National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
02.06.2009
Ինչպե՞ս կանխել Հայաստանի տնտեսության վրա ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 2-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի արտահերթ նիստ:

ԱԺ պատգամավորները քննարկեցին ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Ըստ բանախոսի` առաջարկվող նախագիծը ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասաբար ազդեցությունը  պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի վրա մեղմելու նպատակ ունի: ՀՀ կառավարության գործողությունների բավարար ճկունություն ապահովելու համար նախագծով առաջարկվում է ՀՀ  2010 թվականի պետական բյուջեի նախագծի ձեւավորման գործընթացից սկսած` սահմանել, որ ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացվող առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում պետական բյուջեի պակասուրդը չի կարող գերազանցել ՀՀ կառավարության բյուջետային ուղերձում նշված առաջիկա տարվա համախառն ներքին արդյունքի 7,5 տոկոսը` օրենքով սահմանված 5 տոկոսի փոխարեն:

Պարոն Դավթյանը պատասխանեց ԱԺ պատգամավորների հարցերին:

Քննարկվող հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ  ունեցավ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը (ստորեւ ներկայացնում ենք ելույթը):

Հարգելի գործընկերներ,

ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովին ներկայացված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը պարունակում է հստակ առաջարկ` 1997թ. հունիսի 24-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի հոդված 12-ի 3-րդ մասի 5-րդ պարբերությունում «5 տոկոս» բառը փոխարինել «7,5 տոկոս» բառերով: 

Գաղտնիք չէ, որ սրանից 12 տարի առաջ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի այս դրույթը նպատակ է հետապնդում ապահովել պետության ֆինանսաբյուջետային անվտանգությունը եւ զերծ պահել ֆինանսական հնարավոր ցնցումներից:  Մասնավորապես, եկամուտների համեմատ ծախսերի ծավալները չեն կարող անվերջ աճել եւ դրանք 5 տոկոսի սահմաններում ամրագրելը, օրենքի ընդունումից հետո ընկած ժամանակահատվածում խաղաց իր դրական դերը: 

Ավելին, վերջին տարիներին ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը հիմնականում չի գերազանցել նույնիսկ 3 տոկոսի սահմանը եւ վստահ եմ, որ այս միտումը կշարունակվեր, եթե համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, ի թիվս այլ երկրների, չսասաներ նաեւ մեր տնտեսության կայուն զարգացման միտումը:

Մեզ համար ըմբռնելի եւ ընդունելի է Կառավարության մտահոգությունը` օրենքի շրջանակներում ապահովել պետական բյուջեի կատարումը, հատկապես թույլ չտալու բյուջեի ծախսային մասի, իսկ այս հատվածում, մասնավորապես սոցիալական ծախսերի ժամանակին հատկացումները:

Ցանկալի է, որ եկամուտների հանդեպ պետական բյուջեի ծախսերի գերազանցումը` դեֆիցիտը, օրենքի մեջ ֆիքսվի 7,5 տոկոս միմիայն ֆինանսական ճգնաժամի ներկայիս փուլում եւ ակնկալելու եմ, որ տնտեսության զարգացման փուլ թեւակոխելիս, Կառավարությունը հանդես կգա համանման նախաձեռնությամբ բյուջեի թույլատրելի դեֆիցիտը ամրագրելու 5 տոկոսի սահմաններում:

Հայտնի է, որ ՀՀ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման երկու աղբյուրներ կան` ներքին եւ արտաքին:  Օրենքի նախագծում նշված է ընդհանուր առմամբ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտության մասին:  Ցանկալի է հստակեցնել, թե որքան ֆինանսական ռեսուրսներ է պատրաստվում Կառավարությունը ներգրավել ներքին աղբյուրների եւ որքան` արտաքին աղբյուրների հաշվին:  Ի վերջո, դրանցից ո՞րն է ավելի նախընտրելին:

Վերջապես, ցանկալի է իրավիճակը կայունացնել ոչ միայն ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու հաշվին, այլեւ պետական բյուջեի եկամուտների ավելացման կամ առնվազն պահպանման հաշվին:  Հասկանալի է, որ ֆինանսական ճգնաժամի պատճառով կրճատվել են բյուջեի հիմնական հարկատուների արտադրության ծավալները, անկում է ապրել տեղական արտադրությունն ընդհանրապես եւ ավելացել են ներմուծման ծավալները: 


Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ ներկայացված օրինագիծը ժամանակի թելանդրանքն է եւ կոչ անելով գործընկերներիս դրական վերաբերմունք արտահայտելու դրա նկատմամբ, միաժամանակ հույս եմ հայտնում, որ այն կծառայի օրինագծի հիմնավորման մեջ նշված նպատակին:

Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթներ ունեցան նաեւ ԱԺ այլ պատգամավորներ:

ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ` ոչ թե պետք է պարտքեր վերցնել եւ պարտքերով ապրել, այլ հարկային վարչարարության բարելավման միջոցով ապահովել բյուջեի ծախսային մասը:

ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանի եւ Վարդան Բոստանջյանի կարծիքով` Հայաստանի արտաքին պարտքը մեծ չէ, եւ երկիրը ի վիճակի է դրանք վերադարձնել, իսկ պակասուրդի 7,5 տոկոս շեմը տնտեսական ճգնաժամը կանխելու եւ տնտեսությունը աշխուժացնելու հնարավորություն կտա:

ԱԺ պատգամավորներ Տիգրան Թորոսյանը եւ Արծվիկ Մինասյանը ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ ներկայացվել է օրենքի նախագիծ առանց հիմնավորումների. պակասուրդը 2,5 տոկոսով բարձրացնելը նոր վարկեր ներգրավելու նպատակ է հետապնդում, ինչը նույնպես հիմնավորված չէ:

ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը նկատեց, որ իր գործընկերները շեղվում են օրինագծի նպատակից եւ խոսում են նախագծի հետ կապ չունեցող հարցերի մասին: Օրինագիծն ընդամենը կառավարությանը ճկուն աշխատելու հնարավորություն է ընձեռնում: Նա առաջարկեց քննարկել առեւտրային բանկերի` ձեռնարկություններին բարձր տոկոսադրույքով վարկեր տրամադրելու հարցը եւ մշակել համապատասխան վերահսկողական մեխանիզմներ:

Ազգային ժողովի պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին քննարկված օրինագիծը:
 
ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ ՀՀ նախագահի ներկայացրած, 2009 թվականի մայիսի 20-ին Մոսկվայում ստորագրված, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Համաձայնագրի համաձայն` ռուսական կողմը հայկական կողմին 2009 թվականին տրամադրում է  պետական ֆինանսական վարկ 500 ԱՄՆ դոլարի չափով: Հայկական կողմը վարկի մարումը իրականացնում է  ԱՄՆ դոլարով հավասար կիսամյակային մասնաբաժիններով: Վճարումներն իրականացվում են  յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ին եւ դեկտեմբերի 15-ին, ընդ որում` առաջին վճարումը կիրականացվի 2013 թվականի հունիսի 15-ին, իսկ վերջին վճարումը` 2024 թվականի հունիսի 15-ին: Հայկական կողմը վարկի օգտագործման համար ռուսական կողմին վճարում է տոկոսներ ԱՄՆ դոլարով արտահայտված 6-ամսյա դեպոզիտների համար LIBOR դրույքաչափին գումարած 3 տոկոս տարեկան տոկոսադրույքով:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաեւ իր սեփական միջոցների հաշվին կարգավորել ԽՍՀՄ Վնեշէկոնոմբանկում ՀՀ իրավաբանական անձանց (նախկին ԽՍՀՄ ռեզիդենտ - իրավաբանական անձանց) հաշիվների մնացորդների հետ կապված պահանջները:

Պարոն Դավթյանը պատասխանեց ԱԺ պատգամավորների հարցերին:

Ի պատասխան Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հարցին, թե ինչ սկզբունքով է բաշխվելու վարկը, որքան է մտադիր Կառավարությունը հատկացնել բիզնես ծրագրերին եւ ինչ դրույքաչափերով է տրվելու մասնավոր հատվածին, նա ասաց, որ երկու ուղղությամբ է  նախատեսվում վարկի բաշխումը փոքր եւ միջին ձեռնարկություններին. մեկը  վարկի տրամադրումն է ՀՀ կենտրոնական բանկին, որը կբաշխի առեւտրային բանկերին, սրանք էլ` ձեռնարկություններին, մյուս ուղղությունը նախատեսում է կառավարության օպերատիվ շտաբի կողմից անմիջական վարկավորում կամ ֆինանսավորում: ՀՀ կառավարությունը մշակել է այդ վարկերի տրամադրման չափորոշիչներ, միջոցառումներ է նախատեսում առեւտրային բանկերի տոկոսադրույքները իջեցնելու ուղղությամբ: Վարկի հստակ բաշխում է լինելու, որի մեծ մասը տնտեսության ֆինանսավորմանն է ծառայելու:

ԱԺ պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանը իրենց ելույթներում անընդունելի համարեցին նման վարկ վերցնելը առանց հիմնավորումների եւ գործողությունների պլանի, ԱԺ պատգամավորներ Գագիկ Մինասյանի եւ Վարդան Այվազյանի  կարծիքով` վարկային միջոցների ներգրավումը կմեղմի ֆինանսական ճգնաժամի հետեւանքները եւ ձեռքբերում կլինի մեր երկրի տնտեսության զարգացման համար, իսկ համաձայնագրի հիմնավորումը ՀՀ կառավարության ծրագիրն է: ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտահոգիչ համարեց համաձայնագրում ներառված Վնեշէկոնոմբանկի հետ կապված հարցը, որը, ըստ նրա, դեմ է Հայաստանի տնտեսական շահերին, իսկ վարկային միջոցների ծախսման ուղղությունները հստակ չեն:

ԱԺ պատգամավոր Կարեն Ճշմարիտյանը, ներկայացնելով ՀՀԿ խմբակցության տեսակետը, նկատեց, որ ամեն ինչի մասին խոսվեց, բացի բուն խնդրից եւ չներկայացվեցին հիմնավորված առաջարկներ: Քննարկվող հարցը վերաբերում է մի սովորական վարկային համաձայնագրի, որը կամ պետք է ընդունել կամ` ոչ: Կա ՀՀ կառավարության ծրագիր, որը հնարավոր չէ կյանքի կոչել միայն բյուջետային միջոցների հաշվին: Ռուսաստանի Դաշնության տրամադրվելիք վարկը   կապ չունի դրանց ծախսման  մեխանիզմների հետ: Վնեշէկոնոմբանկը  Հայաստանին  պարտք չէ. այդ գումարները խորհրդային շրջանում տարբեր ձեռնարկությունների արտահանած ապրանքների իրացումից են ստացվել:

Պարոն Ճշմարիտյանի գնահատմամբ` եթե որեւէ մեկը կողմ է աղետի գոտու վերականգնմանը կամ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը, ինչը ՀՀ կառավարության ծրագրի կարեւոր բաղադրիչներից է, անպայման կողմ կքվեարկի այս նախագծի օգտին:

ԱԺ պատգամավորները քվերկությամբ վավերացրին համաձայնագիրը, քննարկեցին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունեցին  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Ազգային ժողովը սպառեց  օրակարգը եւ ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը:


02.06.2009
Քաղծառայության համակարգի կատարելագործմանը միտված խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Հունիսի 2-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցան խորհրդարանական լսումներ` օրակարգում ունենալով կառավարության հեղինակած «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամա...

02.06.2009
Հանդիպում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հունիսի 2-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետրի Սալոնի հետ:Հյուրի խնդրանքով պարոն Ռուստամյանը ներկայացրեց իր գնահատականները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Անդրադառնա...

02.06.2009
Խորհրդարանում շարունակվեցին 2008 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկումները
Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային հարցերի եւ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղի ունեցան ՀՀ  2008 թվականի պետական բյուջեով կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում իրականացված ծրագրերի քնն...

02.06.2009
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Հունիսի 2-ին Արմեն Ռուստամյանի նախագահությամբ տեղի ունեցավ  ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ` օրակարգում ունենալով մեկ հարց: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց 2009 թ. մայիսի 20-ին ստորագրված ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնո...

02.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Երախտապարտ ենք Սիրիայի ժողովրդին Հայոց ցեղասպանության հետեւանքով հայրենիքից զրկված հայ փախստականներին ապաստան տրամադրելու համար»
Հունիսի 2-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում աշխատանքային այցով գտնվող Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ուալիդ Մուալլիմին:Ողջունելով իր բարձրաստիճան հյուրին` Հայաստանի խորհրդարանի խոսնակը նշեց, որ հայ ժողովուրդն անկեղծ եւ ջերմ բարեկամական զգացմունքն...

02.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Առաջարկում եմ օրենսդիրների փոխայցերի միջոցով նոր լիցք հաղորդել Հայաստանի Հանրապետության եւ Կորեայի Հանրապետության հարաբերություններին»
Հունիսի 2-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Քյու-Հենին (նստավայրը` Մոսկվա):       Ողջունելով հյուրին` Հայաստանի խորհրդարանի խոսնակն իր ցավակցությունը հայտնեց Կորեայի Հանրապետության ժողովր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am