National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.4.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.04.2023
Համաշխարհային կրթական տարածքը պետք է ծառայի որպես սերունդների եւ ազգերի միջեւ երկխոսության հիմնական մեխանիզմ. Արմեն Գեւորգյան
1 / 1

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ-ում հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ապրիլի 10-ին Վաշինգտոնում կայացած Համաշխարհային խորհրդարանական ֆորումի պանելային քննարկման ժամանակ:

«Հարգելի՛ գործընկերներ,

Ուզում եմ ելույթս սկսել՝ ընդգծելով մեր օրակարգի թեմայի կարեւորությունը: Մենք ականատեսն ենք երեք սուր մարտահրավերների, որոնք խոր ազդեցություն են թողնելու մեր ապագայի վրա: Մասնավորապես, նկատի ունեմ հետեւյալը՝

- Բնապահպանական իրավիճակի վատթարացում,

- Համաշխարհային անվտանգության ճարտարապետության փոփոխություն,

- Ընդհանուր առմամբ մարդկային կապիտալի որակի անկում:

Մեզ համար առաջնահերթություն պետք է լինի կրթական մեգաոլորտում տեղաշարժերի եւ վերափոխումների գնահատումը: Այն պակաս նշանակություն չունի, քան մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացման կամ պոտենցիալ միջուկային աղետի աճող ռիսկերը:

Թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել համաշխարհային մասշտաբի երկու փոխակերպումների վրա, որոնք տեղի են ունեցել 20-րդ դարից 21-րդ դար անցման ընթացքում:

Առաջին. Տեխնոլոգիական առաջընթացը մարդկանց սոցիալական ինտեգրման համար վերաստեղծել է բոլորովին նոր միջավայր, որտեղ խմբային ցանցերի եւ նախասիրությունների, կամ այլ կերպ ասած՝ «սոցիալական կյանքի» կարեւորությունն անհատի անվերապահ ազատության սկզբունքի եւ նույն միջավայրում ինքնարտահայտման նոր ձեւերի համեմատությամբ աստիճանաբար նվազել է:

«Wall Street Journal»-ի եւ Չիկագոյի համալսարանի կողմից իրականացված համապարփակ հարցումը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում, օրինակ, հայրենասիրությունը, կրոնական հավատքը, երեխաներ ունենալը եւ այլ առաջնահերթություններ, որոնք օգնել են սերունդների ընթացքում ձեւավորելու ամերիկյան ազգային բնավորությունը, կտրուկ կորցրել են իրենց կարեւորությունը: Կարծում եմ, որ այս միտումը բավականին տարածված է զարգացած երկրների մեծ մասում:

Երկրորդ. Աշխարհում տեկտոնական տեղաշարժերի պատճառով միջին խավը, որպես ազատ լիբերալ տնտեսական եւ սոցիալական հարաբերությունների հիմնական շարժիչ ուժ, քայքայվում է եւ որպես ցանկացած կայուն ժողովրդավարական ռեժիմի հիմք` փաստացի կորցնում իր պատմական նշանակությունը: Շատ զարգացող երկրներում, ամենայն հավանականությամբ, արդեն միջին խավ չի ձեւավորվի: Շատ տեղերում ականատեսն ենք նոր` թվային հասարակության ի հայտ գալուն, որի համար դժվար է սահմանել սոցիալական բարեկեցության եւ խմբային պատկանելության որեւէ չափանիշ: Միեւնույն ժամանակ, մենք գործ կունենանք մեկ այլ իրականության հետ, որտեղ ֆինանսավորվում են, այսպես կոչված, մետաիրականության եւ մետագիտակցության ավելի շատ հետազոտություններ:

Կարող ենք որոշակիորեն պնդել, որ գլոբալ կրթական միջավայրի հիմնարար վերափոխումներն ունեն հետեւյալ արտահայտությունները.

1. Կրթության ոլորտում սպառողական մոտեցման ներդրման ակնհայտ միտումները, որտեղ «հաճախորդը միշտ իրավացի է»:

2. Աշխարհում ժողովրդավարական ռեժիմների անկման եւ կրթության մակարդակի միջեւ փոխկապակցվածությունը:

3. Կրթական համակարգի ներկայիս թերությունների պատճառով երիտասարդ սերնդի համար ապագա նյութական կորուստները:

4. Մեր հասարակությունների վերամարմնավորումը որոշակի «թվային գաղութների», որտեղ կորպորացիաներն ու նրանց ալգորիթմները հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու գործիքներ են ստեղծում, եւ որոնք, ի վերջո, վատթարացնում են ժողովրդավարական կառավարման որակը, հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը:

5. Ներազգային եւ ազգերի միջեւ, ինչպես նաեւ պետությունների ներսում խորացող անհավասարությունն ուժեղացրել է սոցիալական անարդարության գործոնները եւ հանրային անվստահության մակարդակի նվազումը:

Գործընկերնե՛ր, ամփոփելով իմ ընդհանուր դիտարկումները՝ թույլ տվեք առաջարկել հինգ լայն գաղափարներ, որոնք կարող են քննարկման շրջանակ եւ, ամենայն հավանականությամբ, գործելու խթաններ հանդիսանալ:

Առաջին. Այսօր աշխարհում ամենաշատը պակասում է դրականը: Ժամանակակից քաղաքական էլիտաների գործունեության արդյունքում ձեւավորվել է, այսպես կոչված, բացասական միտումը, որը չի լքում մարդկության զգալի մասին: Մենք պետք է կոտրենք նեգատիվիզմի այս միտումը եւ դա անենք կրթության, լավատեսության վերականգնման եւ լավագույնին ձգտելու միջոցով: Համաշխարհային կրթական տարածքը պետք է ծառայի որպես սերունդների եւ ազգերի միջեւ երկխոսության հիմնական մեխանիզմ: Կարծում եմ նաեւ, որ կրթությունն էկոլոգիապես անվտանգ կյանքի հիմնական շարժիչ ուժը պետք է լինի՝ խթանելով կանաչ մտածելակերպը:

Երկրորդ. Աշխարհում մեծ թափ է ստանում քաղաքական պոպուլիզմը: Ցավոք, ժամանակակից քաղաքական շատ դերակատարներ առանձնահատուկ նշանակություն չեն տալիս սեփական կրթական նվաճումների մակարդակին: Մենք պետք է մտածենք, թե ինչպես շարունակական կրթության եւ վերապատրաստման ծրագրերն իրականություն դարձնել քաղաքական որոշումների կայացման գործընթացում ներգրավվածների, մասնավորապես, խորհրդարանականների եւ կառավարությունների անդամների համար: Մեր անձնական օրինակներով կարող ենք նոր շարժիչ ուժ դառնալ կրթական աշխարհում:

Երրորդ. Աշխարհում ժողովրդավարությունից հեռանալն արտահայտվում է նաեւ կրթական հաստատությունների, հատկապես՝ բուհերի աշխատանքի նկատմամբ քաղաքական ուժերի կողմից վերահսկողության ուժեղացման միտումներով: Կարծում եմ՝ ժամանակն է, որ միջազգային կազմակերպությունները զգալի աջակցություն ցուցաբերեն ինստիտուցիոնալ հիմունքներով Ակադեմիական ազատության ինդեքսի պատրաստմանն ու հրապարակմանը: Կառուցվածքային եւ ապագային միտված բարեփոխումները դատապարտված են ձախողման, եթե երկրի ակադեմիական միջավայրը քաղաքական բարձր ճնշման տակ է գտնվում:

Չորրորդ. Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ մենք ականատես լինենք ամենաազդեցիկ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կոչին՝ կազմակերպելու կրթության խնդիրները քննարկելու եւ ի վերջո 21-րդ դարում կրթության զարգացման նոր ռազմավարության Շրջանակային փաստաթուղթ կյանքի կոչելու գագաթնաժողով: Իսկ մինչ նման ֆորումը կրթության զարգացման գլոբալ երկխոսությունը կարող է խթանվել, օրինակ, Մեծ քսանյակի եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Եվ ի վերջո, թերեւս որեւէ նոր նախաձեռնություն սկսելուց առաջ առավել խելամիտ կլինի կենտրոնանալ արդեն իսկ ընդունված որոշումների իրականացման վրա: Մասնավորապես, կարծում եմ, որ միջազգային հանրությունն ավելի պրագմատիկ կերպով պետք է հասնի Կայուն զարգացման 17 նպատակների իրականացմանը՝ բարձրացնելով ազգային ռազմավարությունների եւ միջկառավարական համակարգման ու փոխկապակցվածության մակարդակը: Չափազանց կարեւոր է գիտակցել, որ Կայուն զարգացման նպատակները չիրականացնելը, ցավոք, վկայելու է զարգացման նպատակներ սահմանելու եւ դրանց հասնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջազգային հանրության անկարողության մասին»,- ասել է Արմեն Գեւորգյանը:


10.04.2023
24 հարց` ապրիլի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 10-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ ապրիլի 11-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթակա...

10.04.2023
Լրացումներ ՀՀ աշխատանքային օրենսգրքում. գլխադասային հանձնաժողովը կողմ է քվեարկել նախագծին
Նախատեսվում է, որ մինչեւ 30 օր զինվորական վարժանքներին մասնակցելու պարագայում գործատուն առնվազն վճարելու է այն տարբերությունը, որն աշխատակիցը ստանալու է պետության կողմից՝ վարժանքներին մասնակցելու համար. ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ապրիլի 10-ին ԱԺ աշխատ...

10.04.2023
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am