Մարտի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Բրիտանական խորհրդի Արեւելյան Եվրոպայի հարցերով տնօրեն Ռոբերտ Նեսսի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Բադդը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարաբնույթ հարցեր` մասնավորապես Հայաստանում եվրոպական կրթական համակարգի արմատավորման մասին: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանում ուշադրության կենտրոնում են կրթական խնդիրները` իբրեւ պետության համար գերակայություն ունեցող հարց: Այդ շրջագծում կարեւորվեց միջին մասնագիտական կրթությանհամակարգի վերականգնումը: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մարզերում միջին մասնագիտական կրթական հաստատությունների ստեղծմանը եւ զարգացմանը, որին մեծապես կարող է աջակցել եւ Բրիտանական խորհուրդը ի թիվս իր կրթական ծրագրերի: Նշվեց, որ խորհրդարանում ընդունվել են եւ շրջանառության մեջ են կրթական բարեփոխումներին վերաբերող օրենքներ, որոնք կամփոփվեն կրթական օրենսգրքի ընդունումով եւ որոնց նպատակն է ամբողջացնել նախադպրոցականից մինչեւ հետբուհական կրթության համակարգը: Պարոն Նեսսը, անդրադառնալով միջին մասնագիտական կրթությանը, նշեց, որ Մեծ Բրիտանիայում էլ դա օրախնդիր է եւ կարեւորվում է բարձրագույն կրթությանը հավասար: Բրիտանական խորհրդի Արեւելյան Եվրոպայի հարցերով տնօրեն Ռոբերտ Նեսսը եւ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Բադդը պատրաստակամություն հայտնեցին աջակցել քննարկված խնդիրների լուծմանը: