ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Դավիթ Դանիելյանը հետաքրքրվել է Ադրբեջանի նախագահի կողմից վերջին հարցազրույցում ՀՀ-ի նկատմամբ կրկին տարածքային պահանջներ ներկայացնելու խնդրով եւ փորձել վարչապետից պարզել, թե արդյո՞ք մեր միջազգային գործընկերները եւ կազմակերպություններն ունեն հավանական էսկալացիան կանխելու կամ այդ հարցով մեզ աջակցելու որոշակի գործիքակազմ:
Միջազգային շփումները ցույց են տալիս, որ միջազգային հանրության ընկալումն այս իրավիճակի նկատմամբ մեծանում է. հարցին ի պատասխան՝ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի գնահատմամբ այդ հայտարարությունները որոշակի սադրանք եւ էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն:
«Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, եւ այդ հայտարարությունները հակասում են առաջին հերթին ձեռք բերված պայմանավորվածություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակը բանակցային եւ քաղաքական ճանապարհով լուծումների գնալն է:
«Ակնհայտ է՝ միջազգային հանրությունն էլ է դա արձանագրում, որ Լաչինի միջանցքի շրջափակումը եւ Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները նոր խոչընդոտներ են ստեղծում խաղաղության գործընթացի համար: Հարց՝ իսկ ո՞վ է ասել, որ հենց դա չէ Ադրբեջանի ուզածը, հենց դա չէ հեռահար նպատակը...»,-արձանագրել է Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: