ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները՝ համանախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ, հունիսի 9-ին հրավիրած ասուլիսում մանրամասներ են ներկայացրել հունիսի 3-7-ը Յակուտսկում կայացած հանձնաժողովի 26-րդ նիստի աշխատանքների վերաբերյալ: Ասուլիսին մասնակցել են հանձնաժողովի անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Ռուզաննա Մուրադյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Ռուբիկ Հակոբյանը եւ Հայկ Բաբուխանյանը:
Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովի 26-րդ նիստի շրջանակներում ՌԴ Պետդումայում հունիսի 3-ին տեղի է ունեցել հանդիպում Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Իվան Մելնիկովի հետ, որի ընթացքում բարձրացվել են երկկողմ համագործակցության հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը լիիրավ անդամակցությանը, տնտեսական զարգացման եւ միջազգային համագործակցության այն հեռանկարներին, որոնք բացվում են միությանն անդամակցելով:
Հայ խորհրդարանականները շնորհակալություն են հայտնել իրենց ռուս գործընկերներին՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ակտիվ մասնակցության համար: Այդ մասին խոսվել է նաեւ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Եվգենի Բուշմինի հետ հանդիպման ժամանակ: Պատվիրակության անդամներ Լեւոն Մարտիրոսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ռուբիկ Հակոբյանը, Միքայել Մելքումյանը եւ Հայկ Բաբուխանյանը արծարծել են մի շարք հարցեր, այդ թվում նաեւ՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի գործունեությանը, միջազգային մի շարք խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումներին առնչվող հարցեր: Հայ խորհրդարանականները բարձրացրել են նաեւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ զենքի վաճառքին, տրանսպորտային հաղորդակցությանը եւ այլ ոլորտներին առնչվող խնդիրներ:
ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 26-րդ նիստը շարունակվել է հունիսի 5-ին Ռուսաստանի Դաշնության Սախա (Յակուտիա) Հանրապետության մայրաքաղաք Յակուտսկում, որտեղ համատեղ հանձնաժողովը հանդիպում է ունեցել Յակուտիայի նախագահ Եգոր Բորիսովի հետ:
Նիստին մասնակցել են միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական եւ ռուսական կողմերի անդամներ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Յակուտիայի տարածքային իշխանությունների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, Յակուտիայում հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Նիստի օրակարգում եղել է «Ժողովուրդների եղբայրությունը Մեծ Հաղթանակի գրավականն է» հարցը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին:
«Հայերը Հայրենական մեծ պատերազմում» զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով, կարեւորելով Հայրենական մեծ պատերազմի դերն ու նշանակությունը, անթույլատրելի է համարել այդ Մեծ Հաղթանակի նսեմացումը: «Ֆաշիզմը, նացիզմը, այլատյացությունը բացարձակապես անթույլատրելի պետք է լինեն: Այսօր աշխարհը գնում է մարդու իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների ստեղծման ճանապարհով»,- իր ելույթում նշել է ԱԺ փոխնախագահը:
ՀՀ ԱԺ-ի եւ ՌԴ ԴԺ-ի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները շարունակվել են ՌԴ գիտությունների ակադեմիայի Յակուտսկի հումանիտար հետազոտությունների եւ Հյուսիսի փոքրաթիվ ժողովուրդների ուսումնասիրման ինստիտուտի հանդիսությունների դահլիճում կազմակերպված «Պատմության դասերը ժողովուրդների ճակատագրում. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» կլոր սեղանի շրջանակներում: Դահլիճի նախասրահում կազմակերպվել է նաեւ ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հայոց ցեղասպանության դասերը հստակորեն կապելով այսօրվա համամարդկային խնդիրների հետ, շարունակաբար շեշտելով այն իրավիճակը, որի անտեսումը հանգեցնում է այս ոճրագործության նորանոր դրսեւորումների՝ հայ խորհրդարանականները բարձրացրել են ՀՀ ԱԺ-ի՝ «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» կարգախոսով միջազգային համագործակցության պլատֆորմ ստեղծելու առաջարկը:
Կլոր սեղանի շրջանակներում ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ռուսական կողմից՝ միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, սենատորներ Իգոր Չերնիշենկոն, Ռաֆաիլ Զինուրովը, Պետդումայի անդամ Բորիս Ռեզնիկը եւ այլ խորհրդարանականներ, ովքեր աջակցություն են հայտնել ՀՀ ԱԺ-ի նախաձեռնությանը:
Ասուլիսի ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը կարեւորել է հայ-ռուսական հարաբերությունները՝ նշելով, որ դրսեւորումների մեջ չպետք է լինեն ձեւակերպումներ, որոնք կանդրադառնան դրանց վրա: Լեւոն Մարտիրոսյանն էլ տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են օրակարգային այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ Պետական դումայում եւ Յակուտսկում հանձնաժողովի նիստի ժամանակ լուրջ քննարկումներ են եղել այն խնդիրների շուրջ, որոնք կան երկու երկրների խորհրդարանների միջխորհրդարանական պատվիրակությունների միջեւ: Իսկ Ռուզաննա Մուրադյանն էլ նշել է, որ դա եղել է բացառիկ հանդիպում, որը ոչ միայն հնարավորություն է տվել հանդիպել եւ քննարկումներ ծավալել ռուս գործընկերների հետ, այլեւ պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարբեր աշխատանքային խմբերի ձեւաչափով անդրադառնալու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաեւ հանդիպել հեռավոր հյուսիսում ապրող մեր հայրենակիցների հետ:
Հայ եւ ռուս խորհրդարանականները մասնակցել են Յակուտսկում հայկական համայնքի կողմից կազմակերպված մի շարք միջոցառումների, այցելել են Սուրբ Կարապետ եկեղեցի, մասնակցել մշակութային կրթական կենտրոնի հանդիսավոր բացմանը:
Նշենք, որ միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ՝ 27-րդ նիստում քննարկվելու է «Ռուս-հայկական մշակութային համագործակցության զարգացումը» թեման: Որոշում է ընդունվել միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում 2015 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: