Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին:
Ողջունելով հյուրերին` պրն. Աբրահամյանը տեղեկացրեց նրանց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դիմել է Ազգային ժողով եւ առաջարկել հայտարարել համաներում: Հայաստանի խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց Նախագահ Սարգսյանի մարդասիրական այդ քայլը եւ հայտնեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին, որ ինքը ստորագրել է որոշում, ըստ որի ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ 2009թ. հունիսի 19-ի կեսօրին
կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան: Պրն. Աբրահամյանը նաեւ հայտնեց համազեկուցողներ Պրեսկոտին եւ Կոլոմբիեին, որ Նախագահ Սարգսյանի նախաձեռնությունն արդեն ուղարկվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով եւ ՀՀ կառավարություն, որոնք իրենց եզրակացությունը կներկայացնեն գալիք օրվա ընթացքում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաեւ քննարկեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ ԵԽԽՎ գալիք նստաշրջանին վերաբերող մի շարք հարցեր: