ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ փետրվարի 28-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում է ապրիլի 10-ը սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր:
Նշվել է, որ Մարաղան քաղաքատիպ ավան է, որը գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանում` ադրբեջանական Թերթերի (Միրբաշիր) շրջանի հետ սահմանին: Ըստ 1989թ. բնակչության մարդահամարի` ավանում բնակվել է 4.660 մարդ: 1992թ. ապրիլից մինչ օրս ավանը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո:
1992թ. ապրիլի 10-ին տեւական հրետակոծումից հետո ադրբեջանական զինված ստորաբաժանումները ներխուժել են Մարաղա, ուր Հայ աշխարհազորայինների փոքրաթիվ ջոկատին թեեւ հաջողվել էր Մարաղայից տարհանել բնակիչների մեծ մասին, բայց մոտ 118 անձ` հիմնականում տարեցներ, հաշմանդամներ, կանայք եւ երեխաներ, դեռ մնացել էին բնակավայրում: Նրանցից շատերը դաժանաբար խոշտանգվել, ապա սպանվել են ադրբեջանական բանակի զինվորների կողմից: Այդ ռազմական հանցագործությանը զոհ է գնացել ավելի քան 50 մարդ, այդ թվում` 30 կին:
Մարաղայի ջարդերի կազմակերպիչները չեն պատժվել:
Հարակից զեկուցող` Արփինե Դավոյանն առաջարկել է դեմ քվեարկել նախագծին: Նշվել է, որ յուրաքանչյուր ողբերգական դեպք չի կարելի սահմանել որպես հիշատակի օր: «Նմանատիպ ողբերգական բազմաթիվ դեպքեր ունենք մեր պատմության մեջ»,- ասել է նա:
Աղվան Վարդանյանն առաջարկել է ապրիլի 10-ը սահմանել Արցախում տեղի ունեցած բոլոր ողբերգական իրադարձությունների եւ դեպքերի օր:
Հանձնաժողովի նախագահը նույնպես փաստել է, որ հարցը պետք է լուծվի ամբողջական եւ համապարփակ: Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է հետաձգել հարցի քննարկումը:
Հիմնական զեկուցողը չի համաձայնել: Հանձնաժողովականներն օրենքի նախագծին չեն տվել դրական եզրակացություն: