ՀՀ Ազգային ժողովը մարտի 2-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է
նախորդ օրը քննարկված օրինագծերը:
Այնուհետեւ խորհրդարանը սկսել է Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտնել է, որ ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Ազգային ժողովի 65 պատգամավորների գրավոր դիմումով Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրվել է Վահագն Գառնիկի Խաչատուրյանի թեկնածությունը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ներկայացնելով Վահագն Խաչատուրյանի կենսագրությունն ու երկարամյա աշխատանքային ուղին, նշել է, որ նա ծնվել է 1959թ., տնտեսագիտության թեկնածու է, անկուսակցական, 1995-1999թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, իսկ մինչ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելը՝ 2021թ. օգոստոսի 4-ից զբաղեցրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը:
Հայկ Կոնջորյանը մասնավորապես նշել է. «Վահագն Խաչատուրյանը կանգնած է Հայաստանի Հանրապետության պետականության կերտման ակունքներում: Նա իր անցած ճանապարհով եւ կենսագրությամբ ապացուցել է, որ արժանի է զբաղեցնել Հանրապետության նախագահի բարձր պաշտոնը: Նա իր քաղաքական խոհեմությամբ եւ լայնախոհությամբ միանշանակ կարող է այս կարեւոր առաքելությունն այս պատմական ժամանակներում մեծ պատվով եւ պատասխանատվությամբ իրագործել: Ահա այս հիմքերն են պատճառ հանդիսացել, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջադրել են Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը»:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները միաձայն ընտրելու են Վահագն Խաչատուրյանին՝ որպես Հանրապետության նախագահ»,-խոսքն ամփոփել է խմբակցության ղեկավարը:
ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցում հարցի քննարկմանը: