National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.4.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.04.2024
ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի շուրջ աշխատանք սկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ սահմանելով առավել հավակնոտ առաջնահերթություններ. Արման Եղոյան
1 / 20

«Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներ էր հրավիրել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը բացման խոսքում մանրամասն անդրադարձել է ՀՀ եւ ԵՄ դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացին, հարաբերությունները կարգավորող իրավապայմանագրային դաշտին:

Նա ընդգծել է, որ Հայաստանը կարեւոր հարաբերությունների փուլ է անցել 2000-ականներին, այն շրջանում, երբ միանգամից 10 արեւելաեվրոպական պետություններ դարձան ԵՄ անդամ: «Այդ ժամանակ մեկնարկեց նախ եվրոպական հարեւանության քաղաքականությունը, ապա՝ արեւելյան գործընկերության քաղաքականությունը, եւ Հայաստանը երկուսին էլ մասնակից էր: Այս շրջանում էր, որ Հայաստանի կառավարությունը սկսեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները»,- ասել է հանձնաժողովի նախագահն ու հավելել՝ երեք տարի այս համաձայնագրի շուրջ բանակցելուց ու ամբողջացնելուց հետո, սակայն, 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց այն ստորագրելուց եւ դարձավ Մաքսային միության անդամ: Արման Եղոյանը շեշտել է, որ, այդուհանդերձ, ԵՄ-ի հետ բանակցությունները չեն դադարել, քանի որ ասոցացման համաձայնագրի հիմնական խնդիրն ազատ առեւտրի մասն էր: Բանակցությունները շարունակվել են, ստորագրվել է փաստաթուղթը՝ Համապարփակ եւ ընդյանված գործընկերության համաձայնագիրը, որը նույն ասոցացման համաձայնագիրն է՝ առանց ազատ առեւտրին վերաբերող հատվածի:

2018 թվականին ուժի մեջ մտավ համաձայնագրի դրույթների մի մասը, իսկ ԵՄ անդամ բոլոր պետությունների կողմից վավերացվելուց հետո 2021 թվականի մարտի 1-ին այն ամբողջությամբ ուժի մեջ մտավ:

Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ այս համաձայնագիրը մեր հանրության, նաեւ փորձագիտական շրջանակներում որոշակիորեն թերագնահատված փաստաթուղթ է: «Նկատի ունեմ, որ գործող համաձայնագրի բոլոր դրույթներն իրականացնելու պարագայում (ոչ թե ձեւական, այլ բովանդակային ու որակով իրականացնելու դեպքում) ՀՀ եվրաինտեգրման գործընթացը, կարող ենք ասել, որ մի քանի քայլ առաջ կգնա: Սա նույն այն համաձայնագիրն է, որն ունեն Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան՝ առանց ազատ առեւտրի հատվածի»,- ընդգծել է զեկուցողը: Նա հիշեցրել է, որ փաստաթղթով կարգավորվում են գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող հարցերը: «Մենք անում ենք ամեն ինչ, որ այս համաձայնագրի դրույթներն առավել բարձր որակով կիրարկվեն»,- հավաստիացրել է Արման Եղոյանը:

Անդրադառնալով աշխարհաքաղաքական փոփոխություններին՝ նա արձանագրել է, որ 2020 թվականից հետո Եվրամիությունը նկատելիորեն ակտիվացել է մեր տարածաշրջանում, ինչն ունի իր պատճառները: 2021 թվականին ԵՄ-ն Հայաստանին առաջարկեց նոր տնտեսական եւ ներդրումային ծրագիր՝ 2,6 մլրդ եվրո աջակցության փաթեթով: Այս պահի դրությամբ այս գումարից նպատակաուղղվել է արդեն 550 մլն եվրոն, որի մեծ մասը կազմել են փոքր եւ միջին բիզնեսին աջակցող արտոնյալ վարկերը: Մյուս մասն առավել վերաբերում է կապիտալ ծախսերին:

Արման Եղոյանը, մանրամասնելով տարածաշրջանում ԵՄ-ի գործունեությունը, նշել է, որ ԵՄ-ն մեծացրեց աշխարհաքաղաքական ներկայությունը տարածաշրջանում 2022 թվականին Հայաստանի սուվերեն տարածքի դեմ հարձակումից հետո: ԵՄ ինստիտուտների պրակտիկայի տեսանկյունից անհամեմատ կարճ ժամկետներում որոշում կայացվեց Հայաստան գործուղել ժամանակավոր քաղաքացիական դիտորդական առաքելություն, իսկ 2023 թվականի հունվարին ԵՄ-ն արդեն մշտական դիտորդական առաքելություն Հայաստանում տեղակայելու մասին որոշում կայացրեց: «Դժվար է թերագնահատել այս առաքելության դերը մեր պետության անվտանգությունն ապահովելու գործում»,- փաստել է զեկուցողն ու հիշեցրել, որ ԵՄ-ի 13 քաղաքացիական առաքելություններից սա թվաքանակով ամենամեծերից է: Վերջերս ԵՄ-ի որոշմամբ դիտորդների թիվը 138-ից դարձավ 209:

ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգից խոսելով՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը դիմել է ԵՄ-ին եվրոպական խաղաղության գործիքակազմից օգտվելու առաջարկով: Սա անվտանգային գործիքակազմ է, որը տարբեր բնույթի աջակցություններ է տրամադրում պետություններին: Նրա խոսքով այս հարցը քննարկման փուլում է:

Վերջերս ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի շուրջ աշխատանք սկսելու պայմանավորվածություն է ձեռք բերել՝ սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ բոլոր հարթություններում համագործակցության համար: «Խոսքը քաղաքական հանձնառության, քաղաքական փաստաթղթի մասին է, որը եւս այս պահին մշակման փուլում է, եւ ակնկալում ենք, որ դրա մշակումը մայիս-հունիս ամիսներին կամբողջանա»,- տեղեկացրել է հանձնաժողովի նախագահը:

Արման Եղոյանը ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում ընդգծել է Եվրոպական խորհրդարանի դերն ու հավելել. «Եվրոպական խորհրդարանը դրոշակակիրն է մեր հարաբերությունների զարգացման, լավարկման ու խորացման եւ փորձում է առաջ տանել այս օրակարգը նաեւ մյուս ինստիտուտներում»: Այս համատեքստում նա վկայակոչել է անվտանգային ու արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդունվող զեկույցները, նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների լավարկման վերաբերյալ վերջին բանաձեւը:

«Թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը համամիտ են, որ այսքան դինամիկ գործընթաց երբեւէ չի եղել թե՛ երկկողմ երկխոսության եւ թե՛ հարաբերությունների առավել զարգացման համար»,- ընդգծել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին՝ զեկուցողը կարեւորել է համաձայնագրի ամբողջությամբ իրականացումը՝ կենտրոնանալով հատկապես կանոնակարգումների, դրանց համապատասխանեցման եւ բարեփոխումների վրա:

Անդրադառնալով տնտեսական եւ ներդրումային ծրագրերի իրականացմանը՝ Վասիլիս Մարագոսն ընդգծել է. «Մենք ՀՀ կառավարության եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ ստեղծել ենք ներդրումների համակարգման հարթակ, որը համատեղում է բոլոր շահագրգիռ կողմերին եւ նպատակ ունի վերանայել դրոշակակիր ծրագրերն ու հասկանալ, թե ինչպիսի գործողություններ պետք է կատարվեն՝ արագացնելու արդիական ներդրումների իրականացումը»:

Նշվել է, որ Եվրամիությունը ներդրումներ է կատարել մի շարք ոլորտներում եւ շարունակում է աշխատանքը Սյունիքում: ««Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում ԵՄ անդամ պետությունների հետ միասին 120 մլն եվրոյից ավելի գումար ենք մոբիլիզացրել Սյունիքում՝ 35-ից ավելի նախագծերի շուրջ»,- ընդգծել է զեկուցողը:

Վասիլիս Մարագոսը նշել է, որ Հայաստանում շատերը կենտրոնացած են անվտանգային խնդիրների վրա ու հավելել. «Անվտանգային ոլորտում երկկողմ համագործակցության առաջխաղացում ունենք: Եվրամիությունը դիտարկում է ՀՀ զինված ուժերին աջակցելու հարցը՝ ուժեղացնելու համար կարողությունները»:

ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով Եվրամիությունը շարունակում է հանձնառու լինել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը եւ կարգավորմանը:

«ԵՄ-Հայաստան համագործակցությունը կարեւոր է օրենքի գերակայության համար: Մենք պատրաստվում ենք վաղը Բրյուսելում ստորագրել «Եվրոջասթի» (Eurojust) շրջանակում Հայաստանի հետ համագործակցությանն առնչվող փաստաթուղթ, որը  կխորացնի փոխգործակցությունը քրեական գործերի շրջանակում եւ կապահովի բարձր չափորոշիչներ անձնական տվյալների պաշտպանության, դատական անկախության եւ օրենքի գերակայության համար»,- նշել է զեկուցողը:

Վասիլիս Մարագոսը խոսել է նաեւ փախստականներին ԵՄ կողմից տրամադրված աջակցության մասին եւ նշել. «ԵՄ-ն անդամ պետությունների հետ ավելի քան 60 մլն եվրո է մոբիլիզացրել մարդասիրական եւ բյուջետային աջակցության համար: Մենք ՀՀ կառավարության հետ քննարկում ենք հավելյալ աջակցության տրամադրման հարցը»:

Նշվել է, որ Եվրամիությունը պատրաստ է ավելի խորացնել երկկողմ գործընկերությունը: «Մենք կշարունակենք ջանքեր չխնայելով աշխատել, որ ամրապնդենք մեր կապերը՝ հիմնվելով մեր հանձնառության, համատեղ արժեքների վրա, ինչպես նաեւ օրենքների եւ իրավունքի վրա հիմնված միջազգային կարգին մեր նվիրվածությանը»,- եզրափակելով ելույթը՝ ասել է Վասիլիս Մարագոսը:

Մասնակիցները կարեւորել են լսումների անցկացումը, խոսել  Հայաստանի առջեւ բացված ԵՄ անդամության հեռանկարի մասին՝ նշելով, որ այն պահանջում է զգալի աշխատանք, եւ մեր երկիրը պետք է գնա այդ ուղղությամբ: Գերխնդիր է համարվել ՀՀ ինքնիշխանության ամրապնդումը եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը: Այս համատեքստում նշվել է, որ Եվրամիության հետ ինտեգրումն անվտանգային խնդիրներ լուծելու իրական գործիք կարող է դառնալ:

Կարծիք է հնչել, որ Կառավարության գործողություններին զուգահեռ երկրում պետք է անցկացվի համազգային հանրաքվե, որպեսզի Հայաստանի եվրաինտեգրումը չլինի մեկ քաղաքական ուժի որոշումը: Նշվել է, որ լիիրավ անդամակցությունը համագործակցության եւ ներդրումների համար կբացի ավելի մեծ հնարավորություններ՝ խթանելով աշխատատեղերի ստեղծումը, նորարարությունը եւ քաղաքացիների կենսամակարդակի բարելավումը:

Ելույթներում կառավարության կառուցվածքային փոփոխությունների համատեքստում եվրաինտեգրման հանձնաժողով կամ նախարարություն ստեղծելու առաջարկ է հնչել: Շեշտվել է, որ ԵՄ անդամ երկիր լինելը չի նշանակում սահմանափակվել միայն ԵՄ-ով. այն ԵՄ-ի աջակցությամբ ավելի լայն շուկաներ մտնելու հնարավորություն է: Նշվել է, որ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու պարագայում հնարավոր կլինի եվրաինտեգրման ճանապարհին հանդիպած ռիսկերը հնարավորինս դարձնել կառավարելի: Անդրադարձ է եղել Ռուսաստանի հետ հարաբերություններին ու այս առումով երկկողմ միջպետական համաձայնագրերի վերանայմանը, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցին, ներքին անվտանգության խնդիրներին: Մասնակիցները մտքեր են փոխանակել վաղը՝ ապրիլի 5-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Բրյուսելում կայանալիք հանդիպման վերաբերյալ: Զեկուցողները խոսել են նաեւ մեր երկրի ռազմական, տնտեսական ու մշակութային անվտանգության, եվրոպական օրակարգի առաջմղման, արդի աշխարհաքաղաքական զարգացումների եւ դրանցից բխող մարտահրավերների ու այլ հարցերի մասին:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը եվրաինտեգրման համատեքստում խոսել է եվրոպական շուկաներ հայկական արտադրանքն արտահանելու խնդրի մասին, նշել, որ պետք է նախ կարողանանք եվրոպական շուկաներին համապատասխան արտադրանք թողարկել:

«Դա բավականին բարդ գործ է, պետք են չափորոշիչներ, դրանց նկատմամբ վերահսկողություն, բիզնես մտածելակերպի փոփոխություն, համապատասխան շահութաբերություն: Այս ամենի ուղղությամբ Կառավարությունն ինտենսիվ աշխատում է»,- ընդգծել է Բաբկեն Թունյանն ու փաստել. «Պետք է մի հանգամանք արձանագրենք. եթե ասում ենք եվրաինտեգրում, ապա հասկանում ենք զուտ կարգավիճա՞կը, ընթացակա՞րգը, թե՞ մեզ համար դա առաջին հերթին մեր հասարակության տնտեսության, սոցիալական, իրավական կյանքի որակն է»: Նրա գնահատմամբ շեշտը պետք է դնել բովանդակության, այլ ոչ թե ֆորմալ գործընթացների վրա:

«Ռիսկերը, օգուտներն ու վնասները հաշվի առնելով՝ Հայաստանի կառավարությունը երկիրը տանելու է այն ուղղությամբ, որը մեր երկրի համար ապահովելու է ավելի բարձր մակարդակի անվտանգություն, ավելի լավ բարեկեցություն եւ ավելի երջանիկ քաղաքացի: Այդ ճանապարհի ժամկետներն ու արագությունը կարող եք քննարկել, բայց հաստատակամության հարցում որեւէ մեկը կասկած չպետք է ունենա»,- փաստել է պատգամավորը:

Արտահերթ ելույթում Արման Եղոյանը կարեւորել է հնչած կարծիքներն ու դիրքորոշումները: Հանձնաժողովի նախագահի խոսքով նպատակն է հասկանալ, թե այս պահին ինչ նոր հեռանկարներ կան Հայաստանի համար բացված, եւ յուրաքանչյուր հնարավորություն ինչ նոր մարտահրավերի կարող է հանգեցնել: Նա փաստել է, որ եվրաինտեգրումը բազմափուլ եւ բազմաշերտ գործընթաց է, այն ներքին կարգուկանոնի համապատասխանեցումն է եվրոպական չափորոշիչներին: «Մեր խնդիրն է գրագետ շարունակել աշխատանքը, ձեւավորել ճիշտ, հասանելի, մատչելի սպասումներ եւ սպասարկել այդ սպասումները»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահն ու շահագրգիռ բոլոր կողմերի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել:

Ապրիլի 4-ին հրավիրված խորհրդարանական լսումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ԱԳՆ-ի, Եվրոպական միության պատվիրակության, տարբեր կուսակցությունների, եվրոպական ինտեգրման հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ:


04.04.2024
Քննարկվել են բենզինի եւ հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունների խնդիրները
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 4-ին կազմակերպած աշխատանքային քննարկման օրակարգում բենզինի եւ հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերությունների խնդիրներն էին: Քննարկմանը մասնակցում էին վառելիքի  վաճառքով զբաղվող ընկերությունների, ոլորտի հետ առնչվող պետական մարմինների ներկայացուցիչ...

04.04.2024
Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով. Ռուստամ Բաքոյան
Հայաստանը գնում է ժողովրդավարության ճանապարհով: Մենք հստակ ճանապարհ ենք ընտրել, եւ մեր ընտրած ճանապարհի, մեր քաղաքական գործունեության գնահատականը տալիս են միջազգային կառույցների ներկայացուցիչները: Նրանց գնահատականներն ի գիտություն են գործող իշխանության համար: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքնե...

04.04.2024
Խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
«Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: Լսումները նախաձեռնել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Հայերեն տարբերակը՝ այստեղ: Անգլերեն տարբերակը՝ այստեղ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am