ԱԺ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Լուսինե Բադալյանը, Արփինե Դավոյանը, Հրաչյա Հակոբյանը, Արսեն Միխայլովը, Կորյուն Մկրտչյանը, Վանիկ Օհանյանը Կառավարության հետ համատեղ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին:
Օրենսդրական փաթեթով նախատեսվող փոփոխությունները ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Օրինագծի նպատակը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության համար հավասար հնարավորությունների եւ մատչելի պայմանների ստեղծումն է, խտրական դրսեւորումների վերացումը, կարիքին համարժեք եւ հասցեական ծառայությունների մատուցումը:
Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները սահմանվել են՝ հիմք ընդունելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան: Մասնավորապես, «հաշմանդամություն», «հաշմանդամություն ունեցող անձ» հասկացություններին տրվել են հետեւյալ սահմանումները.
Հաշմանդամություն.
առողջական խնդիրներ ունեցող անձանց եւ միջավայրային արգելքների (այդ թվում՝ վերաբերմունքի) փոխազդեցության արդյունքում առաջացող երեւույթ (իրավիճակ), որը խոչընդոտում է անձի՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը:
Հաշմանդամություն ունեցող անձ.
անձ, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ (կամ) զգայական տեւական խնդիրների ու միջավայրային արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում:
Նախարարն ընդգծեց, որ գործող օենքով հաշմանդամություն ունեցող անձ է համարվում միայն առողջության խաթարմամբ, կենսագործունեության սահմանափակումներ ունեցողը, որն ունի սոցիալական ապահովության անհրաժեշտություն:
Նախագծում ներդրվել է նաեւ հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների եւ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ծրագիրը:
Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Հերիքնազ Տիգրանյանը: Վերջինս նշեց, որ օրենքը գործում է 1993 թվականից եւ անգամ բառապաշարի ու եզրույթների առումով չի համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային:
ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշեց, որ օրինագծով առաջարկվում է ամբողջությամբ փոխել հաշմանդամության գնահատման տրամաբանությունը: Առաջարկվում է ներդնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգը: Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ներկայացված գնահատման համակարգը կզրոյացնի սուբյեկտիվ մոտեցումները եւ քաղաքացիների կողմից հնչող բողոքները: