Հունվարի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորին:
Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ նա լիազորությունների շրջանակներում իր ներդրումը կունենա տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում: Սամվել Նիկոյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերջին տարիների զարգացման մակարդակից` նշելով, որ դրան նպաստում են նաեւ քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունն ու փոխայցելությունները:
Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` շնորհավորեց Սամվել Նիկոյանին` Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Նա նշեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են եւ մերձենում, ինչը հիմնված է երկկողմ շահերի եւ հետաքրքրությունների վրա:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային խնդիրների: ԼՂ հակամարտության կապակցությամբ Ֆիլիպ Լեֆորն ասաց, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, իսկ մադրիդյան սկզբունքներն այլընտրանք չունեն: Նա կարեւորեց երկխոսության միջոցով կողմերի հաշտեցման հասնելու անհրաժեշտությունը, նշելով, որ ԵՄ-ն հաշտեցումների հարուստ պատմություն ունի: Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հայտարարեց, որ ԵՄ-ն կողմ է հարցի խաղաղ լուծմանը:
ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ երկխոսությունը հակամարտությունների կարգավորում տանող միակ ճանապարհն է, եւ Հայաստանը բազմիցս հայտարարել է խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու իր պատրաստակամությունը:
Երկուստեք անընդունելի համարվեցին ռազմական հռետորաբանությունը եւ խնդիրը պատերազմի միջոցով լուծելու հայտարարությունները: