Օրացույցի այս օրը՝ հունիսի մեկը, ոչ միայն առիթ պիտի դառնա հավելյալ ուշադրության արժանացնելու փոքրիկներին, սիրելու նրանց, հիանալու եւ երջանկանալու նրանցով, այլեւ եւս մեկ անգամ պիտի հիշեցնի, որ մենք՝ որպես պետություն եւ հասարակություն, պարտավարություններ ունենք մեր կրտսեր քաղաքացիների նկատմամբ:
Մեր փոքրիկներին ամեն անգամ երջանիկ մանկություն մաղթելիս պիտի հիշենք, որ դրա գլխավոր գրավականն իրենց իրավունքների լիակատար պաշտպանությունն է՝ որակյալ կրթությունից մինչեւ սոցիալական եւ առողջապահական երաշխիքներ:
Երեխաների իրավունքների իրացման ապահովումն ու պաշտպանությունը շատ ավելին է, քան լոկ երեխաների պաշտպանությունը: Դա գրավականն է նրա, որ մեր մեծացող քաղաքացիները վաղը կդառնան մեր հանրության հոգատար անդամներ եւ կպաշտպանեն նաեւ այլ խոցելի խմբերի՝ կանանց, ծերերի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները՝ ձգտելով ունենալ առավել հոգատար, առավել համերաշխ, առավել պաշտպանված հասարակություն: Դա գրավականն է նրա, որ մենք ինքներս երեխաների կողքին շարունակաբար կձգտենք լինել ավելի լավը եւ ավելի բարին:
Սիրելի փոքրիկներ, շնորհավորում եմ ձեր տոնը: Շնորհակալություն միայն նրա համար, որ դուք կաք: