National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.8.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
08.08.2023
Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին եւ նրա գլխավորած պատվիրակությանը
1 / 8

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւ փոխնախագահ Արմեն Խաչատրյանն օգոստոսի 8-ին ԱԺ-ում հանդիպել են ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգին, ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Ան Ցյանին եւ դեսպանատան պատվիրակությանը:

Հանձնաժողովի նախագահը հյուրերին շնորհակալություն է հայտնել հանդիպման եւ երկու երկրների համագործակցության համար, կարեւորել կրթական ծրագրերի իրականացումը հատկապես ռազմական բլոկում:

«Դեռ 1990-ականներին Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի այցը ՉԺՀ շատ էր կարեւորվել, այդ իսկ պատճառով այն ժամանակ մենք ռազմական օգնություն ստացանք: Նույն գործելաոճը դեռ շարունակվում է: 44-օրյա պատերազմից հետո մեր երկիրը փորձում է վեր հանել պարտության դասերը: Խաղաղության հասնելու համար մինչ օրս մեծ ջանքեր ենք գործադրում: Որպեսզի Չինական պարսպի տակ, ու, առհասարակ, աշխարհում խաղաղություն տիրի, պետք է, որ Հարավային Կովկասում խաղաղ լինի»,- ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:

Այս համատեքստում Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ մեր երկրի անվտանգային համակարգն ապահովում է ոչ միայն բանակը, այլեւ Ներքին գործերի նախարարությունը, Արտաքին հետախուզական ծառայությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն անդրադարձ է կատարել նաեւ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:

«Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն ամիսներ շարունակ շրջափակման մեջ են. ռազմական գործողությունները բացառելով՝ պետք է կարողանանք խնդրին լուծում տալ»,- ասել է պատգամավորը:

ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգը Հայաստանի խորհրդարանականներին հայտնել է, որ հայ-չինական հարաբերություններում զարգացման դինամիկա կա: Դեսպանը նկատել է նաեւ, որ տարածաշրջանում ու հատկապես Հայաստանում խաղաղության հասնելու ճանապարհներ է պետք գտնել, ուստի պետք է զարգացնել անվտանգային ոլորտի համագործակցությունը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին անվտանգային համակարգի համագործակցությունը բարձր գնահատելու համար:

«Չինաստանի համար եւս կարեւոր է, որ Հայաստանում խաղաղ լինի, ուստի գործուն քայլերի է պետք անցնել»,- ասել է հանձնաժողովի փոխնախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ոլորտի բարեփոխումներին, հայ-չինական հարաբերություններն ու երկու երկրների ԱԺ-ների միջեւ համագործակցությունը զարգացնելուն ուղղված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նման հանդիպումները շարունակական կլինեն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am