Հունիսի 16-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը հանդիպեց Ռուսատանի Դաշնության նախագահի` արտասահմանյան երկրների հետ միջտարածքային եւ մշակութային կապերի վարչության պետ Սերգեյ Վինոկուրովի
հետ: Հանդիպմանը ներկա էր նաեւ խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:
Սերգեյ Վինոկուրովը մեկ անգամ եւս փաստեց ռուսական կողմի` Հայաստանը ռազմավարական գործընկեր դիտարկելու դիրքորոշումը: Բարձր գնահատելով համագործակցությունը քաղաքական, ռազմական, տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում` ռուս պաշտոնյան ընդգծեց Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ հաստատված ջերմ հարաբերությունները` համարելով դրանք լավ խթան շփումներն էլ ավելի աշխուժացնելու համար: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի գնահատմամբ` երկու երկրների միջեւ առկա ռազմավարական գործընկերությունը եւ դարավոր բարեկամությունը պարտավոր են այսօր պահպանել եւ զարգացնել: Նա խոսեց հատկապես խորհրդարանների միջեւ շփումներն ակտիվացնելու մասին:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ «Գույք պարտքի դիմաց» ծրագրի մանրամասներին: Խորհրդարանի փոխնախագահը մտահոգություն հայտնեց այս գործարքով Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունների անգործության վերաբերյալ` նշելով, որ դրանից չեն շահում ոչ հայկական եւ ոչ էլ ռուսական կողմերը: ՌԴ նախագահի ներկայացուցիչը, համաձայնելով գնահատականի հետ, նշեց, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, եւ որ վերջին մեկուկես տարիների ընթացքում լուրջ քայլեր են ձեռնարկում իրավիճակը փոխելու ուղղությամբ: Մասնավորապես նշված ձեռնարկություններում անց են կացվում աուդիտորական ուսումնասիրություններ, ինչպես նաեւ դիտարկում են վստահելի ներդրողների թեկնածությունները:
Պրն. Նիկոյանը, որպես զարգացման ենթակա ուղղություն, մատնանշեց միջազգային եւ միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցությունը: Համագործակցությունն այս ոլորտում խորհրդարանի փոխնախագահը գնահատեց ոչ բավարար: Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում համագործակցության մասին: Զրուցակիցներն անդրադարձան ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների կեցությանը եւ իրավական կարգավիճակին առնչվող հարցերի:
ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ Ռուսաստանը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման գործում մեծ դերակատարություն կունենա:
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը շնորհակալություն հայտնեց ռուսական կողմին` Հայաստանին 500 մլն. դոլարի վարկ տրամադրելու համար` չնայած, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել նաեւ Ռուսաստանի վրա: