ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 15-ի հերթական նիստում քննարկել է ՀՀ կառավարության 2022թ. փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների զեկույցի մասին» N 234-Ա որոշմամբ հավանության արժանացած զեկույցը:
ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը նշել է, որ իրականացվել են աշխատանքներ պաշտպանության եւ սահմանային գոտու անվտանգության ու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:
Նա տեղեկացրել է, որ երկրի հարավ-արեւելյան սահմանի պահպանության ամրապնդման նպատակով Սյունիքի մարզի 8 գյուղերում մեկնարկել են Հայաստանի սահմանապահ զորքերի սահմանապահ ուղեկալների կառուցման աշխատանքները: Առաջին փուլով իրականացվել է աշխատանքների 50 տոկոսը: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022թ. ընթացքում:
2021թ. ընթացքում սահմանապահ զորքերում կազմակերպվել եւ իրականացվել է ժամկետային զինծառայողների նախնական զինվորական պատրաստումը, վերանայվել են սահմանապահ զորքերի բոլոր կազմերի զինծառայողների պատրաստման եւ վերապատրաստման ուսումնական ծրագրերը: Ավելացվել է սահմանապահ զորքերի անձնակազմի թիվը, իրականացվել են կազմ-հաստիքային փոփոխություններ, սահմանային ստորաբաժանումների ժամանակավոր տեղակայման, ենթակառուցվածքների, ստորաբաժանումների տեղաշարժի նպատակով օգտագործվող սահմանային ճանապարհների կառուցման եւ վերանորոգման աշխատանքներ:
Տիգրան Հարությունյանի խոսքով` տեղեկատվական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման շրջանակներում Ազգային անվտանգության ծառայությունում ներդրվել են ցանցային անվտանգության ապահովման ծրագրատեխնիկական նոր միջոցներ: Մասնավորապես, կառավարության ձեռք բերած եւ Ազգային անվտանգության ծառայությանը տրամադրած սարքավորումներով հնարավորություն է ստեղծվել ապահովել պետական մարմինների ինտերնետ հոսքերի բարձր արագություն եւ կիբեռանվտանգության ապահովման ժամանակակից միջոցների կիրառում:
ԱԱԾ տնօրենի տեղակալի տեղեկացմամբ` հատուկ հանգույցը տեխնիկապես կազմված է ցանցային անվտանգության սարքավորումներից, որոնք իրական ժամանակում ապահովում են պետական մարմինների ինտերնետ հոսքերի հակավիրուսային պաշտպանությունը եւ կիբեռհարձակումների չեզոքացման գործառույթները:
Զեկուցողը նշել է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից 2020-2022թթ. ընթացքում բացահայտվել է պետական դավաճանության եւ լրտեսություն կատարելու 9 դեպք, հարուցվել են քրեական գործեր, որպես մեղադրյալ ներգրավվել է 42 անձ:
Ծավալուն աշխատանքներ են կատարվել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ: Նախորդ տարվա ընթացքում ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված 553 գործերից 200-ում եղել են կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ: