National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.4.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
18.04.2023
Կառավարության` 2022 թ. գործունեության վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները
1 / 8

Կառավարության գործունեության վերաբերյալ քաղաքացիների ամենամեծ ակնկալիքը տնտեսական կայուն աճի ապահովումն է: Այս տեսանկյունից ամենաբնութագրող ցուցանիշը համախառն ներքին արդյունքի աճն է` 12,6 տոկոս, որը մեր նման երկրների հետ համեմատած 3,7 անգամ ավելի է. ասել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը` ապրիլի 18-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ:

Անդրադառնալով ընդդիմության կողմից շահարկվող այն մտքին, թե ինչո՞ւ պարտվեցինք, ինչո՞ւ այդպիսին եղավ պատերազմի ելքը՝ Գեւորգ Պապոյանը նշել է, որ պարտության բազմաթիվ պատճառներ կարելի է բերել: Հարակից զեկուցողի խոսքով 2005, 2006, 2007 թվականներին Հայաստանն ունեցել է երկնիշ տնտեսական աճ, բայց Ադրբեջանի տնտեսական աճը երկու-երեք անգամ ավելի բարձր է եղել, քան Հայաստանինը: Օրինակ՝ Ադրբեջանը 2005 թվականին արձանագրել է 28 տոկոս աճ, 2006-ին՝ 34,5 տոկոս, 2007-ին՝ 25,5 տոկոս: Այդ տարիներին Հայաստանը գրանցել է 10 տոկոսից մի փոքր ավելի աճ, սակայն աշխարհը եղել է բարձր աճի տեմպի մեջ: «Ահա այս ժամանակ ենք մենք պարտվել Ադրբեջանին, եւ այս 30-35 տոկոսանոց տնտեսական աճի ժամանակաշրջանում է Ադրբեջանն իր ռեսուրսները կապիտալացրել եւ հետագայում կարողացել վերափոխել այլ ռեսուրսների եւ դրանով հասնել հաջողության: Հենց այս տարիներին Հայաստանը պետք է շատ բարձր տնտեսական աճ ունենար եւ մեծ կապիտալ կուտակեր, որ կարողանար հետագայում Ադրբեջանի հետ մրցակցեր»,- նման կարծիք է հայտնել հանձնաժողովի նախագահը: Նրա խոսքով, իրականում, մեր պարտությունները սկսվել են 2004, 2005, 2006, 2007 թվականներին, որոնք որոշ շրջանակներ անվանում են ՀՀ-ի համար երկնիշ տնտեսական աճի կամ փայլուն ժամանակաշրջան:

Խոսելով 2008-2017 թվականների տնտեսական ցուցանիշների մասին՝ Գեւորգ Պապոյանը փաստել է, որ ՀՀ համախառն ներքին արդյունքը 2008 թվականին կազմել է 11,66 մլրդ դոլար, 2017-ին՝ 11,53 մլրդ դոլար: Նշվել է, որ ավելանալու փոխարեն այն, դոլարային արտահայտությամբ, 130 մլն դոլար էլ պակասել է: «Այստեղ է, որ մենք պատերազմը պարտվել ենք: Այսինքն՝ տասը տարվա ընթացքում մեր համախառն ներքին արդյունքն աճելու փոխարեն դոլարային արտահայտությամբ նվազել է»,- ընդգծել է զեկուցողը՝ հավելելով, որ 2018 թվականին եւ դրան հաջորդող ժամանակահատվածում իրավիճակը փոխելու փորձեր են իրականացվել: Նշվել է՝ համախառն ներքին արդյունքը, որը 2017 թվականին կազմում էր 11,53 մլրդ, այսօր արդեն 19, 5 մլրդ դոլար է, աճել է 7,04 մլրդ դոլարով:

Ըստ Գեւորգ Պապոյանի՝ տարբեր տարիներին արձանագրված տնտեսական ցուցանիշների բարձրաձայնման նպատակն է ցույց տալ, որ երկիրն ունեցել է կորցրած տասնամյակներ, որոնք չէին կարող իրենց հետեւանքը չունենալ պատերազմի դաշտում, արտագաղթում եւ մնացած ցուցանիշների պարագայում:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2017-2022 թվականներին աճել է գրեթե 50 տոկոսով, շինարարության ծավալը՝ մոտ 30 տոկոսով, առեւտրինը՝ շուրջ 68-69 տոկոսով, ծառայություններինը՝ 80 տոկոսով:

Խոսելով գնաճի մասին՝ պատգամավորը նշել է, որ մեր նման երկրների շարքում Հայաստանը եղել է ամենացածր գնաճ ունեցող երկրներից: Նշվել է, որ մեր հարեւան բոլոր երկրներում արձանագրվել է ավելի բարձր գնաճ: «Աշխարհում միջին գնաճը կազմել է 8,7 տոկոս, իսկ ըստ ՀՀ վիճակագրական ծառայության՝ Հայաստանում այն հասել է 8,6 տոկոսի»,- փաստել է Գեւորգ Պապոյանը եւ հավելել, որ գնաճի թիրախավորման նպատակադրման քաղաքականության արդյունքում գնաճը հասել է 5,4 տոկոսի, ինչն այն նշաձողի մեջ է, որն Ազգային ժողովը դրել է Կենտրոնական բանկի առաջ: 
 
Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ 2022 թվականին բացարձակ արժեքով անվանական աշխատավարձն ավելացել է 57,8 հազար դրամով, բայց իրականում մարդկանց աշխատավարձն ավելի շատ է ավելացել: Գեւորգ Պապոյանը պարզաբանել է, որ 2022 թվականի արդյունքներով եկամտային հարկի տոկոսադրույքը եղել է 21 տոկոս, իսկ 2017, 2018 թվականների արդյունքներով միջին եկամտային հարկը 25,2 տոկոս էր: Արդյունքում մարդիկ 2022 թվականի համար միջինում 4,2 տոկոս ավելի պակաս հարկ են վճարել, քան նախկինում:

Գեւորգ Պապոյանի խոսքով հանձնաժողովի մեծամասնության կարծիքը դրական է եղել Կառավարության՝ 2022 թվականի գործունեության վերաբերյալ:


«Կարող ենք փաստել, որ Կառավարությանը հաջողվել է առաջանցիկ տեմպերով իրականացնել այն ամենը, ինչը պլանավորված է եղել 2022 թվականի համար. նախատեսված 7 տոկոս տնտեսական աճի փոխարեն գրանցել ենք 12.6 տոկոս տնտեսական աճ: Թիրախ ունեինք, որ 2026 թվականին գործազրկության մակարդակը պետք է 10 տոկոսից ներքեւ իջնի: 2022 թվականի ընթացքում արդեն 2,5 տոկոսային կետով գործազրկության նվազում ունենք՝ 15,5 տոկոսից՝ 13 տոկոս, եւ եթե այս տեմպը շարունակվի, մենք մեր խոստմանը կհասնենք ոչ թե 2026 թվականին, այլ ավելի շուտ՝ 2024 կամ 2025 թվականներին»,- ասել է հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Կառավարության՝ 2022 թվականի կատարողականի զեկույցը քննարկելու ընթացքում:

Հարակից զեկուցողը նշել է, որ տպավորիչ ցուցանիշներ են արձանագրվել կրթության եւ առողջապահության բնագավառներում:

Բաբկեն Թունյանն անդրադարձել է ընդդիմադիր գործընկերների այն դիտարկմանը, թե տնտեսական աճը կառավարող ուժից կախված չէ, այլ արտաքին գործոնների արդյունք է: «Ինչպե՞ս է լինում, երբ արտաքին գործոնները բացասական են լինում, օրինակ՝ քովիդը. անկման մեղավորն իշխանությունն է: Այդ ժամանակ ասում են՝ լավ չեք կառավարել, հակաճգնաժամային միջոցառումները լավը չէին, հակաճգնաժամային պայքարն արդյունավետ չէ, բայց երբ արդյունքները դրական են, ստացվում է Կառավարությունն այդտեղ կապ չունի. այսինքն՝ ավտոմատ դրական էֆեկտները մեր տնտեսություն էին գալու»,- հակադարձել է հարակից զեկուցողը: Ընդունելով, որ արտաքին գործոններն էական նշանակություն ունեցել են տնտեսական աճի ցուցանիշի վրա՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ մարդկանց եւ կապիտալի հոսքը Հայաստան պայմանավորված է եղել մի շարք գործոններով. հաշվի են առնվել շատ գործոններ՝ սկսած բիզնես միջավայրից մինչեւ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը: «Մեր խնդիրն է այնպես անել, որպեսզի այդ բիզնեսները Հայաստանից չգնան, եւ Կառավարությունն այդ ուղղությամբ հսկայական ջանքեր է գործադրում, հսկայական աշխատանք է կատարվում եկած կապիտալն ու որակյալ մարդկային աշխատուժը Հայաստանում պահելու համար: Մենք սա դիտարկում ենք որպես հնարավորություն մեր տնտեսական աճի ներուժն ավելացնելու համար»,- ասել է Բաբկեն Թունյանը:

Նրա խոսքով նման տպավորիչ ցուցանիշներն արձանագրվել են այնպիսի պայմաններում, երբ ունեինք սահմանային միջադեպեր, անվտանգային իրավիճակ: Ըստ հարակից զեկուցողի՝ եթե մեզ մոտ այդ ռիսկերը չլինեին, առողջ տրամաբանությունը հուշում է, թե տնտեսական ակտիվության ինչպիսի բարձր տեմպեր կլինեին:

Բաբկեն Թունյանը խոսել է նաեւ առկա խնդիրների մասին՝ նշելով, որ կապիտալ ծախսերի կատարման առումով դեռեւս անելիքներ կան: Նա անդրադարձել է նաեւ գնաճին, որի հետեւանքով ավելացել է նաեւ սպառողական զամբյուղի արժեքը:

Ամփոփելով՝ հարակից զեկուցողը նշել է, որ լիահույս է՝ հաջորդ տարի ավելի մեծ քայլերով ենք մոտենալու ավելի լավ երկիր ունենալու նպատակին: 


18.04.2023
Իռլանդիայի խորհրդարանում ձեւավորվել է Իռլանդիա-Հայաստան բարեկամական խումբը
Լիահույս եմ, որ երկու բարեկամական խմբերի համագործակցությունը առարկայական ներդրում կունենա Իռլանդիայի եւ Հայաստանի խորհրդարանների միջեւ համագործակցության ընդլայնման եւ խորացման գործում: Կարծում եմ` մեր օրենսդիր մարմինների միջեւ երկխոսությունը կարեւոր քայլ է երկկողմ օրակարգի զարգացման եւ իրականացման ո...

18.04.2023
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքը եւ արդյունքները
Անհրաժեշտ է անդրադառնալ ոչ միայն 2022 թվականին կատարված արդյունքներին եւ խնդիրներին, այլ նաեւ ապագայի այն նախագծին, որը ՀՀ կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին. ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի՝ ապրիլի 18-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ գումարված ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am