Հունիսի 24-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:
Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ օրենսդրական փաթեթով առաջարկվում է վճռաբեկ վարույթի շրջանակներում ներմուծել գրավոր ընթացակարգով գործը քննելու հնարավորություն, ինչն այժմ կիրառվում է քաղաքացիական դատավարության շրջանակներում եւ ապացուցել է իր արդյունավետությունը:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են հիմնականում տեխնիկական բնույթի փոփոխություններ:
Հարակից զեկուցող ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանը նշել է, որ օրենսդրական փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել եւ հորդորել է գործընկերներին տալ դրական եզրակացություն:
Օրենքների նախագծերի փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: