National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.4.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.04.2023
Խորհրդարանում նշվել է ճապոնական Հանամի տոնը. սակուրաները զարդարվել են կռունկ-օրիգամիներով` խորհրդանշելով խաղաղություն
1 / 24

Խորհրդարանի այգու մի գողտրիկ անկյունում, որտեղ ծաղկում են հայ-ճապոնական բարեկամությունը խորհրդանշող սակուրաները, ապրիլի 7-ին նշվել է ճապոնական մշակույթի հետաքրքիր մաս կազմող Հանամի տոնը: Հանամին ծաղկած սակուրաների ծաղիկների գեղեցկությամբ հիանալու լուսավոր տոն է: Ճապոնացիները մեծ խանդավառությամբ են նշում այս տոնը, պահում երազանքներ, հիանում ծաղկած բալենու գեղեցկությամբ:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի անդամները, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ, այլ հրավիրյալներ:

Ողջունելով ներկաներին` ԱԺ Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է հայ-ճապոնական բազմոլորտ հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը: «Օգտվելով առիթից` ցանկանում եմ երախտիքի խոսքեր հղել Ճապոնիայի կառավարությանը` Հայաստանին այս տարիների ընթացքում ցուցաբերած եւ շարունակվող աջակցության համար: Ճապոնիան Հայաստանի համար շատ կարեւոր գործընկեր է, եւ սրանք պարզապես խոսքեր չեն»,- ասել է Բաբկեն Թունյանը:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման ելույթ է ունեցել հայերենով: Դեսպանը հայ կանանց եւ աղջիկներին շնորհավորել է Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ` մաղթելով երջանկություն, առողջություն եւ հաջողություն: Դեսպանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին` տոնն ավանդաբար ԱԺ այգում նշելու համար: «Այս միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Ճապոնիայից բերված սակուրաները տնկվել են Ազգային ժողովի այգում` որպես մեր երկրների միջեւ բարեկամության խորհրդանիշ: Այս գեղեցիկ ծառերը տարեցտարի աճում եւ ծաղկում են ճիշտ այնպես, ինչպես զարգանում են հայ-ճապոնական հարաբերությունները»,- ասել է Մասանորի Ֆուկուշիման:

Ծագող արեւի երկիրը խորհրդանշող ճապոնական բալենիները խորհրդարանի այգում տնկվել են 2015 թվականի մայիսին` ի նշան երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունների: Այդ տարի նշվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ եւ ճապոնական Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծման 70-րդ տարելիցը:

«Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության հիմնադիր նախագահ Աննա Վարդանյանը նշել է, որ ԱԺ այգում Հանամին նշելը, իսկապես, ավանդույթ է դարձել, որն այս տարի համընկել է հայկական պայծառ տոնի` Աստվածամոր Ավետման տոնի հետ:

Աննա Վարդանյանն անդրադարձել է կենտրոնի` նախորդ տարի կատարած աշխատանքներին` նշելով, որ այդ տարի լրացել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Կենտրոնը կազմակերպել է տարբեր միջոցառումներ, տպագրել գրքեր հայերեն եւ անգլերեն լեզուներով: Տպագրված գրքերից մեկը «Հայ-ճապոնական էսքիզներն» է, որը նոր, հետաքրքիր էջեր է բացում երկու ժողովուրդների դարավոր բարեկամության մասին: Գիրքը տպագրվել է անգլերենով:

«Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության պատվավոր նախագահ, ԱԳՆ Միջին Արեւելքի եւ Աֆրիկայի վարչության պետ Արսեն Առաքելյանն անդրադարձել է Հանամիի խորհրդին, որը Ճապոնիայում լավ առիթ է՝ իրար հետ շփվելու, բարեկամանալու, մտորելու եւ միմյանց լավ խոսքեր հղելու՝ վայելելով գարնան զարթոնքն ու բնության գեղեցկությունը: «Մեզ եւ ճապոնացի ժողովրդին միավորում է մի շատ կարեւոր հանգամանք. այն ժողովուրդները, որոնք հարգում եւ կարեւորում են սեփական պատմամշակութային մտավոր ժառանգությունը, նրանք միշտ ապագա ունեն»,- խոսքն ամփոփել է Արսեն Առաքելյանը:

ԱԳՆ Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Սուրեն Բաղդասարյանն անդրադարձել է հայ-ճապոնական միջկառավարական կապերին եւ նշել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կարեւոր տեղ ունեն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ՝ հանդիսանալով ասիական Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում  առաջնահերթություններից մեկը: Ըստ նրա՝ վերջին տասնամյակներում Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերված տեխնիկատնտեսական աջակցությունը որոշակիորեն նպաստել է մեր երկրի կարողությունների բարձրացմանը:

Միջոցառումն ամփոփվել է «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի սաների գեղեցիկ կատարումներով: Երեխաներն ազգային նվագարաններով հնչեցրել են հայկական եւ ճապոնական ավանդական երաժշտություն, իսկ սակուրաները զարդարվել են կռունկ-օրիգամիներով` խորհրդանշելով խաղաղություն:


07.04.2023
Տեղի է ունեցել ՍԾՏՀ ԽՎ տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովի նիստը
Ապրիլի 7-ին հեռավար ձեւաչափով տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովի նիստը: Այն նախագահել է ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՍԾՏՀ ԽՎ-ի տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովի...

07.04.2023
Հայաստանը շահագրգռված է Բրազիլիայի հետ մի շարք բնագավառներում համագործակցության զարգացմամբ. Սարգիս Խանդանյան
Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ: Նշել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 7-ին Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ հանդիպմանը: Միջխ...

07.04.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ փրկարար ծառայողները կատեստավորվեն, ինչի արդյունքում կբարձրանան նրանց աշխատավարձերը
Նախագծերի ընդունումը պայմանավորված է Փրկարար ծառայությունում փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր կնքելը կանոնակարգելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, փրկարարական ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ ՆԳ նախա...

07.04.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am