Գործող օրենքի համաձայն վարչապետին սպասարկման նպատակով տրամադրվում են հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Օրենքում բացակայում է այդ ինքնաթիռով եւ ուղղաթիռով չվերթների կազմակերպման, իրականացման եւ անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքը: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը` ներկայացնելով ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 28-ի նիստում:
Ըստ Արմեն Սիմոնյանի` բացը լրացնելու համար ներկայացվել է համապատասխան փոփոխություն, որով կնախատեսվի լիազորող նորմ` համապատասխան կարգ սահմանելու համար:
Հարակից զեկուցող, հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանն առաջարկել է դրական եզրակացություն տալ նախագծին:
Հանձնաժողովականները կողմ են քվեարկել օրենքի նախագծին: