National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.7.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
16.07.2021
Բլուրի վրայի խաղողի այգին. Ինչպես կառուցվեց ներկայիս Ազգային ժողովի շենքը
1 / 1

Վերջին հարյուրամյակում Խորհրդային, այնուհետեւ նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունն անցավ մի շարք դժվարություններով, եւ այդ ամենի ականատեսն ու անմիջական մասնակիցը քաղաքի կենտրոնից հեռու, մի բլուրի վրա գտնվող եւ խաղողի այգիների փոխարեն կառուցված շինությունն էր, որը մենք այսօր ճանաչում ենք որպես Ազգային ժողովի շենք: Շինության անցած պատմության եւ ներկայի մասին ԵՐԵՎԱՆին պատմեց լրագրող Մարկ Գրիգորյանը՝ շենքի հեղինակ, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը:

Լենինի հրապարակից հեռու

1947 թվական, ամառային մի օր, այդ տարիների Երեւանի գլխավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը զանգ ստացավ: Նրա հետ կապ էր հաստատել Հայաստանի ղեկավար Գրիգորի Արուտինովի օգնականը: Ասաց, որ ղեկավարը նրան զբոսանքի է հրավիրում:

Շրջանցելով ամառանոցները՝ նրանք մոտեցան մի կիսադատարկ բլուրի, որի մի հատվածում խաղողի այգի էր տեղակայված: Արուտինովը հենց այդտեղ էր պատկերացրել Կոմունիստական կուսակցության կենտկոմի ապագա շենքը եւ իր գաղափարի մասին հայտնեց Գրիգորյանին: Ճարտարապետն էլ իր հերթին զարմացավ: Նախ՝ այն ժամանակ Բաղրամյան պողոտայի տեղում մի նեղլիկ փողոց էր, որի երկայնքով ամառանոցներ էին կառուցվել, այն քաղաքի կենտրոնական մասից հեռու էր, Լենինի հրապարակը նույնիսկ չէր էլ երեւում այդ կետից: Ինչպե՞ս էր հնարավոր կառավարել ամբողջ հանրապետությունն այդ տեղից: Բայց Արուտինովն ուզում էր ապացուցել, որ Կոմունիստական կուսակցությունը կարող է կառավարել երկիրը ցանկացած վայրից:

Այդպես էլ եղավ. Մարկ Գրիգորյանը սկսեց նախագծել շինությունը: Ընդամենը երեք տարի անց շենքը պատրաստ էր, իսկ կենտկոմի աշխատակիցները՝ տեղափոխությունների մեջ:
Բաց գույնի հմայքը

ԱԺ-ի շենքը մարմնավորում է այդ տարիների դասական ճարտարապետության լավագույն լուծումները՝ հիշեցնելով անտիկ ճարտարապետությունն ու ոճը: «Այս շենքն ունի բաց գույնի քարի հմայքը, ու թեեւ Երեւանն անվանում են վարդագույն քաղաք, նույն հաջողությամբ այն կարելի է անվանել տեռակոտայի գույնի քաղաք,- ասում է Մարկ Գրիգորյան կրտսերը,- պատկերացրեք ճարտարապետի հմտությունը, ով կարողացել է ստանալ ավանդական հունական ոճի մոնումենտալ շենք, որը սակայն ծայրից ծայր հայկական է: Կասկածել, որ այդ շենքն ազգային է, մենք չենք կարող: Դրանում է կայանում վարպետությունը»:

Տարիներ անց Ազգային ժողովի շենքը վերանորոգվեց: Կառուցումից տասնամյակներ հետո պարզ դարձավ, որ կառույցն այլեւս չի բավարարում աճող բյուրոկրատիայի պահանջներին, եւ 70-ականների կեսերին Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ մեկնարկեց նոր շինարարություն: Կառուցվեցին նիստերի դահլիճը, ճաշարանը, ավելացավ աշխատասենյակների քանակը: Ստեղծվեց առանձին մուտք դեպի առաջին քարտուղարի սենյակ: Դեմիրճյանի նախաձեռնած շինարարությունն ավարտվեց 1985 թվականին, իսկ երեք տարի անց պատմությունը լծակը վերցրեց իր ձեռքը: Սումգայիթի ջարդեր, Արցախյան առաջին պատերազմ: «Այս շենքն անցել է մի քանի ծանր իրադարձության, ժամանակաշրջանի եւ հասարակական կատակլիզմների միջով,- հիշում է Մարկ Գրիգորյանը,- այս երկրի վրայով անցնող ամպերն անպայման անձրեւել են այս շենքի կտուրին»:

Խաղողի այգիների տեղը զբաղեցրած շենքում շարունակում էր գործել արդեն բավականին թուլացած կենտկոմը, իսկ Գերագույն խորհրդի նստավայրը Բաղրամյան 26-ն էր:

Ցեկայից՝ ԱԺ

Երբ որոշում կայացվեց պակասեցնել կենտկոմի ազդեցությունը, հարց առաջացավ, թե ինչ անել շենքի հետ, որն ուներ բոլոր հարմարությունները Գերագույն խորհրդի գործունեության համար: Սակայն կոմունիստական կուսակցությունը ցանկություն չուներ հրաժարվել իր նստավայրից, եւ Գերագույն խորհրդին առաջարկվեց զբաղեցնել մեկ այլ շենք՝ ներկայիս Ամերիկյան համալսարանը (որը, ի դեպ, նույնպես նախագծել է Մարկ Գրիգորյանը): Այնուամենայնիվ, Գերագույն խորհուրդը տեղափոխվեց «ՑԵԿԱ-ի» շենք, որն էլ մի քանի տարի անց վերանվանվեց Ազգային ժողով:

Հաջորդող տարիներին այդ շենքը կրկին ականատես եղավ ողբերգական դեպքերի: 1996-ին շենք մուտք գործեցին նախագահական ընտրություններից դժգոհ քաղաքացիներ, իսկ 1999 թվական հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը, երբ մի խումբ զինված անձինք սպանեցին իշխանության տարբեր անդամների: Տարիներ անց նիստերի դահլիճը, որտեղ եւ տեղի ունեցան այդ դեպքերը, ամբողջությամբ փոխեց իր տեսքը՝ կարծես ցանկանալով մոռանալ եղածը: Այն դարձավ ավելի հարմարավետ, ուղղանկյուն եզրերը դարձան կլորավուն: Լրագրողներին էլ տեղափոխեցին ապակյա պատուհաններից այն կողմ: Դահլիճը վերաբացվեց 2010 թվականին: Նիստերի նոր դահլիճի հեղինակն Անահիտ Թարխանյանն է: «Ճարտարապետական տեսանկյունից՝ քանի դեռ շենքի հիմնական տեսքը չի աղավաղվել եւ այդ բոլոր հավելումները հետեւի կողմից են կառուցվել, ես խնդիր չունեմ»,- ասում է Մարկ Գրիգորյան կրտսերը:

Կերպարանափոխություններ

Սակայն այս տարիների ընթացքում եղան փոփոխություններ, որոնք Մարկ Գրիգորյանն այդպես էլ չընդունեց: Ազգային ժողովի դիմաց գտնվող ջրավազանի արտաքին տեսքը, մեղմ ասած, փոփոխությունների ենթարկվեց, ինչը նա համարում է պարզապես վատ ճաշակի դրսեւորում: Պարոն Գրիգորյանի խոսքով՝ ընդամենը կես օրվա ընթացքում կատարված այդ փոփոխությունը որեւէ կերպ չէր համապատասխանում Ազգային ժողովի շենքի կերպարին: Ի սկզբանե այդ ջրավազանը նախատեսված էր հակահրդեհային համակարգ ապահովելու համար: Դեռ մինչեւ 40-ականները յուրաքանչյուր տան մոտակայքում կամ նույնիսկ դրա տանիքում տեղադրվում էր ջրավազան, որից հրդեհի դեպքում հնարավոր կլինի օգտվել: Նույն նպատակով նախագծվել էր նաեւ Ազգային ժողովի դիմացի ջրավազանը՝ պարզ, գետնի մակարդակին հավասար ջրային հայելի: Բայց 2015-2016 թվականներին այն սալապատեցին, զարդաքանդակներ փակցրեցին կողերին, իսկ կենտրոնում թագանման մի մետաղյա զարդ տեղադրեցին: Ճարտարապետի թոռան բողոքներն օգուտ չտվեցին՝ տեսքն այդպես էլ մնաց նույնը:

Այսօր ակնհայտ է, որ շենքը վերանորոգման կարիք ունի, պետք է փոխել փայտյա պատուհաններն ու մի շարք այլ աշխատանքներ իրականացնել: Բացի այդ, տարիների ընթացքում աշխատասենյակները դարձել են իրարից բացառապես տարբեր ու երբեմն հակաէսթետիկ` արտահայտելով դրանցում բնակություն հաստատած յուրաքանչյուր անձի ճաշակը: Ի դեպ, դեռ պապի կենդանության օրոք, Գրիգորյան կրտսերը նույնպես իր ներդրումն է ունեցել շենքի տեսքի համալրման գործում: Ավելի ճիշտ, ոչ թե բուն շենքի, այլ դարպասին մոտ նախատեսվող ոստիկանական տնակի, որը մինչ օրս օգտագործվում է որպես մուտք: «Դպրոցական էի, մի օր պապիկս եկավ տուն, սեղանին դրեց տնակի մի քանի տարբերակ եւ հարցրեց՝ որը կընտրեի: Ես էլ ասացի, որ ոչ մեկը սրտովս չէ եւ կնախընտրեի երկու տարբերակների համադրությունը: Մի թղթի կտորի վրա պատկերեցի ասածս տարբերակը եւ տվեցի նրան: Եվ ի՞նչ: Նա դարձրեց իմ նկարածը պրոֆեսիոնալ գծագիր ու հենց այդ տարբերակով էլ կառուցեց տնակը»,- հիշում է պարոն Գրիգորյանը:
 
Իշխանությունների նկատմամբ վստահության խորհրդանիշը

Ազգային շենքի հմայքի մի մեծ բաժին պատկանում է իրեն շրջապատող այգուն: Տարածքում ժամանակին ջերմոց է եղել նաեւ, որտեղ աճեցվել են գեղեցկագույն մեխակներ: Այս լուծումը խնայողական նպատակ ուներ՝ այլեւս չկար կարիք պետական գումարները ծախսել ծաղիկ գնելու համար: Անկախացումից հետո, երբ Գերագույն խորհուրդը տեղափոխվեց այդ շենք, խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը որոշում կայացրեց այգին բացել քաղաքացիների համար: Սակայն, շաբաթներ անց իրավիճակն անկառավարելի դարձավ: Մի օր աշխատակիցները եկան եւ տեսան, որ շենքի մուտքի դիմաց դագաղ է դրված: Պարզվեց՝ քաղաքում սպանություն էր տեղի ունեցել եւ սպանվածի բարեկամները, պահանջելով արդարություն, բերել դագաղն այդտեղ էին տեղադրել: Մեկ այլ առիթով, շենքի առջեւ տեղաշորեր հայտնվեցին. մարդիկ կրկին բողոքում էին: Արդյունքում՝ այգին նորից փակվեց:

Այգին կրկին բացվեց 2018 թվականին, բայց այսօր այն կրկին փակ է: «Ես կողմնակից եմ, որ այգին բացվի, եւ մարդիկ կարողանան վայելել այն, քանի որ, ի վերջո, այն ստեղծված չէ միայն մի խումբ պատգամավորների համար. այգին բոլորինն է,- ասում է Մարկ Գրիգորյանը,- բայց այստեղ մի հանգամանք կա: Այգու բաց կամ փակ լինելը դարձել է կառավարության նկատմամբ վստահության մակարդակի ցուցանիշ: Քանի վերաբերմունքը լավն է, այգին բաց է, երբ վերաբերմունքը վատանում է, այգին կրկին փակում է իր դռները»:

Մնում է միայն հուսալ, որ մոտ ապագայում այգին նորից կդառնա հանրային վայր, իսկ ԱԺ շենքը չի լինի այդքան հեռու:

Սկզբնաղբյուրը՝ այստեղ:


16.07.2021
«Խորհրդարան 1918-1920». Սնունդ եւ օճառ ստացած պատգամավորների անվանացանկ
Առաջին հանրապետության խորհրդարանում պատգամավորներին տրամադրվող սնունդը եւ օճառը ցուցակագրվում էին: «1. Ահարոնեան Աւետիք  2. Աղբալեան Նիկոլ 3. Արղութեան Յովսէփ 4. Արարատեան Սարգիս 5.  Աբեղեան Արտաշէս եւ այլք»:   ...

16.07.2021
Խորհրդարանի արարողակարգի թանգարան. Ցորենի հասկ
Պաշտոնական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն իր հետ բերել եւ  Խորհրդարանի արարողակարգի թանգարանին  է հանձնել արծաթից պատրաստված ցորենի հասկի պատկեր: Այն խորհրդանշում է հայ եւ կիպրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համերաշ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS