National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.10.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.10.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը, Արա Բաբլոյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախագծի հեղինակը նշեց, որ 2001 թ., երբ հանվեց դեղերի իրացման շրջանառության վրա մինչ այդ գործող ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) արտոնությունը, դեղերի գները կտրուկ բարձրացան, ինչն անմատչելի դարձրեց Հայաստանի բնակիչների համար դեղամիջոցների ձեռքբերումը: Պարոն Մարտիրոսյանը փաստեց, որ 2001 թ-ից հետո անցկացված հետազոտություններն արձանագրում են, որ մեծացել է ստվերային դաշտում գտնվող դեղերի շրջանառության ծավալը, կեղծ դեղերի շրջանառությունը: Կառավարության բացասական եզրակացությունը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը: Հանձնաժողովի որոշմամբ քննարկվող օրինագծին տրվեց ոչ դրական եզրակացություն:

Մինչեւ 60 օրով հետաձգվեց «Պետական կենսաթոշակային համակարգում անհատական հաշվառման մասին», իսկ մինչեւ 30 օրով` «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի քննարկումը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում , Արմեն Ռուստամյանի  նախագահությամբ,  ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գ րիգորյանը ներկայացրեց 2007թ. մայիսի 11-ին ստորագրված «Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի» կանոնադրությունը:  Նախարարի խոսքով, կանոնադրության խնդիրներն են մշակել սպորտային քաղաքականության ռազմավարությունը եւ սահմանել համապատասխան չափանիշներ, նպաստել սպորտի զարգացմանը, իրականացնել սպորտային համագործակցության միջկառավարական միջոցառումներ եւ այլն: Ըստ կանոնադրության` ՀՀ պարտավորվում է  նշանակել մեկ ներկայացուցիչ «Սպորտի մասին ընդլայնված մասնակի համաձայնագրի» ղեկավար խորհրդում եւ կատարել ամենամյա վճարումներ, որոնցով ձեւավորվում է համաձայնագրի բյուջեն:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված միջազգային պայմանագիրը   կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:
 
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ, քննարկվեց «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրինագիծը երկրորդ ընթերցման ընթացակարգով ներկայացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը: Նա նշեց, որ օրինագծի ընդունման  նպատակը Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերք` բուսաբուծական եւ անասնաբուծական արտադրանք արտադրողների համատարած հաշվառման նախապատրաստման, կազմակերպման, անցկացման, ստացված արդյունքների մշակման, պահպանման եւ օգտագործման հետ կապված հարցերի կարգավորումն է: 

Պարոն Մնացականյանը տեղեկացրեց, որ ընդունվել են հանձնաժողովի ներկայացրած վեց առաջարկություններից  չորսը: Անդրադառնալով պատգամավորների հարցերին, պարոն Մնացականյանը նշեց, որ գյուղատնտեսական հաշվառման անցկացման ժամանակ կծախսվի մոտ 1,5 մլրդ դրամ, ակնկալվում է դոնոր երկրների մասնակցություն, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի օժանդակությունը: Նախնական հաշվառումը նախատեսվում է անցկացնել 2009 թվականին, հիմնականը` 2010-ին: ՄԱԿ-ի սահմանած կարգի համաձայն` հաշվառումներն իրականացվում են յուրաքանչյուր 10 տարին մեկ: Հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանն առաջարկեց օրինագծում ամրագրել վերահսկողական դրույթ, որպեսզի մեծացվի հաշվարարի պատասխանատվությունը:

Օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կառաջարկվի ընդգրկել ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:
  
«Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումը մինչեւ 30 օրով հետաձգվեց:
 
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը, Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ, քննարկեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ներկայացնելով օրինագիծը, տեղեկացրեց, որ այն պաշտպանության ոլորտի բարեփոխումների հիմքն է, որով նախատեսվում է կարգավորել Հայաuտանի Հանրապետության պաշտպանության հիմքերը, կազմակերպումը, ՀՀ զինված ուժերի կառուցվածքը, կազմակերպման սկզբունքները, գործառույթները, դրանց ղեկավարման, կառավարման, տեղակայման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները, այլ զորքերի խնդիրները, պաշտպանության բնագավառում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, հիմնարկների, այլ կազմակերպությունների գործառույթները, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների պարտականությունները: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծին` առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երրորդ ընթերցման ներկայացված «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  եւ երկրորդ ընթերցման երկայացված  «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերին:

Օրինագծերի քննարկումից հետո ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը ստորագրեցին  փոխըմբռման հուշագիր` խթանելու զինված ուժերի արդյունավետ վերահսկողությունը: Կողմերը կհամագործակցեն` ուժեղացնելու անվտանգության  ժողովրդավարական վերահսկողությունը: ԵԱՀԿ-ն կիրականացնի սեմինարներ ԵԱՀԿ վարքագծային կանոնակարգերի, անվտանգության վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ, կաջակցի խորհրդարանականներին` զինված ուժերի բարեփոխման գործընթացը դիտարկելու, կարիքները որոշելու, հետագայում դրանց օրենսդրական լուծում տալու համար:
 
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը նշեց, որ ստորագրելով այս պայմանագիրը` ԵԱՀԿ-ն արտահայտում է իր կամքը` աջակցելու Հայաստանին` իրականացնելու զինված ուժերի արդյունավետ խորհրդարանական վերահսկողություն. թափանցիկությունը, հաշվետվությունը եւ ուժերի բաժանումը հմուտ կառավարման հիմնաքարերն են:

Հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը հավելեց, որ ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը զինված ուժերի քաղաքացիացման վերաբերյալ, որը իրականացվում է ՀՀ կառավարության կողմից, կօգնի բարձրացնել առկա խնդիրները եւ աշխատել հանուն հետագա բարեփոխումների:
Հուշագրի ստորագրումից հետո ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աշխատակից Կարել Հոֆստրան ներկայացրեց ԵԱՀԿ-ի գործունեությունը ռազմաքաղաքական ոլորտում, վարքագծային կանոնակարգի հիմնական դրույթներն ու զարգացումը, խոսեց ժողովրդական վերահսկողության առանձնահատկությունների, անվտանգության ոլորտը վերահսկելու գործում խորհրդարանի դերի ու անելիքների մասին:

Այս միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաեւ «Անվտանգության ոլորտի խորհրդարանական վերահսկողություն» եւ «Հետախուզությունը դարձնել վերահսկելի. հետախուզական ծառայությունների վերահսկողության իրավական չափանիշներ եւ լավագույն պրակտիկա» գրքերի շնորհանդեսը:
                 
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում , Արտյուշա Շահբազյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկվեց «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  կառավարության նախագիծը ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի ներկայացմամբ: Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է մարդու անձնական եւ ընտանեկան գաղտնիքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերի օգտագործման, դրանց պատճենների տրամադրման մատչելիության սահմանափակման անհրաժեշտությամբ: Հանձնաժողովի որոշմամբ օրինագիծը կընդգրկվի աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց հեղինակը` ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Նա ընդգծեց, որ մարտի 17-ին ԱԺ արտահերթ նիստում փոփոխությունների եւ լրացումների ենթարկված նախագիծն արժանացել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ քննադատությանը: Ըստ նրա` հունիսի 11-ին ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանի` երկրորդ ընթերցմամբ ընդունված օրինագծով կատարված փոփոխությունները մասնակիորեն են լուծել Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացության առարկությունները եւ մտահոգությունները:

Հարակից զեկուցող Արտյուշա Շահբազյանի համոզմամբ` օրենքից չպետք է հանվեն այն սահմանափակումները, որոնք կարող են վտանգավոր լինել պետության անվտանգությանը: Օրինագիծը հանձնաժողովի ոչ դրական եզրակացությամբ կընդգրկվի աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

«ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի հեղինակ Արմեն Մարտիրոսյանը նախագծի ընդունումը պայմանավորեց «Ընտրական օրենսգրքի» կատարելագործմամբ: Ըստ նրա` նախագիծը նպատակ ունի ընտրությունների գործընթացն առավել մոտեցնել ժողովրդավարական չափանիշներին, ինչը կբարձրացնի ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության մակարդակը: Հեղինակն առաջարկում է ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով, կրկնակի քվեարկություններից խուսափելու համար օգտագործել մատի թանաքոտման մեխանիզմը, ընտրությունների մասնակիցների ցուցակը ընտրություններից հետո փակցնել տեսանելի վայրում եւ այլն: Օրինագծով առաջարկվում է ԿԸՀ նախագահ նշանակել ընդդիմության ներկայացուցչին:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշա Շահբազյանն անընդունելի համարեց քվեաթերթիկների տպագրությունը արտերկրում կազմակերպելը: Նա առաջարկեց հետաձգել նախագծի քննարկումը:  Կառավարության եզրակացությունը նախագծի ընդունման վերաբերյալ բացասական էր: Օրինագիծը հանձնաժողովի ոչ դրական եզրակացությամբ  կընդգրկվի չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Պատգամավորներ Խաչատուր Ալբերտի Սուքիասյանին, Հակոբ Վարդանեսի Հակոբյանին, Մյասնիկ Ժորայի Մալխասյանին եւ Սասուն Մեխակի Միքայելյանին որպես մեղադրյալներ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունների մասին Ազգային ժողովի որոշումներն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծեր էր ներկայացրել ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանն էլ հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել ԱԺ պատգամավորներ Հակոբ Վարդանեսի Հակոբյանին, Մյասնիկ Ժորայի Մալխասյանին, Սասուն Մեխակի Միքայելյանին, Խաչատուր Ալբերտի Սուքիասյանին որպես մեղադրյալներ ներգրավելու եւ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունների մասին Ազգային ժողովի որոշումների մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ ԱԺ որոշումների նախագծերը, որոնցով առաջարկվում է որոշման վերնագրում հանել «եւ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու» բառերը, իսկ որոշման մեջ` «եւ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու» բառերը: ԱԺ որոշումների նախագծերը ոչ դրական եզրակացությամբ կընդգրկվեն Աժ չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

«2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծը ներկայացրեց Արտյուշա Շահբազյանը:

Նշվեց, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առջեւ դրված խնդիրների իրականացումն ավարտին հասցնելու նպատակով առաջարկվում է երկարացնել հանձնաժողովի գործունեության ժամկետը: Դրական եզրակացությամբ որոշման նախագիծը կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովի որոշմամբ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվեն երկրորդ ընթերցմամբ քննարկվող «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերը:
 
Մինչեւ 30 օրով հետաձգվեցին «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» օրենսդրական փաթեթի, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի, իսկ մինչեւ 15 օրով` «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի ու «ՀՀ Հասարակական պալատի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումները: Հանձնաժողովը որոշեց նաեւ մինչեւ 60 օրով հետաձգել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի եւ «Կոռուպցիայի կանխարգելման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայության մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումները:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում , որը վարում էր հանձնաժողովի նախագահին ժամանակավորապես փոխարինող ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, քննարկվեց  «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացրեց համահեղինակ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, տեղեկացնելով, որ առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ծառայողների աշխատավարձերի համապատասխանեցմամբ հանրային ծառայության համակարգի աշխատավարձերի հետ: Նախնական հաշվարկով, օրենքի փոփոխության համար բյուջեից կպահանջվի 1,7 միլիարդ դրամի լրացուցիչ հատկացում: Արծվիկ Մինասյանի հավաստմամբ, այս նախագիծը նպատակ չունի աշխատավարձի խնդիր լուծել, սրանով կպահպանվի հանրային ծառայությունների համակարգի աշխատողների վճարման համամասնությունը:

Հարակից զեկուցող, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Ղազարյանի կարծիքով, հարցին պետք է ցուցաբերել միասնական մոտեցում եւ առաջնորդվել հանրային ծառայությունների համակարգում աշխատողների վճարման միասնական մեխանիզմով, միաժամանակ հաշվի առնելով բյուջեի հնարավորությունները: Նախարարն առաջարկեց հարցի քննարկումը տեղափոխել ՀՀ  2009թ-ի պետական բյուջեի քննարկման շրջանակ, քանի որ օրենքի ընդունումը ենթադրում է բյուջետային փոփոխություն, մինչ այդ հարցի քննարկումը շարունակելով կառավարության համապատասխան օղակներում: Օրենքի համահեղինակ Արծվիկ Մինասյանի համաձայնությամբ նախագծի քննարկումը հետաձգվեց 15 օրով:

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը սոցիալական հարցերի մշտական հանձնաժովի քննարկմանը ներկայացրեց «1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած փախստականների համար կառուցված բնակարաները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: «Օրենքը բովանդակային փոփոխություն չի ենթադրում, ընդամենը խնդիր կա երկարաձգել սեփականաշնորհման ժամանակահատվածը»,-ասաց փոխնախարարը, տեղեկացնելով, որ տարբեր պատճառներով մոտ 100 բռնագաղթած ընտանիք չի հասցրել սեփականաշնորհել օրինական կարգով իրեն հասանելիք բնակարանները: Հանձնաժողովը որոշեց դրական եզրակացությամբ հարցն ընդգրկել քառօրյա նիստերի օրակարգ:

Հեղինակների համաձայնությամբ մինչեւ 30 օրով հետաձգվեց «Պետական կենսաթոշակի մասին», «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին», «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին», «Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին», «Բազմաբնակարան շենքերի պահպանման պետական քաղաքականության մասին», «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին», «Պետական նպաստների մասին», «Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների կատարելու մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի քննարկումը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Արա Նռանյանի, Արթուր Աղաբեկյանի եւ Արծվիկ Մինասյանի հեղինակած «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց համահեղինակ, ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը: Առաջարկվող առաջին լրացումը վերաբերում է ներքաղաքային եւ մերձքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կանգառների տեղաբաշխմանը, որի հիմնախնդիրը հատկապես սուր է  մայրաքաղաքում: Մի շարք կանգառներ ի սկզբանե տեղաբաշխված են եղել փողոցների խաչմերուկներում: Դրան են ավելացել նաեւ քաղաքացիների կողմից ձեւավորված ինքնաբուխ կանգառները: Ճանապարհային ներկա պայմաններում խաչմերուկներում գործող կանգառները խոչընդոտում են երթեւեկության անվտանգությանը, նպաստում խցանումներին, իսկ հաճախ նաեւ` ստեղծում վթարային իրավիճակ: Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների կանգառները պետք է տեղաբաշխվեն խաչմերուկներից առնվազն 50 մետր հեռավորության վրա: Եթե երկու խաչմերուկների միջեւ տարածությունը 100 մետրից պակաս է, ապա այդ հատվածում կանգառների տեղաբաշխումն արգելվում է: Երկրորդ դրույթը վերաբերում է միջքաղաքային եւ միջպետական ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների սկզբնակետի (վերջնակետի) կանգառներին: Այսօր Երեւանում, ինչպես նաեւ երկրի այլ քաղաքներում ավտոկայարաններն ու ավտոկայաններն աշխատում են թերբեռնված կամ հաճախ` ընդհանրապես չեն գործում, իսկ միջքաղաքային եւ միջպետական կանոնավոր փոխադրումների կանգառները կազմակերպվում են քաղաքի տարբեր վայրերում: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ` առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ պատգամավորներ Արա Նռանյանի, Միքայել Մանուկյանի, Արշակ Մխիթարյանի, Սամվել Բալասանյանի, Վերսանդիկ Հակոբյանի, Հակոբ Հակոբյանի, Աշոտ Ափոյանի, Կարեն Վարդանյանի, Միքայել Վարդանյանի եւ Ալեքսան Պետրոսյանի հեղինակած «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  օրինագիծը: Օրենքի նախագծի ընդունումը բխում է հայրենական արտադրանքի ծավալների մեծացման, նրանց մրցունակության բարձրացման  անհրաժեշտությունից: Հայրենական տնտեսության զարգացման վերջին ժամանակահատվածում, դրամի արժեւորման պայմաններում, խիստ դժվարացել է արտահանման գործընթացը եւ մեծացել են ներկրվող, այդ թվում նաեւ անորակ ապրանքների  ծավալները, տեղական արտադրանքի մրցունակությունը ընկել է, ինչը բացասական ազդեցություն ունի տնտեսության զարգացման վրա: Օրենքի նախագծի ընդունման պայմաններում, բարձրացնելով որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը, հայրենական արտադրանքը կդառնա առավել մրցունակ, կխթանվի արտադրության ծավալների մեծացումը, կմեղմվի դրամի արժեւորման բացասական ազդեցությունը տեղական արտադրանքի մրցունակության վրա,  պետական բյուջե կմուտքագրվեն լրացուցիչ գումարներ:
 
Քանի որ ՀՀ կառավարությունը քննարկվող հարցի վերաբերյալ դեռ եզրակացություն չէր ներկայացրել, հանձնաժողովը հեղինակների համաձայնությամբ հարցի քննարկումը հետաձգեց մինչեւ հանձնաժողովի հաջորդ նիստը:

Հանձնաժողովը քննարկեց «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը նախատեսում է օրենքով նախատեսված տուգանքների գումարների երեսուն տոկոսի չափով մասհանումները  գանձել համակարգի զարգացման  ֆոնդ:

Հանձնաժողովի նախագահը եւ մի խումբ պատգամավորներ նպատակահարմար գտան, որ տուգանքներից գոյացած գումարները ամբողջովին մուտք արվեն պետական բյուջե, որտեղից սահմանված կարգով միայն հատկացումներ կատարվեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեին: Օրինագիծը դրական եզրակացություն ստացավ` առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ հավանություն տվեց նաեւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2009 թվականի տարեկան գործունեության ծրագրերին:

 Երկրորդ ընթերցման ներկայացված   «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաթեթ) եւ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաթեթ) օրինագծերի վերաբերյալ հանձնաժողովը  նույնպես դրական եզրակացություն ներկայացրեց առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին»(փաթեթ), «նահատման գործունեության մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիզինգի մասին»(փաթեթ), «Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»(փաթեթ), «Հանրային ծառայությունները  կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին»,  «Գյուղատնտեսական  նշանակության հողատարածքներից հողի հարկ վճարողներին արտոնություններ տրամադրելու մասին», «Պետական գույքի մանսավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»,«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու  մասին», «Մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի քննարկումը հետաձգեց մինչեւ 30 օրով:
   
Հանձնաժողովը որոշեց նոյեմբերին կազմակերպել խորհրդարանական լսումներ «Տրանսպորտային հիմնախնդիրները» եւ «Տնտեսական մրցակցություն, թե հակամենաշնորհային քաղաքականություն» թեմաներով:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը , Գագիկ Մինասյանի նախագահությամբ, դրական եզրակացություն տվեց քննարկված երեք օրակարգային հարցերին` առաջիկա  քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:
 
«Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին» կառավարության հեղինակած եւ երրորդ ընթերցմամբ ընդունելու համար առաջարկվող օրենսդրական փաթեթում, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանի   ներկայացմամբ, եղել են մի քանի խմբագրական շտկումներ:  «Հայաստանի բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը դեռեւս առաջին ընթերցմամբ քննարկելիս, կառավարության ներկայացուցիչն ընդունել էր ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանի առաջարկը: ՀՀ ‎ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար փաստաթղթում նոր առաջարկներ չկան:

Հանձնաժողովը հավանության արժանացրեց նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ  Իշխան Զաքարյանի առաջարկը`  ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի 2006 եւ 2007 թվականների գործունեության տարեկան հաշվետվությունների քննարկման հատուկ կարգի մասին, որով նախատեսվում է, որ հաշվետվությունները ներկայացնեն երկու հիմնական զեկուցողներ` Վերահսկիչ պալատի նախկին եւ ներկա նախագահները: Իշխան Զաքարյանն այս տարբերակն առավել նպատակահարմար է համարում, որովհետեւ հաշվետու ժամանակաշրջաններում     Վերահսկիչ պալատը ղեկավարել է նախկին նախագահը` Գագիկ Ոսկանյանը, որն այսօր  ՎՊ խորհրդի անդամ է:
 
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, ով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում եղել է ԱՄՆ-ում, հանձնաժողում մանրամասներ ներկայացրեց հիփոթեքային շուկայից սկիզբ առած` միջազգային ֆինանսական ճգնաժամի եւ մեր տնտեսության վրա դրա հնարավոր  ազդեցության մասին: Նա ընդգծեց, որ ԱՄՆ-ում, ինչպես նաեւ ճգնաժամի տարածման այլ երկրներում, ֆինանսականը վեր է ածվել վստահության ճգնաժամի: Այդ վստահությունը վերականգնելու եւ ճգնաժամը հաղթահարելու նպատակով, մոնետար միջոցառումներից զատ,  ամերիկյան եւ եվրոպական երկրներում կիրառում են նաեւ ֆիսկալ գործիքներ: Ամերիկայում, մասնավորապես, 700 մլրդ դոլար է պետությունը տրամադրել այս նպատակով:    Թեեւ  Կոնգրեսում  այն մեծ դժվարությամբ է հաստատվել, քանի որ կոնգրեսականները մտավախություն են ունեցել պետական միջամտության վերաբերյալ` նկատելով գործընթացում  սոցիալիզմի տարրեր: Սակայն, ինչպես   ներկայացրել էր ԱՄՆ-ի նախագահը, խնդիրը վերաբերում է ոչ թե 1-2 բանկերի սնանկացմանը, այլ սնանկացումների մի ամբողջ շղթայի: Պետության հատկացրած գումարները, ըստ ԿԲ նախագահի տեղակալի, ուղղվել են հիմնականում բանկային գործառնությունների երաշխավորմանը, բանկային կապիտալի համալրմանը, ինչպես նաեւ դեպոզիտների ապահովագրությանը` անգամ  100 տոկոսով: ԱՄՆ-ում, այս ամենից բացի, պետությունը նաեւ զբաղվել է բանկային ակտիվների առքով, որը, սակայն, Վաչե Գաբրիելյանի գնահատմամբ,  առանց կապիտալի ներդրման կարող էր անօգուտ լինել:  Նրա ներկայացմամբ, անկումը հատկապես զգալի է ֆոնդային բորսաներում: Վաչե Գաբրիելյանի դիտարկմամբ` անգամ ֆոնդային բորսաներում իրավիճակը շտկելուց հետո բավականին ժամանակ անհրաժեշտ կլինի տնտեսությունը վերականգնելու համար: Հանձնաժողովականներին  ԿԲ նախագահի տեղակալը հավաստիացրեց, որ  միջազգային ֆինանսական ճգնաժամի արդյունքում Հայաստանի տնտեսությանն էական վտանգ չի սպառնում` հիմնավորելով, որ  բանկային 3 մլրդ. դոլարի մեր ակտիվներից միայն 400 մլն. է ֆինանսավորվում դրսից եւ  այն էլ` երկրաժամկետ` միջին հաշվարկով` 3,5 տարով: Մինչդեռ խնդիրն առաջացել է  կարճաժամկետ գումարներից: 
 
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ առաջիկա շաբաթվա օրերին սկսելիք բյուջետային քննարկումների ավարտից հետո հանձնաժողովը կնախաձեռնի խորհրդարանական լսումներ` միջազգային ֆինանսական ճգնաժամի թեմայով:


17.10.2008
Հանձնաժողովի ընդլայնված նիստը բնապահպանական խնդիրների շուրջ
Հոկտեմբերի 17-ին խորհրդարանում տեղի ունեցավ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի ընդլայնված նիստ` «Երեւանի էկոլոգիական հիմնախնդիրները» թեմայով եւ ԱԺ նախագահի, պատգամավորների, քաղաքապետարանի ու պետական գերատեսչությունների, հասարակական, միջազգային եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների...

17.10.2008
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հոկտեմբերի 17-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի  նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման  եւ   հոկտեմբերի 20-23-ի   ԱԺ չորսօրյա նիստերի օրա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am