National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.12.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
06.12.2023
Արդարությունն ինստիտուցիոնալ երեւույթ է: Այն, ինչ ինստիտուցիոնալ չէ, արդարություն չէ, արդարադատություն չէ. Նիկոլ Փաշինյան
1 / 1

Խորհրդարանը դեկտեմբերի 6-ին շարունակել է քննարկել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Եզրափակիչ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ, մասնավորապես, խոսել արդարադատության մասին, որը եւս ունի ռազմավարական նշանակություն:

«2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխություն իրականացրած ժողովրդի ամենամեծ ակնկալիքն արդարությունն էր, կոռուպցիայի վերացումը Հայաստանի Հանրապետությունից: Ցավով արձանագրեմ, որ այդ ակնկալիքները շարունակում են մնալ իրենց տեղում, ինչը նշանակում է` դրանք իրականացված չեն, առնվազն, լիարժեք: Բայց ի՞նչ է սա նշանակում, ինչո՞ւ այդ ակնկալիքներն իրականացված չեն, արդյո՞ք նշանակում է, որ Կառավարությունը դավաճանել է հեղափոխության սկզբունքներին եւ արժեքներին»,- ընդգծել է երկրի վարչապետն ու այս համատեքստում խոսել արդարադատություն ու արդարություն հասկացությունների վերաբերյալ: Նրա խոսքով 2018 թվականի հեղափոխությունից հետո շատերն ակնկալում էին, որ տեղի է ունենալու հեղափոխական արդարադատություն: «Մենք չգնացինք այդ ճանապարհով մի պարզ պատճառով. մենք ոչ թե Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխություն էինք արել, այլ սիրո եւ համերաշխության հեղափոխություն ու խոստացել էինք, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու: Սա կարեւոր նրբություն է, որովհետեւ ինչպես արդարությունը, այնպես էլ վենդետաների գործելակերպ չորդեգրելը, մեր հեղափոխական պարտավորությունն է ժողովրդի առաջ»,- արձանագրել է Նիկոլ Փաշինյանն ու հավելել. «Մեր մոտեցումը եղել եւ շարունակում է մնալ նույնը` արդարադատությունը որոշվում է ինստիտուտներում, որոնք արդարադատություն իրականացնելու, արդարադատություն հաստատելու իրավասություն ունեն եւ գործում են օրենքի ու Սահմանադրության հիման վրա: Արդարությունն ինստիտուցիոնալ երեւույթ է, եւ իմ համոզմունքը եղել եւ մնում է այն, որ այն, ինչ ինստիտուցիոնալ չէ, արդարություն չէ, չի կարող լինել: Հակառակ դեպքում մեկն արդարադատություն կարող է համարել մյուսին շքամուտքում գնդակահարելը, երկրորդը` մյուսի ծնոտը ջարդելը, երրորդը` մյուսի բիզնեսում «փայ» մտնելը, չորրորդը` սեփականությունը ձեռքից առնելը: Սա ոչ միայն չի կարող լինել արդարություն, եթե նույնիսկ հանրային կարծիքով արդար համարվի, այլեւ պետության եւ պետականության խարխլման ուղիղ ճանապարհ է, պետություն ունենալու կամքի բացակայության բարձրագույն արգասիք»:

Գործադիրի ղեկավարը խոսել է ինստիտուցիոնալ արդարադատության հաստատմանն ուղղված Կառավարության քայլերից ու հավելել, որ այս հարցի պատասխանը եւս տալիս է ՀՀ պետական բյուջեն: Այս համատեքստում նա մանրամասն ներկայացրել է դատական համակարգի ֆինանսավորման ավելացումը, ոլորտում աշխատավարձերի էական բարձրացումները, խոսել համակարգի թերացումների, դատավարությունների ձգձգումների մասին:

«ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ եթե իր նկատմամբ անարդարություն է տեղի ունեցել, ինքը, վստահաբար, արդարությունը պետական ինստիտուտների միջոցով վերականգնելու հնարավորություն ունի, եւ այդ զգացողությունն էական է մեր պետության, Հայաստանի Հանրապետության զարգացման շահերի տեսանկյունից»,- փաստել է վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամբողջական ելույթը՝ այստեղ: