National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
16.06.2009
Ազգային ժողովի նախագահը մասնակցեց ՀՊՏՀ շրջանավարտներին ավարտական դիպլոմներ հանձնելու հանդիսությանը

Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ, այս բուհի շրջանավարտ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցեցին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը։ 

Բարձրաստիճան հյուրերին դիմավորեցին ՀՊՏՀ ռեկտոր Յուրի Սուվարյանը, բուհի խորհրդի անդամները, գիտնականներ, դասախոսներ։

Ողջունելով ներկաներին, պարոն Սուվարյանը նշեց, որ այսօր հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերում աշխատում են բուհի բազմաթիվ շրջանավարտներ, իսկ Հայաստանի օրենսդիր իշխանությունը ղեկավարում է պետական տնտեսագիտական համալսարանի նախկին շրջանավարտ Հովիկ Աբրահամյանը։

Շնորհավորելով շրջանավարտներին եւ բարի երթ մաղթելով, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց-

«Սիրելի շրջանավարտներ,

Ես եկել եմ ձեզ հետ կիսելու բուհն ավարտելու բերկրանքը:  Սակայն չեմ ասելու հրաժեշտի խոսքեր: Իմ առաքելությունն այլ է:  Կյանքում ամեն ինչ ունի իր տրամաբանական շարունակությունը:  Ձեր դեպքում, բուհն ավարտելու պահը ես գնահատում եմ որպես նոր սկիզբ, ես կասեի իրական սկիզբ, որովհետեւ հիմա է, որ դուք դպրոցից եւ համալսարանից, ինչու չէ` նաեւ ծնողներից ստացած ու ամբարած գիտելիքները պետք է վերջապես կիրառեք կյանքում:  Եվ ձեր մասնագիտական իրական կշիռը մեծապես կախված կլինի նրանից, թե ինչպես կկարողանաք գործնականում կիրառել այդ գիտելիքները:

Իհարկե, ձեզնից ոմանք կշարունակեն իրենց քայլերը գիտության` տեսական տնտեսագիտության ոլորտում:  Սա շատ կարեւոր ասպարեզ է եւ կայանալով որպես տնտեսագետ - գիտնականներ, ինքներդ կստանձնեք այն դերը, որում եղել են ձեզ կրթող դասախոսներն այս տարիների ընթացքում:  Կարեւոր է, որ նոր մասնագետներ կրթեք նաեւ դուք` նոր մտածելակերպով, լայն աշխարհահայացքով, միջազգային ասպարեզի բանիմացությամբ եւ ազգային նկարագրով: 

Ուզում եմ ձեզ հետ անկեղծ լինել.  ուզում եմ, որ տնտեսագիտության ապագա թեկնածուները, հատկապես տղաները, ձգտեն գիտական ատենախոսություններ պաշտպանել ոչ թե բանակում ծառայությունից խուսափելու համար, այլ բոլորիս փաստելու, որ կարող են օգտակար լինել ազգային տնտեսության խնդիրների նոր ու համարձակ լուծումներով:  Մենք կատարելագործում ենք բարձրագույն եւ հետբուհական կրթությանն առնչվող օրենսդրությունը եւ փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի այն լավագույնս ծառայի մասնագետների կայացման գործընթացին:  Ու եթե տնտեսագիտության ամեն թեկնածու ու դոկտոր թեկուզ մեկ քայլ առաջ տանի ազգային տնտեսության զարգացման ծրագիրը, կարելի է համարել, որ տրված վկայականները ձեւական բնույթ չունեն, այլ փաստում են գիտական իրական նվաճումները: 

Ոմանց, բնականաբար, հուզում է այն հանգամանքը, որ հատկապես տնտեսագետի մասնագիտությունը բավական գրավիչ է: Տնտեսագիտական տերմիններով ասած, այսօրվա մասնագետների առաջարկը գերազանցում է աշխատանքային շուկայի պահանջարկը, որն էլ բացասաբար կարող է ազդել զբաղվածության վրա:  Որպես Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, ուզում եմ ձեզ հետեւյալն ասել.  մեր երկիրը, երկրում ձեւավորվող գիտելիքահենք տնտեսությունը բարձրակարգ, բանիմաց տնտեսագետների մեծ պահանջ ունի:  Եվ պահանջարկը մեծ է ինչպես պետական հատվածում` օրենսդիր եւ գործադիր իշխանության թեւերում, այնպես էլ մասնավոր հատվածում:

Բերեմ մի օրինակ:  Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում մեր գործարարներից շատերը տուժեցին ոչ այնքան այն պատճառով, որ Հայաստանը ինտեգրված է գլոբալ տնտեսությանը եւ ցնցումները անխուսափելի էին, այլ նաեւ այն պարզ պատճառով, որ գրեթե բոլորովին չօգտագործվեցին կայունություն ապահովող այնպիսի կարեւորագույն մեխանիզմներ ու գործիքներ, ինչպես, ասենք, հեջավորումը, ֆյուչերսային, ֆորվարդային գործարքները եւ այլն:

Մեկ այլ հանգամանքի մասին:  Մենք` տնտեսագետներս, հրաշալի պատկերացնում ենք, թե ինչ կարեւոր դեր ունեն ներդրումները երկրի տնտեսության զարգացման մեջ:  Սակայն կարեւոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ներդրումների մեջ գնալով պետք է աճի ներքին ներդրումների տեսակարար կշիռը այն պարզ հիմնավորմամբ, որ առաջինը մենք ինքներս պետք է վստահենք մեր տնտեսությանը, հետո նման վստահություն հաղորդենք օտարերկրացիներին:  Հենց վստահության մթնոլորտի վերականգնումն ու զարգացումն է ներդրումների կարեւորագույն նախապայմաններից մեկը:  Միաժամանակ, կցանկանայի հիշեցնել, որ ներդրումների համար ամենաշահութաբերն այսօր ոչ միայն արտադրության ու ծառայությունների ոլորտներն են, այլ, համոզված եմ` ներդրումներն են մարդկային կապիտալի զարգացման, այսինքն կրթության եւ գիտության ոլորտում:

Ձեզ ավելի, քան որեւէ մեկին պետք է հոգեհարազատ լինեն տնտեսագիտության Չիկագոյի դպրոցի ներկայացուցիչ, Նոբելյան մրցանակակիր Գարի Բեկերի հայացքները, որոնք առավել արդիական են մտավոր կարողությամբ հարուստ մեր երկրի համար:  Հանրահայտ է այն միտքը, որ այն պետությունը, որը չի ցանկանում վճարել սեփական մասնագետներին, վաղ թե ուշ ստիպված կլինի վճարել այլ երկրների մասնագետներին` սեփական զարգացումն ապահովելու համար:   Ես համոզված եմ, որ մենք բավարար կարողություն ունենք սեփական մասնագետներին, կայացած տնտեսագետներին տրամադրել այն պայմանները, ինչին նրանք արժանի են իրենց գիտելիքներով, կենսափորձով եւ օգտակար գործողության գործակցով:

Ինձ համար մեծ հպարտություն եւ պատիվ է լինել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ, իսկ առավել եւս հպարտ եմ, որ այս հեղինակավոր բուհի շրջանավարտ եմ:  Կարող եմ ձեզ վստահեցնել սեփական օրինակով, որ գիտելիքը, նպատակասլացությունն ու ամենօրյա քրտնաջան աշխատանքն են այն կարեւորագույն գործոնները, որոնցով պայմանավորված են լինելու ձեր վաղվա օրվա բոլոր նվաճումները:

Բարի երթ ձեզ սիրելի շրջանավարտներ, բայց նաեւ բարի գալուստ` իրական կյանք»:

Բարեմաղթանքի խոսք ասաց նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Իսկ ուսանող-ընկերների անունից շրջանավարտ Վլադիմիր Գեւորգյանը հավաստիացրեց, որ ուսման տարիներին ձեռք բերածը զարգացնելով, ամեն ինչ կանեն մեր երկրի հատկապես տնտեսության զարգացման համար։

Այս տարի ՀՊՏՀ ավարտել են 1088 ուսանող, որոնցից 18 տոկոսը՝ կարմիր դիպլոմով։ Առաջին կարմիր դիպլոմը լավագույն շրջանավարտին հանձնեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։



16.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Բարձր եմ գնահատում համաներում հայտարարելու մասին Նախագահ Սարգսյանի մարդասիրական քայլը»
Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին:Ողջունելով հյուրերին` պրն. Աբրահամյանը տեղեկացրեց նրանց, որ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը դիմե...

16.06.2009
Հովիկ Աբրահամյանը եւ Աշոտ Ղուլյանը մասնակցեցին արցախցի նկարիչների ցուցահանդեսի բացմանը
Հունիսի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակցեցին արցախցի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը: Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների ղեկավարները միացան արվեստասեր հանրութ...

16.06.2009
Քննարկվեցին դեռահասների եւ երիտասարդների վերարտադրողական առողջության պահպանման հիմնախնդիրները
Հունիսի 16-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Լեւոն Կիլիկեցի» սրահում  տեղի ունեցան ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդարանական լսումներ` նվիրված Հայաստանում դեռահասների եւ երիտասարդների վերարտադրողական առողջության պահպանման...

16.06.2009
ԱԺ նախագահի տեղակալը հանդիպեց ՌԴ Նախագահի ներկայացուցչի հետ
Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ  Սամվել Նիկոյանը հանդիպեց Ռուսատանի Դաշնության նախագահի`  արտասահմանյան երկրների հետ միջտարածքային եւ մշակութային կապերի վարչության պետ Սերգեյ Վինոկուրովի հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: Սե...

16.06.2009
ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների հանդիպումները խորհրդարանում
Եռօրյա այցով Հայաստանում  գտնվող  ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ  Ժորժ Կոլոմբիեն հունիսի 16-ին Ազգային ժողովում հանդիպեցին ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ:  Համազեկուցողները նշեցին, որ երկօրյա այցի նպատակն  է  ԵԽԽՎ հ...

16.06.2009
Հունիսի 19-ին, ժամը 12.00-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  ստորագրել է  որոշում, ըստ որի`  ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն, ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ 2009թ. հունիսի 19-ին, ժամը 12.00-ին  կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան: Օրակարգում ընդգրկված է ՀՀ Նախագահի առաջարկությունը համաներում հայտարարե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am