National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.4.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
04.04.2023
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՄԻՊ-ի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
1 / 20

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 4-ի արտահերթ նիստում քննարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը:

Հանձնաժողովականները նախ հաստատել են քննարկման հատուկ ընթացակարգը:

ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցություններն այդ պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ներկայացնելով թեկնածուի կենսագրական տվյալները, շեշտադրել է նրա հասարակական եւ մասնագիտական կարողությունները:

Էդգար Ղազարյանը տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ: Զբաղեցրել է մի շարք բարձր պաշտոններ, աշխատանքային գործունեության ընթացքում դասավանդել է ՀՊՏՀ-ում:

Թեկնածուն 2019-2021 թթ. եղել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար: Հեղինակ է երեք տասնյակից ավելի գիտական հոդվածների:

Էդգար Ղազարյանը շնորհակալություն է հայտնել ընդդիմադիր խմբակցություններին իրեն առաջադրելու համար:

Նրա ելույթը Մարդու իրավունքների պաշտպանի տեսլականի մասին չի եղել:

Ըստ Էդգար Ղազարյանի` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածուն առաջադրվել է Սահմանադրության խախտումներով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պարզաբանել է, որ Սահմանադրության խախտմանը կարող է գնահատական տալ միայն Սահմանադրական դատարանը: Նա գործընկերներին հորդորել է առաջնորդվել Հերոստրատի սկզբունքով` մոռանալ նրան:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել է խմբակցության առաջադրած թեկնածու Անահիտ Մանասյանի կենսագրական տվյալները: Նա ծնվել է Երեւանում, ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը, իրավագիտության թեկանածու է, դոցենտ: Տասից ավելի մենագրության հեղինակ եւ համահեղինակ է: Փորձագիտական աշխատանքներ է իրականացրել եվրոպական երկրների մարդու իրավունքների պաշտպանի հաստատություններում:

Արթուր Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ Անահիտ Մանասյանն իր հարուստ փորձն ու գիտելիքները կներդնի ժողովրդի եւ երկրի շահերի պաշտպանությանը:

Անահիտ Մանասյանը մարդու իրավունքների պաշտպանության գործում կարեւորել է հանրային հանդուրժողականության կատարելագործումը հասարակության շրջանում: «Մեր բոլորի խնդիրն այն պետք է լինի, որ արձանագրելով խնդիրները` միասնական ջանքերով գտնենք համատեղ լուծումներ»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Թեկնածուն շեշտադրել է համագործակցության մթնոլորտում հարցերի լուծման անհրաժեշտությունը: Ըստ նրա` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտները զարգացման կարիք ունեն:

Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր ամբողջ ջանքերը, կապերն ու փորձը կներդնի Արցախի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության գործում:

«ՄԻՊ-ի պաշտոնը ենթադրում է բարձր պատասխանատվություն եւ բարեվարքություն»,- նշել է Անահիտ Մանասյանը:

Պատասխանելով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի` ազգային փոքրամասնությունների վերաբերյալ հարցին` Անահիտ Մանասյանը փաստել է, որ ՄԻՊ-ի ամբողջ գործիքակազմը կներդնի ազգային փոքրամասնությունների հարցերի լուծմանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները պատրաստակամություն են հայտնել բոլոր հարցերում աջակցել նրան: Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթներն իրականացնելու համար կարեւորվել է հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը:

«Ես պատրաստ եմ աշխատել բոլորի հետ»,- ասել է Անահիտ Մանասյանը

Հանձնաժողովականները 4 կողմ ձայնով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին առաջարկել են Անահիտ Մանասյանի թեկնածությունը:

Էդգար Ղազարյանը ստացել է 1 կողմ ձայն: