Ապրիլի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի սենատոր Մայք Բրուբեյքերին:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գոհունակությամբ նշեց, որ անկախությունից ի վեր հայ-ամերիկյան հարաբերություններն աչքի են ընկնում քաղաքական շփումների բարձր մակարդակով եւ այսօր էլ երկկողմ հարաբերությունները զարգացման վերընթաց բնույթ են կրում: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանում ժողովրդավարության հաստատման, օրենքի գերակայության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործընթացները գտնվում են իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում ԱԺ նախագահը բարձր գնահատեց նաեւ ԱՄՆ-ի աջակցությունը:
Սենատոր Բրուբեյքերը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ նշեց, որ իր այցի նպատակն է մոտիկից ծանոթանալ Հայաստանին, հայ ժողովրդին: Նրա համոզմամբ` երկկողմ շփումները, նմանատիպ այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը եւ համագործակցության խորացմանը մի շարք բնագավառներում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն առնչվող այլ հարցր եւս` փոխադարձաբար կարեւորվեց միջխորհրդարանական համագործակցության խորացումը բոլոր մակարդակներով, փոխգործակցությունը տնտեսության, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում, կոնկրետ ծրագրերի իրականացումը, փորձի փոխանակումը: