ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը ԱԺ մայիսի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների համար օգտագործվող հողամասի նպատակային նշանակությունը հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ փոփոխելուց հետո 10 տարվա ընթացքում պետական բյուջե պետք է վճարվի հողամասի կադաստրային արժեքի առկա տարբերությունը: Պետական գրանցման ժամանակ պետք է ներկայացվի կադաստրային վճարման անդորրագիրը: Հակառակ դեպքում պետական գրանցումը կարող է մերժվել:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Գրիգորյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը: Ըստ հարակից զեկուցողի` օրենսդրական կարգավորումը համայնքային բյուջեներում սեփական եկամուտների ավելացման հնարավորություն կտա: