանի որ մեր արտաքին քաղաքականությունը ավելի բարյացակամ էր Թուրքիայի նկատմամբ, Թուրքիան առաջին երկու նախապայմանները` սահմանների ու  ցեղասպանության հարցերը, կարծես թե ժամանակավորապես մի կողմ էր դրել, շեշտը հիմնականում դնում էր ԼՂ հարցի վրա եւ այդպիսով մենք  մինչեւ 1998 թ. որեւէ առաջընթաց չկարողացանք արձանագրել Թուրքիայի նկատմամբ: Իհարկե, այս ժամանակահատվածում սահմանը մնաց  փակ: Երրորդ փուլը իշխանափոխությունից հետո մինչեւ այսօր ընկած ժամանակահատվածն է: Իրավիճակը այսօր մի քիչ ավելի բարդ է, սա պետք է արձանագրել, որովհետեւ այդ երեք նախապայմանները այսօր դրվում են մեր առաջ` միաժամանակ եւ բավական ուժգնորեն` ճանաչել Թուրքիայի սահմանները, հրաժարվել ցեղասպանության խնդրից եւ լուծել ԼՂ հարցը հօգուտ Ադրբեջանի: Իհարկե, այս երեք նախապայմանները զուտ միջազգային հարաբերությունների եւ իրավական տեսանկյունից չեն դիմանա որեւէ քննադատության: Որոշ չափով պարոն Թորոսյանը անդրադարձավ դրան, բայց ես կփորձեմ հիմնավորել: ԼՂ հարցի հետ կապված` սա Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ խնդիր է, սա հայերի եւ ադրբեջանցիների միջեւ խնդիր է: Թուրքիան միջազգային տեսանկյունից ինչքան էլ համակրանք ունենա ադրբեջանցիների նկատմամբ, չի կարող կողմ դառնալ փակելով սահմանը եւ պայմաններ դնելով հայերի առջեւ: Միջազգային հարաբերություններում դա ընդունված չէ: Հենց Թուրքիայի օրինակով ես կարծում եմ, որ այդպիսի հակասություն կա` հաշվի առնելով Կիպրոսի հարցը եւ թուրք-հունական   հարաբերությունները: Երկրորդը` սահմանների ճանաչման խնդիրն է, այստեղ Թուրքիան նման հարց բարձրացնելու նույնիսկ իրավունք չունի, որովհետեւ թերեւս ուժի մեջ են Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերը: Մենք դրանք ժառանգել ենք սովետական ժամանակաշրջանից, մեր օրենսդրությունը այդ հարցերում շատ հստակ է, եթե Սովետական Միությունից  ժառանգված պայմանագրերը չեն հերքվել կամ չեն փոխարինվել նորով, դրանք, թերեւս, մնում են ուժի մեջ: Եթե նրանք ուժի մեջ չեն, ուժի մեջ չեն միայն նրա համար, որ Թուրքիան ինքը կոպտորեն անցել է այս պայմանագրերի դրույթները, բայց մեծ հաշվով մեզ համար դրանք ուժի մեջ են, եւ այդ պայմանագրերը այսօր հստակորեն ուրվագծում են Թուրքիայի ու Հայաստանի սահմանները: Իսկ եթե Թուրքիան իսկապես մտահոգված է դրանով եւ ուզում է դրան լուծում տալ, դրա լավագույն մոտեցումը կլինի Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Միջազգային ընդունված պրակտիկա է, որ ցանկացած դիվանագիտական հարաբերությունների հիմքում դրվում է հուշագիր, որը հիմնվում է երկու երկրների փոխադարձ հարգանքի, սահմանների ճանաչման եւ ներքին գործերին չմիջամտելու դրույթների վրա: Երրորդ`  ցեղասպանության ճանաչման խնդիրը, այստեղ Թուրքիան ուղղակի բարոյական իրավունք չունի նման խնդիր բարձրացնել, դա մեր բարոյական պարտավորությունն է, դա մեր իրավունքն է, մեր շահերի իրավունքների պաշտպանությունն է: Հայաստանը, այո, դրել է իր արտաքին քաղաքականության օրակարգում  ցեղասպանության ճանաչման խնդիրը, բայց Թուրքիայի կողմից այս հարցի ճանաչումը նախապայման չի դարձնում հարաբերությունների նորմալացման համար: Թուրքիան պարզապես իրավունք չունի նման խնդիր բարձրացնել: Ճիշտ է այս հարցը թերեւս նոր երանգներ է ստացել վերջերս, ինչպես պարոն Թորոսյանը նշեց, երբ մեր հայրենակիցներն իրենց համապատասխան երկրների խորհրդարաններում բարձրացնում են այդ հարցը: Թուրքիան մեղադրանքը  դնում է Հայաստանի վրա, իբր մենք նախաձեռնում ենք, խրախուսում ենք: Այս մասով ես կարող եմ շատ հստակ ասել մեր դիրքորոշումը` ինչ կատարվում է այլ երկրների խորհրդարաններում, դա այդ երկրների ներքին գործն է,  դա վերաբերում է իրենց քաղաքացիներին եւ իրենց կողմից ընտրվածներին: Հայաստանը այդ հարցերում չի միջամտում, այլ խնդիր է գործադիրի հետ այս հարցի բարձրացումը մեր կողմից, որովհետեւ դա մեր արտաքին քաղաքականության օրակարգում է, բայց մենք չենք միջամտում այլ երկրների ներքին գործերին, դա մեր հայրենակիցների իրավունքն է: Վերջիվերջո` նրանք մտահոգված են, այո, Հայաստանի խնդիրներով, մեր տարածաշրջանի խնդիրներով, եւ նրանք գտնում են, որ դա նվազագույնն է, երեւի թե իրենց  խրախուսանքն  է, նրանք գտնում են, որ այլ երկրների խորհրդարանների ճանաչումով նրանք կարող են հասնել նաեւ Թուրքիայի կողմից  ճանաչման, որը կբերի  այդ տարածաշրջանում իրավիճակի էական փոփոխության, կկարգավորի անվտանգության խնդիրները, առհասարակ նոր մթնոլորտ կստեղծի եւ վերջիվերջո կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Թուրքիան, մենք կարծում ենք, այս 16, 17 տարիների ընթացքում երկու պատմական առիթ է կորցրել իր դրական ներդրումը բերելու մեր տարածաշրջանի խաղաղության, կայունության, տնտեսական զարգացման խնդիրներին: Առաջինը` 1991 թվականին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, իսկապես այս տարածաշրջանում ստեղծվել էր վակուում: Ռուսաստանը թույլ էր, չուներ հնարավորություն իր ազդեցությունը բանեցնել, մրցակցություն կար Թուրքիայի եւ Պարսկաստանի միջեւ, բայց որովհետեւ Արեւմուտքը դիմադրում էր Պարսկաստանի թափանցմանը, դաշտը, իսկապես, Թուրքիայի համար բաց էր: Բայց Թուրքիան, որովհետեւ չկարողացավ տարածաշրջանի ստրատեգիական շահերը դնել առաջնային իր նեղ քաղաքական էթնիկական շահերի նկատմամբ, նա կորցրեց այդ հնարավորությունը: Ոչ միայն չկարողացավ ազդեցություն բերել տարածաշրջանին դրական առումով, այլ, ընդհակառակը: Այս տարիների ընթացքում, իհարկե, այս բոլորին ավելացավ ադրբեջանական ճնշումը Հայաստանի հետ  սահմանը չբացելու, նորմալ հարաբերություններ չհաստատելու առումով: Իհարկե, այս բոլորից նույնպես հնարավոր էր դուրս գալ, եթե Թուրքիան օգտագործեր իրեն ընձեռված երկրորդ հնարավորությունը` դա  2003 թ. էր, երբ Թուրքիային իրավունք  տրվեց սկսել անդամակցության  բանակցություններ Եվրամիության հետ, որովհետեւ այնտեղ կար այլ արժեքային համակարգ եւ Եվրամիության անուղղակի պայմաններից էր բոլոր հարեւանների հետ ունենալ նորմալ հարաբերություններ: Թուրքիան եւ իր ժողովրդին, եւ Ադրբեջանին հստակորեն կարող էր ասել, որ իրենց համար Եվրամիության անդամակցությունը գերագույն խնդիր է, նրանք պետք է կարգավորեն իրենց խնդիրները Հայաստանի հետ ի հեճուկս Ադրբեջանի, ի հեճուկս հանրային կարծիքի, առաջին հերթին բացել սահմանը եւ հաստատել նորմալ հարաբերություններ, բայց Թուրքիան չգնաց դրան, որովհետեւ նա նախընտրեց գործընթացը արդյունքից: Վերջիվերջո, Հայաստանը նույնպես դրական է վերաբերում նրանց   անդամակցությանը: Ես չեմ ուզում կրկնել այն, ինչ պարոն Թորոսյանն ասաց, դա ամբողջությամբ համապատասխանում է գործադիր իշխանության մոտեցմանը: Իսկապես, Հայաստանի շահերից բխում է Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, այն բոլոր դրականին, որ նշվեց, ես նաեւ  ավելացնեմ այն, որ վերջիվերջո Եվրամիության սահմանը գալիս է Հայաստան: Մենք  սահմանակից ենք դառմում Եվրամիությանը, սա մեզ համար տնտեսական, քաղաքական, բարոյական, բոլոր առումներով, ես կարծում եմ, մեծ հնարավորություն է: Բայց մեր մտահոգությունը կայանում է նրանում, որ արդյո՞ք Եվրամիության որոշումը կլինի արդար, այն ինչ արվել է մյուսների համար, թե՞ զուտ այլ նկատառումներից ելնելով ԵՄ-ն կկայացնի քաղաքական որոշում Թուրքիայի անդամակցության կապակցությամբ: Սա է  մեր մեծագույն մտահոգությունը, որովհետեւ մեր փորձը այստեղ դառն է: Երբ սկսեց Թուրքիան իր անդամակցության գործընթացը, արդեն նախ ապատվություն էր  տրվել Թուրքիային նախորդների նկատմամբ, ովքեր նույն ճանապարհով են անցել, եւ  Թուրքիային թույլ տրվեց մարդու իրավունքների ամենահետին պայմաններում, Հայաստանի հետ  սահմանների բացակայության պայմաններում սկսել այդ գործընթացը: Ահավասիկ, սա է մեզ մտահոգում: Թուրքիան բացարձակապես հետաքրքրված չէ արդյունքներով եւ այդ կոնտեքստում է, որ պետք էր  դիտարկել մի քանի տարի առաջ վարչապետ Էրդողանի նամակը մեր հանրապետության նախագահին, որով  առաջարկում էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով, ուսումնասիրելու համար 1915 թ. իրադարձությունները եւ հանգել համապատասխան եզրակացությունների: Սա խաղարկվել էր, որպեսզի Եվրոպային ցույց տան, որ Թուրքիան ունի բարի կամք, ունի ցանկություն մտնել երկխոսության մեջ եւ այդ ամենակնճռոտ խնդիրը լուծել հենց հայերի հետ: Այս առաջարկությունը, իհարկե, հնարավոր չէր լուրջ ընդունել, որովհետեւ խաղը մեր բոլորի համար ակնհայտ էր, որովհետեւ Թուրրքիայից դուրս ցեղասպանության խնդիրը ոչ ոք պատմական հարթակում չի դիտարկում: Այդ հարցը լուրջ պատմաբանների համար,  լուրջ ցեղասպանագետների համար փակված խնդիր է: Եթե մենք նայենք ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի եզրակացությունները, նրանց հղած նամակը Էրդողանին, հստակ կարելի է եզրակացնել, որ նրանց համար այդպիսի խնդիր չկա: Բայց միթե այդ ասոցիացիան ինքը նման հանձնաժողով չի: Այնտեղ համարյա թե հայեր չկան, կարելի է մատների վրա հաշվել, այնտեղ հիմնականում օտար երկրի քաղաքացիներ են, տարբեր գիտնականներ են եւ նրանց ուսումանսիրությոնները այս տարիներին բերել է միանշանակ այն եզրակացության, որ 1915 թ. դեպքերը իսկապես ցեղասպանություն են:  Երկրորդ` ինչպես կարելի է Էրդողանի նամակը լուրջ ընդունել, երբ իր երկրի ներսում, քրեական օրենսգրքում կա 301 հոդվածը, որ քրեորեն պատժում է բոլոր նրանց, ովքեր համարձակվում են ոչ միայն արտասանել ցեղասպանություն բառը, այլ նույնիսկ քննարկել 1915 թ. իրադարձությունները եւ ահավասիկ նման ներքին պայմաններում Թուրքիան առաջարկում է, որ իր պատմաբանները, իր գիտնականները ներգրավվեն այդ հարցի քննարկման մեջ: Եւ վերջապես այդ նամակը չէր կարելի լուրջ ընդունել, որոոհետեւ վերջ ի վերջո չկան համապատասխան նորմալ պայմաններ, չկա մթնոլորտ  նման կարեւորագույն հարց քննարկելու համար: Փակ են սահմանները երկու երկրների միջեւ, չկան  դիվանագիտական հարաբերություններ, հակառակ այդ բոլորին եղավ հանրապետության նախագահի պատասխանը: Բայց Թուրքիան առայսօր, երբ այդ հարցը բարձրացվում է, երբեք չի ընդունում կամ չի հայտարարում, որ նրանք ստացել են իրենց նամակի պատասխանը: Նրանք աղավաղում են եւ ասում են իրենց առաջարկության բավարար պատասխան դեռեւս Հայաստանից չեն ստացել, թողնելով այն տպավորությունը, որ Հայաստանը առհասարակ գրավոր այդ նամակին պատասխան չի տվել: Մինչդեռ եղել է հանրապետության նախագահի նամակը, որտեղ շատ հակիրճ շարադրվել է Հայաստանի մոտեցումը. «Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ միջպետական մակարդակով, միջկառավարական  հարթակում քննարկել ցանկացած խնդիր, առանց որեւէ բացառության, բայց պետք է լինել երկու  երկրների միջեւ նորմալ հարաբերություններ, բաց սահմաններ եւ դիվանագիտական հարաբերություններ»: Եւ սա իսկապես մեր մոտեցման, մեր արտաքին քաղաքականության ամփոփումն է Թուրքիայի նկատմամբ: Մենք ապրում ենք նույն տարածաշրջանում, մենք հարեւաններ ենք, մենք ինչ-որ տեղ ընդհանուր անցյալ ենք ունեցել, ոչ մենք, ոչ իրենք այստեղից գնալու տեղ չունենք : Վերջ ի վերջո մենք պետք է ապրենք միասին, նպաստենք տարածաջրջանի կայունությանն ու խաղաղությանը  միասին: Բայց մենք լուրջ մտահոգվում ենք, որ ժամանակ ենք կորցնում, նոր սերունդներ են ծնվում, որոնք թերեւս հնարավորությունը չունեն նոր հիշողություններ  ստեղծելու անցյալը փոխարինելու համար: Այսօր շփումներ չկան մեր ժողովուրդների միջեւ, ահավասիկ նույնիսկ պատգամավորներ են հրավիրվել Հայաստան նման կարեւորագույն հարցին մասնակցելու համար, բայց նրանք մերժել են: Շփումների բացակայությունը այդ բացը առավել մեծացնում է: Եւ իսկապես հետագայում մեր եւ մեր հաջորդ սերունդների համար շատ դժվար է լինելու այդ բացը փակել: Մենք պետք է կարողանանք առաջ շարժվել, մենք պետք է կարողանանք իրոք հարցը դիտարկել եվրոպական արժեքների համակարգում, մենք պետք է կարողանանք հեռանկարային քաղաքականություն որդեգրել, մի կողմ դնել նեղ քաղաքական էթնիկական, այլ տեսակի օժանդակությունների միտված խնդիրները եւ կարողանանք հեռանկարային մոտեցմամբ խնդիրները դնել սեղանի վրա եւ հասնել հարցի կարգավորմանը: Մեր մոտեցումը այստեղ շատ հստակ է. 1991թ-ից եղել է նույնը, այսօր մնում է նույնը եւ ապագայում ես կարծում եմ նաեւ շատ տարբերակներ  չկան, եթե լուրջ աշխարհաքաղաքական  փոփոխություններ այս տարածաշրջանում չլինեն: Առանց նախապայմանների հաստատել նորմալ հարաբերություններ` եւ միայն սրանից հետո կարելի է միջկառավարական մակարդակով այս հարթակով դնել օրակարգի վրա բոլոր երկկողմ խնդիրները եւ փորձել ժամանակի ընթացքում այս բոլորին տալ համապատասխան  լուծումներ»: 

Զեկույցով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը : Նա մասնավորապես ասաց. «Ակնհայտ է, որ ստեղծվել է փակուղային վիճակ հայ-թուրքական հարաբերություններում: Եվ այդ փակուղային վիճակի բացատրությունները երկու բանախոսները` պարոն Թորոսյանը եւ պարոն Օսկանյանը հիմնականում արդեն ներկայացրին: Բայց ես այս փակուղային վիճակի պատճառներին կանդրադառնամ մի քիչ այլ տեսանկյունից: Շատ պատճառաբանություններ են բերվում` ինչու է այդպես եւ մասամբ բոլորը ճիշտ են: Բայց յուրաքանչյուրը առանձնաբար հարցի վերջնական պատասխանը չի տալիս: Ասվում է, որ ցեղասպանությունը ծանր վերք է թողել երկու ժողովուրդների մոտ, 70 միլիոնանոց թուրք ժողովրդի զգացմունքները նույնպես պետք չէ անտեսել: Մեզ ասվում է, որ այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական վիճակը շատ բարդ է, Սովետական Միության կործանումից հետո, հատկապես, գոյություն ունեն պրոբլեմներ արաբական աշխարհում, Իրանում, նախկին Սովետական տարածքը ներկայացնող ռեգիոններում եւ այլն: Եվ այս բոլորը խոչընդոտներ են փոխադարձ համաձայնություն գտնելու համար: Իսկ իրականությունը, ես կարծում եմ, շատ պարզ է: Պատմության մեջ երբեք եւ ոչ մի տեղ դեմոկրատիայի եւ դիկտատուրայի միջեւ փոխհամագործակցություն չի ստեղծվել: Ես շատ հեռու եմ այն մտքից, որ Հայաստանը արդեն դասական ժողովրդավարական երկիր է: Բայց եթե մենք նայում ենք Թուրքիային, ապա հասկանում ենք, որ Թուրքիան դիկտատուրայի, ամբողջատիրության դասական օրինակ է: Վերջապես, երբ մենք ասում ենք դիկտատուրա նախկին Սովետական քաղաքացիների համար, շատ ակնհայտ է, որ պետք է մտածես ինչ-որ անհատի մասին, որին պաշտում են,  (այնտեղ էլ ի միջայլոց այդ անհատն էլ կա` Մուստա‎ֆա Քեմալն է), որը կոնկրետ այս պահին իրականացնում է դիկտատուրական ինչ-որ գործառույթներ: Բայց իրականությունը այդպես չէ. դիկտատուրան դեմոկրատիայից տարբերվում է հիմնականում նրանով, որ փորձում է կոնտրոլի տակ պահել ոչ միայն ներկան, բայց նաեւ անցյալը: Պատահական չէ, որ քաղաքական բնույթի ամենահանճարեղ վեպերից մեկում, Օրուելի վեպում նկարագրած հասարակությունը ուներ ճշմարտության նախարարություն, որը այսօրվա իրավիճակի փոփոխման հետ միաժամանակ փոխում էր պատմության դասագրքերը, փոխում ամբողջ պատմությունը: Թուրքիայում փորձում են կոնտրոլի տակ պահել անցյալը: Դրա համար էլ որեւէ լուրջ ուսումնասիրություն 1915 թ.-ի վերաբերյալ, 1895-96 թթ. Սասունի ապստամբության, դրա պատճառների եւ տեղի ունեցած ցեղասպանության վերաբերյալ, Ադանայի դեպքերի մասին եւ վերջապես 1915 թ.-ից հետո մինչեւ 1923 թ. ընկած ժամանակահատվածները փակ են թուրք հասարակության համար: Եվ ուրեմն այդ պատճառաբանությունը, որ մեզ բերվում է, որ թուրք հասարակությունը պատրաստ չէ, իհարկե, գոյություն ունի, բայց պետք է հասկանանք, թե ինչու պատրաստ  չէ: Եվ այս առումով, այո, դիկտատուրայի եւ դեմոկրատիայի միջեւ հարաբերությունները բնականաբար դժվար են, անկախ նույնիսկ նրանից, թե ինչ է եղել պատմական անցյալում: Որպեսզի հասկանալի լինի բերված թեզը, Իսպանիան` Եվրամիության պետություն, ժողովրդավարությամբ աչքի ընկնող պետություն, միայն երկու ամիս առաջ, ընդունեց ճշմարտության եւ համերաշխության մասին օրենք, որով վերջնականապես արգելեց Ֆրանկոյի որեւէ գովաբանում, արգելեց նրա գործունեության պետական քննադատությունը վերանայելու որեւէ  փորձ: Արգելեց, որպեսզի վերջնականապես Իսպանիայի հասարակության մեջ գոյություն ունեցող քաղաքացիական պատերազմի երկու կողմերի ժառանգներին կարողանա համերաշխության բերել: Մինչեւ հիմա, այսքան տասնամյակներ են անցել այդ պատերազմից. սպիները կարծես թե պիտի վաղուց լավացած լինեին, մանավանդ որ Իսպանիայի պես բարեկեցիկ երկրում, երբ կենցաղային առումով պրոբլեմներ մարդիկ չունեն, թվում է, թե խնդիրը  վաղուց պետք է լուծված լիներ, բայց պարզվեց մինչեւ օրենքը չհաստատվեց, լուծված չէր եւ, ուրեմն, մենք պետք է հարցին նայենք այս իրավական տեսակետից: Մինչեւ այն օրը, երբ Թուրքիայում  Թալեաթ փաշայի, Էնվերի, Ջեմալի գերեզմաններին ծաղիկներով ամբոխներ են  մոտենում, մինչեւ որ այդ մարդասպանների անունները համարվում են թուրք ժողովրդի համար հերոսների անուններ, ոչ մի բան էլ չի ստացվի: Թուրքիայի հասարակության ներքին փոփոխությունները միակ ճանապարհն են, որի վրա կարելի է ինչ-որ շահեկան ելք գտնել: Որովհետեւ, ինչպես արդեն այստեղ ասվեց, ես համաձայն են ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ, որ Հայաստանի կողմից ինչ-որ նոր մոտեցումներ, նոր ելքեր որոնելը իմաստ էլ չունի: Մենք ինչ-որ պիտի ասեինք, ասել ենք: Եվ այստեղ, իհարկե, Թուրքիայում տիրող իրավիճակը, երբ դիկատատուրան հաստատված էր որոշակի քաղաքական շրջանակի կողմից, հատկապես բանակի, որը բացարձակ արգելում է որեւէ քննադատություն Քեմալի եւ քեմալիստական ժամանակահատվածի, այս պայմաններում, մենք, իհարկե, շատ ենք ‎դժվարանալու: Բայց այստեղ առաջանում է մի ուրիշ հարց, ինչի մասին պարոն Թորոսյանը եւ պարոն Օսկանյանը խոսեցին, Թուրքիայի այն անհրաժեշտ փոփոխությունները, որոնց մասին խոսեցին, տեղի են ունենում ոչ թե ներքին մակարդակի վրա, այլ արտաքին: Այսինքն` այն փոփոխությունները, որոնք հնարավորություն են տալիս Թուրքիային Եվրամիու




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am