Հունիսի 2-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Քյու-Հենին (նստավայրը` Մոսկվա):
Ողջունելով հյուրին` Հայաստանի խորհրդարանի խոսնակն իր ցավակցությունը հայտնեց Կորեայի Հանրապետության ժողովրդին երկրի նախկին նախագահ Ռո Մո-Հյունի ողբերգական մահվան կապակցությամբ:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` Հ. Աբրահամյանն առանձնացրեց շփումներն աշխուժացնելու անհրաժեշտությունը: Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության եւ Կորեայի Հանրապետության խորհրդարաններում արդեն ձեւավորվել են բարեկամության պատգամավորական խմբեր եւ առաջարկեց օրենսդիրների փոխադարձ այցելություններ կազմակերպելու միջոցով նոր լիցք հաղորդել երկու երկրների հարաբերություններին: Այդ համատեքստում, Հ. Աբրահամյանն առաջարկեց օգտագործել նման փոխայցերի հնարավորությունները եւ պատվիրակությունների կազմում նաեւ ներառել երկու երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչներին:
Զրույցի ընթացքում կողմերը մանրակրկիտ անդրադարձ կատարեցին Հայաստանի եւ Կորեայի Հանրապետության միջեւ միջխորհրդարանական, առեւտրատնտեսական, ինչպես նաեւ էներգետիկայի բնագավառներում համագործակցության հեռանկարներին: