ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 29-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:
ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը տեղեկացրեց, որ օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող եւ անօդաչու թռչող սարքերի օգտագործումը: Սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների նկարահանումները նման սարքերի միջոցով չեն վրիպում սահմանակից պետության սահմանապահ ծառայության ներկայացուցիչների ուշադրությունից, որն իր հերթին վերջիններիս կողմից նշված գործողությունների վերաբերյալ բողոքի արտահայտման տեղիք է տալիս:
«Պետական սահմանի մասին» օրենքի լրացմամբ առաջարկվում է արգելել առանց համապատասխան թույլտվության օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ էլ կհստակեցվեն սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաեւ բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը:
Քննարկման ընթացքում պատգամավորները կողմ արտահայտվեցին: Հարակից զեկույցում Հայկ Կոնջորյանը գործընկերներին կոչ արեց կողմ քվեարկել:
Նախագծերի փաթեթը ստացավ դրական եզրակացություն ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար: