Մայիսի 7-ին Ազգային ժողովը կրկին հյուընկալ էր: Այցելուներն էին Երեւանի Ջորջ Դունայանցի անվան թիվ 154 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները:
Հյուրերի հետ հանդիպեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը: Նա աշակերտների հետ զրույցում ընդգծեց պատգամավորի աշխատանքի կարեւորությունը: Դպրոցականներին հետաքրքրում էր` ինչպես են խնդիրները դառնում օրենքներ եւ ինչ ճանապարհով: Պատասխանելով հարցերին` պատգամավորը նշեց, որ կարեւոր խնդիրների լուծման առանցքում լավ կրթություն ունենալն է: Նա հորդորեց չվատնել ընձեռված ժամանակը, սովորել եւ շատ գրքեր կարդալ:
Նույն օրը խորհրդարանում էին նաեւ Երեւանի թիվ 100 դպրոցի եւ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Ռոբերտ Գեւորգյանի անվան դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները:
Դպրոցականներին հյուընկալեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հրաչյա Հակոբյանը ու Սարգիս Խանդանյանը:
Աշակերտները տարբեր հարցեր ուղղեցին պատգամավորներին: Նրանք հիմնականում հետաքրքրված էին 12-ամյա ուսուցման արդյունավետության, անվճար ուսուցման, երկրի սահմանների անվտանգության խնդիրներով, սոցիալական եւ տնտեսական հիմնահարցերով:
Պատգամավորները, պատասխանելով հարցերին, ներկայացրին իրականացվող ծրագրերը: Անդրադառնալով Հայաստանում թեթեւ արդյունաբերության զարգացման հեռանկարին` նշվեց, որ երկրում այն խթանելու մեծ ներուժ կա:
Հյուրերը նիստերի դահլիճի օթյակից հետեւեցին ընթացող նիստի աշխատանքներին: Եղան ԱԺ թանգարանում եվ գրադարանում:
Այցն ավարտվեց նիստերի դահլիճում խմբակային լուսանկարով: