National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.6.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
19.06.2023
Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է դրսեւորում ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի նկատմամբ. Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը հունիսի 19-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանում: Իր ելույթում պատգամավորը նշել է.

«Շնորհակալություն, պարո՛ն նախագահ,

Այս շաբաթվա վերջին հրատապ ընթացակարգի շրջանակում կքննարկենք որոշակի թեմաներ, ինչպես օրինակ՝ հիշատակված Ուկրաինայում տեղի ունեցող սարսափելի պատերազմը եւ Լաչինի արգելափակված միջանցքում հումանիտար ճգնաժամը:

Եվ մինչ մենք այստեղ ենք՝ առկա խնդիրները լուծելու համար, Ադրբեջանն ընդամենը ժամեր առաջ այսօր կրկին կրակ է բացել Հայաստանում ներկայումս կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ վերոնշյալը տեղի է ունենում ո՛չ թե Լեռնային Ղարաբաղում, այլ Հայաստանում: Այս անգամ սա արդեն Հայաստանի արեւմտյան սահմանն է՝ Ադրբեջանի Նախիջեւան էքսկլավի հետ: Ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 13-ին, ադրբեջանական կողմը կրակ է բացել Հայաստանում օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ կառուցվող գործարանի ուղղությամբ: Դրան նախորդել են Ադրբեջանի կեղծ մեղադրանքները հայկական կողմի հասցեին՝ կապված գործարանի կառուցման հետ: Հայաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ գործարանի կառուցումը լիովին համապատասխանում է իր միջազգային պարտավորություններին, եւ որ Ադրբեջանի կեղծ մտավախություններն ուղղակիորեն ուղղված են Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ օտարերկրյա ներդրումներին խոչընդոտելուն: Հրաձգության հետեւանքով Հնդկաստանի երկու քաղաքացիներ, որոնք աշխատում էին շինարարության վրա, վիրավորվել եւ վիրահատվել են:

Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է դրսեւորում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի նկատմամբ, եւ դա պետք է ներկայացվի միջազգային հանրության ուշադրությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն սանձելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները եւ իր անհիմն, անտրամաբանական եւ կամայական պահանջներին հասնելու համար ուժի կիրառման անընդունելի քաղաքականությունը:

Ճակատագրի հեգնանքով շրջակա միջավայրի պաշտպանությունը կրկին օգտագործվեց Ադրբեջանի կողմից, երբ մի քանի ամսվա ընթացքում Լաչինի միջանցքն արգելափակվեց, այսպես կոչված, «էկոակտիվիստների» կողմից: Այն, ինչ տեղի ունեցավ նրանց բնապահպանական պահանջների հետ, այն էր, որ նրանք դադարեցրին բողոքի ակցիաներն անմիջապես այն բանից հետո, երբ ապրիլի վերջին Ադրբեջանը Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրեց:

Եվ ահա, չորս օր առաջ՝ հունիսի 15-ին, Ադրբեջանը հերթական սադրանքն է ձեռնարկել: Մի խումբ ադրբեջանցի զինվորներ փորձել են Հայաստանի ինքնիշխան տարածքում դրոշ տեղադրել: Ինչպես տեսնում ենք տեղում առկա տեսանյութերից, ռուսական խաղաղապահ ուժերն այս սադրանքի ժամանակ ուղեկցել են ադրբեջանցի զինվորներին: Սա շատ լուրջ հարց է, եւ Հայաստանը կոչ է արել հետաքննել այդ սադրանքի հանգամանքները:

Սադրանքը որպես արդարացում կամ ալիբի օգտագործելով՝ Ադրբեջանը հունիսի 15-ից ամբողջությամբ փակել է միջանցքի երթեւեկությունը: Հստակեցնենք, որ սա նշանակում է, որ եթե նախկինում Կարմիր խաչը կարող էր տեղափոխել ծայրահեղ ծանր հիվանդներին, փոխանցել սնունդ եւ դեղորայք, ապա այժմ դա նույնպես դադարեցվել է: Այսպիսով, մենք խոսում ենք ոչ թե հնարավոր հումանիտար աղետի մասին, այլ աղետի, որը տեղի կունենա շատ շուտով, եթե մենք որեւէ գործողություն չձեռնարկենք:

Շատ պարզ հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Բաքուն հրաժարվում միջանցք մուտք գործելու թույլտվություն տալուց, եթե այնտեղ ազատ եւ բաց երթեւեկություն կա: Ուրեմն ի՞նչ կա թաքցնելու:

Հարգելի՛ գործընկերներ, ես կարծում եմ, որ այժմ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ անհրաժեշտ է վճռական գործողություններ իրականացնել: Նախագահական հանձնաժողովը պետք է այցելի Լաչինի միջանցք, որպեսզի կարողանանք տեղում գնահատել իրավիճակը: Մենք պետք է այդ ազդանշանն ուղարկենք, եւ այդ քայլը ձեռնարկենք ոչ թե հանուն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այլ ընդգծելու համար, որ Եվրոպայում եւ Ուկրաինայում պատերազմից ոչ մի երկիր չի կարող օգտվել առիթից եւ էթնիկ զտումներ իրականացնել մեր փակ աչքերի ներքո: Եվրոպայի խորհուրդը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, պետք է հավատարիմ մնան իրենց արժեքներին՝ մարդու իրավունքների պաշտպանությանը, մարդկանց պաշտպանությանը, երբ վերջիններիս կյանքը եւ իրենց տներում անվտանգ ապրելու իրավունքը ենթարկվում են հարձակման:

Շնորհակալություն»: