Աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր: Մի նկատառում, բոլոր երկրներում կարող են ոտնահարվել մարդու իրավունքները, սակայն շատ կարեւոր է, թե պետությունն ինչ կամք է ցուցաբերում պայքարելու մարդու իրավունքների խախտումների դեմ: Այստեղ մենք ունենք լուրջ խնդիրներ: Դեկտեմբերի 13-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներին` ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նա անդրադարձել է 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ իրականացված գործողություններին` ընդգծելով, որ նրանց բերման ենթարկելուց խախտվել են մի շարք հիմնարար իրավունքներ: «Եվ ահա տեղեկանում ենք, որ մեկ տարուց ավելի տեղի ունեցած քննության ընթացքում որեւէ ոստիկանի գործողություններում հանցակազմ չի եղել, գործը կարճվել է եւ որեւէ ոստիկան պատիժ չի կրել: Կարծում եմ, որ հատկապես զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ նման վերաբերմունքը պետք է արժանանար էլ ավելի մեծ իրավական գնահատականի»,- ասել է Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորն անդրադարձել է Ալավերդիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին` ընդգծելով, որ նույն իրավիճակը, երբ կալանավորվել են թեկնածուները, տեղի է ունեցել Բերդ համայնքում, Վարդենիսում, Վեդիում, Սիսիանում, Թալինում, Փարաքարում, Նոր Հաճնում, Պռոշյանում: