ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին շնորհավորանքի խոսք է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը.
«Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ենք բերում Ձեզ եւ շնորհավորում ՀՀ Աժ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:
Տարիներ շարունակ պատասխանատու տարբեր պաշտոններում Դուք Ձեր ջանքերն եք ի սպաս դրել հանուն հայրենի մեր երկրի եւ մեր ժողովրդի բարօրության` ներդրում բերելով մեր անկախ պետականության զորացմանը:
Ստանձնելով Ազգային ժողովի նախագահի պատասխանատու պաշտոնը` Դուք շարունակելու եք հայրենաշահ գործունեություն իրականացնել` ի խնդիր Հայաստանի Հանրապետության առաջընթացի եւ ազգային կյանքում նոր ձեռքբերումների արձանագրման:
Առ Աստված աղոթքով մաղթում ենք, որ Տերը հաջողություն պարգեւի Ձեր գործունեությանը եւ իր Ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո պահի, պահպանի Ձեզ եւ Ձեր ընտանիքը` շնորհելով քաջառողջություն եւ ամենայն բարիք»: