National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.9.2007

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.09.2007
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը

Սեպտեմբերի 7-ին տեղի   ունեցան  ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

Արեւիկ Պետրոսյանի նախագահությամբ` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի  մշտական հանձնաժողովի  նիստում  քննարկվեցին օրակարգում ընդգրկված 3 հարցեր: 

Քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ 2006 թ. պետական բյուջեի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի ոլորտներին վերաբերող  կատարողականի հաշվետվությունը:

«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրեց օրինագծի հեղինակ Հեղինե Բիշարյանը: Ըստ նրա` օրենքի նախագծի նպատակն է կանխել սեռային խտրականությունը եւ հավասար պայմաններ ստեղծել կանանց եւ տղամարդկանց իրավունքների, ազատությունների եւ հնարավորությունների իրականացման համար  պետական, հասարակական, քաղաքական կյանքի ոլորտներում: Հարակից զեկուցող Ալվարդ Պետրոսյանն առաջարկեց մերժել նախագիծը, քանի որ չի համապատասխանում կյանքի պահանջներին:

Օրինագծի վերաբերյալ կառավարության ոչ դրական  եզրակացությունը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը` նշելով, որ Սահմանադրությանը հակասող դրույթներ կան:  Հանձնաժողովի ոչ դրական եզրակացությամբ օրինագիծը մտավ ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագիծ:

«ՀՀ եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը հեղինակի` ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, առաջարկությամբ հետաձգվեց մինչեւ  մեկ ամսով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց օրենսդրական եւ կազմակերպական բնույթի 12 հարց:

Կառավարության հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերը քննարկվեցին առաջին ընթերցմա մբ : Ըստ հիմնական զեկուցող , գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանի` օրենքների ընդունումը պայմանավորված է բնակչության առողջությանը վնասող հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմամբ: Կառավարության ներկայացուցչի համոզմամբ` թմրամոլության դեմ պայքարը պետք է իրականացվի սոցիալ-վերականգնողական, բուժկանխարգելիչ միջոցառումներով: Վ իճակագրական տվյալներով վերջին տարիներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում արձանագրվել է կտրուկ աճ, որը վկայում է այդ երեւույթի դեմ քրեաիրավական պայքարի անարդյունավետության մասին: Անհիմն քրեականացման վկայություն է նաեւ քրեական օրենսգրքի` թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի գործածման համար պատիժ սահմանող հոդվածը, ինչը կարող էր սահմանվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում` որպես վարչական պատասխանատվության միջոց:  

Հարակից զեկույցում ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանը կարեւորեց օրինագծի ընդունումը եւ առաջարկեց օրինագիծը դրական եզրակացությամբ ԱԺ մեծ եւ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկել: 

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը: Օրինագծով թույլատրվում է քաղաքացիական ավիացիայի եւ ատոմային էներգիայի բնագավառներում ընդունել օտար լեզվով ներքին իրավական ակտեր, որոնց դրույթները պետք է տարածվեն միայն տվյալ բնագավառներում գործունեություն իրականացնող այն անձանց վրա, որոնց ծառայողական պարտականությունների մեջ մտնում է տվյալ օտար լեզվի իմացությունը:

ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարակից զեկույցում որոշ խմբագրական փոփոխություններ առաջարկեց կառավարությանը: 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին կառավարության օրինագիծը քննարկվեց առաջին ընթերցման ընթացակարգով` կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի ներկայացմամբ: Ըստ նրա` առաջարկվող լրացումը պայմանավորված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կա՟տարելու մասին» օրենքի ընդունմամբ, որով ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրի մեջ կեղծ տվյալներ մտցնելու եւ հայտարարագիրը հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելու համար սահմանվել է վարչական պատասխանատվություն:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված օրինագծերը կընդգրկվեն ԱԺ մեծ եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Կառավարությունն  առաջին ընթերցմամբ խորհրդարան է ներկայացրել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Նշվեց, որ օրենքի ընդունմամբ կհստակեցվի հիվանդության պատճառով անջատ պահվող դատապարտյալների շրջանակը: 

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարակից զեկույցում առաջարկեց կառավարությանը քրեակատարողական օրենսգրքի 79 ու 80 հոդվածներում եւ «Ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում առկա «տարափոխիկ» բառը եւս փոխարինել «շրջապատի համար վտանգ ներկայացնող» բառերով:

Արդարադատության նախարարն առաջին ընթերցման ներկայացրեց նաեւ «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է վերացնել արդարադատության նախարարության քրեակատարողական տեսչությունը, որի որոշ գործառույթներ կվերապահվեն արդարադատության նախարարության վերահսկողական վարչությանը: Հարակից զեկույցում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ օրինագիծը լրամշակման կարիք ունի` առաջարկելով կառավարության ներկայացուցչին հետաձգել հարցի քննարկումը: Ըստ տիկին Փոստանջյանի` կան գործառույթներ, որոնք հնարավոր չէ վերապահել միայն արդարադատության նախարարության վերահսկողական վարչությանը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված երկու օրինագծերն էլ կընդգրկվեն ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հեղինակային իրավունքով` պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի առաջարկով հանձնաժողովի նիստի օրակարգից հանվեց «ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակի մասին» օրինագիծը:

«ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը ու «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ   Արտաշես Ավոյանի, Գուրգեն Սարգսյանի եւ Մհեր Շահգելդյանի հեղինակած օրինագծերը հետաձգվեցին մինչեւ  2 ամսով, իսկ Վիկտոր Դալլաքյանի  «Կոռուպցիայի կանխարգելման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայության մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերը` մինչեւ 1 ամսով:

Հանձնաժողովի անդամները նպատակահարմար չգտան խորհրդարանի լիագումար նիստում հարակից զեկուցմամբ հանդես գալ «Աղետի գոտու վերականգնման 1989-2007 թթ. աշխատանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած օրինագծի եւ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ:

Պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կանոնակարգը:

Արա Բաբլոյանի նախագահությամբ` ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին 11 օրենքների նախագծեր:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Պատգամավորի կենսաթոշակային ապահովության մասին» օրինագիծը:
«Առողջապահության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրեց առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը: «Պատգամավորի կենսաթոշակային ապահովության մասին» օրինագիծը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա նշեց, որ հեղինակ Ռաֆիկ Պետրոսյանը
նպատակահարմար չի համարում օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելը:

ԱԺ պատգամավորներ Արթուր Բաղդասարյանի եւ Մհեր Շահգելդյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց Մհեր Շահգելդյանը: Ըստ նրա` նախագիծը նպատակ ունի գիշերավճար սահմանել այն աշխատանքների համար, որոնք կատարվում են գիշերային ժամերին: Նշվեց, որ համեմատականներ են կատարվել մի շարք երկրների օրենքների եւ ԵԽ դիրեկտիվների հետ: Հարակից զեկուցող Արմեն Մարտիրոսյանը հավանություն տվեց օրինագծին:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը առաջին ընթերցմամբ ներկայացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արմեն Գեւորգյանը:

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության օրինագիծը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ օրինագծի նպատակն է` վերացնել օրենքի կիրառման  ընթացքում որոշակի դրույթների տարընթերցման պատճառով առաջացած դժվարությունները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը նաեւ ներկայացրեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նշվեց, որ օրենսգիրքը նոր հոդվածներով լրացնելը պայմանավորված է հանրության, անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից առավել վտանգավոր բնույթ կրող իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանելու եւ կատարված արարքին համարժեք վարչական տույժեր նշանակելու անհրաժեշտությամբ:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ներկայացրեց կառավարության հեղինակած «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ նախարարի` օրինագծերի ընդունման նպատակն է` կանոնակարգել բուսական եւ կենդանական աշխարհների օբյեկտների օգտագործման համար թույլտվությունների  տրման ընթացակարգը: Հարակից զեկուցող Միշա Ստեփանյանը իր առաջարկությունները ներկայացրեց օրինագծի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը ներկայացրեց «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Նա նշեց, որ օրինագծի ընդունումը հնարավորություն կտա ոստիկանության համակարգում ստեղծել ապօրինի շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների  նմուշների  հավաքածու, կնպաստի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի արդյունավետության բարձրացմանը եւ կհամապատասխանի հանցավորության տվյալ բնագավառում միջազգային նորմերով տարվող պայքարի  կատարելագործմանը ներկայացվող պահանջներին: Հարակից զեկուցող Արա Բաբլոյանը կարեւորելով օրինագծի ընդունումը, այն համարժեք համարեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին:

Հանձնաժողովում քննարկված օրինագծերը դրական եզրակացությամբ երաշխավորվեցին` ընդգրկվելու ԱԺ չորրորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին», «Բազմաբնակարան շենքերի պահպանման պետական քաղաքականության մասին»   օրինագծերի քննարկումները հետաձգվեցին մինչեւ 30 օրով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2006 թ. պետական բյուջեի սոցիալական, առողջապահության եւ բնապահպանական ոլորտներին վերաբերող  կատարողականի հաշվետվությանը:

Վարդան Բոստանջյանի նախագահությամբ տեղի ունեցած ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որի նպատակահարմարությունը, ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի, պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված արտոնությունից օգտվող ոչ ռեզիդենտները, որպես կանոն, գրանցված են օֆշորային գոտիներում, ինչը հնարավորություն է տալիս նրանց խուսափել շահութահարկի վճարից:
Ներկայացնելով «Կազմակերպություններին եւ ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու եւ հարկային հաշվառումից հանելու մասին» օրինագիծը` պարոն Ալավերդյանը տեղեկացրեց, որ քննարկվող օրենքի նախագծով պետք է կարգավորվեն կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց` հարկային մարմնում հաշվառման կանգնելու եւ հաշվառումից դուրս գալու, հարկ վճարողի հաշվառման համար ստանալու, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց  հարկային հաշվառման միասնական ռեեստրի վարման հետ կապված հարաբերություններ:
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ լիազոր մարմնի համար հանքավայրերի պաշարների հաշվարկի գծապատկերային հատակագծերի մասին տեղեկատվության բացահայտման արգելքը խոչընդոտում է հարկային մարմինների հսկողական աշխատանքը: Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել առանց լիցենզառուի համաձայնության լիազոր մարմնի կողմից ընդերքի տեղամասին վերաբերող տեղեկատվությունը հարկային մարմիններին տրամադրելու  հնարավորությունը:

Հանձնաժողովը քննարկված երեք նախագծերի, ինչպես նաեւ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ. ծրագրի կատարման 2006 թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

Գագիկ Մինասյանի նախագահությամբ` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի օրակարգում ըն դգրկված էր 5 հարց :

ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը հանձնաժողովի գնահատմանը ներկայացրեց Վերահսկիչ պալատի 2006 թ. տարեկան հաշվետվությունը.  հաշվետու ժամանակաշրջանում պալատը պատրաստել է 45 հաշվետվություն եւ տեղեկանք, որոնք ամփոփել է մեկ գրքում եւ ներկայացրել օրենսդիրներին: Գրքում ընդգրկված են նաեւ կառավարության պատասխան-մեկնաբանությունները, նաեւ` ՎՊ-ի առաջարկությունները: Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ ներկայացված են ուսումնասիրություններ, որոնք վերաբերվում են օտարերկրյա պետություններից ու միջազգային կազմակերպություններից ստացված վարկերի օգտագործմանը, բյուջեի ծախսային եւ եկամտային հոդվածների կատարմանը, պետական գույքի մասնավորեցման ոլորտին, համայնքներին տրամադրված դոտացիաներին:  2006 թ. պալատի համար եղել է հոբելյանական տարի. լրացել է ստեղծման 10 տարին, ինչի առիթով գրքում տեղեկություններ կան նաեւ Վերահսկիչ պալատի գործունեոթյան մասին: Հանձնաժողովի նիստում որոշվեց ԱԺ ՎՊ հաշվետվությունը դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Կենտրոնական բանկի 2006 թ. տարեկան հաշվետությունը ներկայացրեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը:  Խոսելով 2006 թ. իրականցված դրամավարկային քաղաքականության մասին` նա նախ անդրադարձավ գնաճի ցուցանիշին: 2006-ին գլխավոր դրամատունն ԱՊՀ-ում առաջին անգամ վարել է գնաճի նպատակադրման քաղաքականություն` առաջնորդվելով ոչ թե փողի բազայով, այլ տոկոսադրույքների վերահսկմամբ: 2006-ին գնաճը կազմել է 5,2 տոկոս: Սյդպիսի մակարդակը ԿԲ նախագահը  պայմանավորում է տնտեսական բարձր` 13,4 տոկոս աճով, 52 տոկոսով դրամային զանգվածի ավելացմամբ, գյուղատնտեսական ապրանքների գների շեղմամբ,  համաշխարհային շուկայում էներգակիրների, մասնավորապես նավթի, գների աճով: Ավելացել է նաեւ մասնավոր տրանսֆերտների չափաբաժինը: Կարեւորելով հանրության սպասումները եւ կանխատեսումները` ԿԲ-ն 2006 թ.-ին մեծ ուշադրություն է հատկացրել իր գործունեության թափանցիկությանը: Հաշվետու տարում, ըստ Տիգրան Սարգսյանի, մեծացել է ֆինանսական համակարգի կայունությունը, բարձրացել  բանկերի շահութաբերությունը: Իսկ դրամի արժեւորմանը նպաստել են տնտեսական աճը եւ մասնավոր տրանսֆերտների ավելացումը: Հանձնաժողովի նիստում որոշվեց Կենտրոնական բանկի հաշվետվությունը դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ԿԲ նախագահը ներկայացրեց նաեւ «Արժեթղթերի շուկայի մասին» նոր օրենքի նախագիծ` 13 օրենքներում եւս փոփոխություններ եւ լրացումներ կատարելու առաջարկով: Ինչպես ներկայացրեց զեկուցողը, արժեթղթերի շուկայում ամերիկյան մոդելից անցում է կատարվում  եվրոպական մոդելին: Այս տարբերակի կիրառման դեպքում հնարավոր կլինի ունենալ մասնավոր բորսա եւ դեպոզիտարիա: Հանձնաժողովի նիստում որոշվեց  փաթեթն ընդգրկել  նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Կառավարությունը հանդես է եկել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ կատարելու առաջարկով, որը պատգամավորներին ներկայացրեց տարածքային նախարարության ջրային կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը:   Նախագծերով առաջարկվում է ստեղծել համայնքի բյուջեի ֆոնդային մասից միջոցները  ժամանակավորապես համայնքի բյուջեի վարչական մաս տեղափոխելու հնարավորություն`  տարվա առաձնին ժամանակահատվածներում առաջացող դեֆիցիտը վերացնելու նպատակով: Այս ամենը, նախագծերի համաձայն, կատարվելու է ավագանու որոշմամբ եւ կառավարության հաստատմամբ: Հանձնաժողովի նիստում որոշվեց  փաթեթն ընդգրկել  նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Պրն. Անդրեասյանը ներկայացրեց նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկային համաձայնագիրը (Սեւանա լճի բնապահպանական ծրագիրը)», որի շրջանակներում բանկը կտրամադրի յոթ միլիոն եվրոյի վարկ:
Նիստում որոշվեց դրական եզրակացությամբ համաձայնագիրն ընդգրկել  քառօրյա նիստերի օրակարգում:


07.09.2007
Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 7-ին Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի  եւ սեպտեմբերի 10-13-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: Չորրորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշր...

07.09.2007
Ավարտվեց 2006 թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկումը ԱԺ մշտական հանձնաժողովներում
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ԱԺ տնտեսական հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը` քննարկելու արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի, կապի, էներգետիկայի, ջրային տնտեսության, սակագնային քաղաքականության ոլորտներում «ՀՀ 2006 թ. պե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am