Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլին` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ողջունելով դեսպանին` ՀՀ ԱԺ նախագահը գոհունակությամբ նշեց, որ նրա պաշտոնավարման տարիներին Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ համագործակցությունը վերելք է ապրել: Սամվել Նիկոյանի խոսքով` երկու երկրների հարաբերությունների հետագա արդյունավետ զարգացման եւ ամրապնդման, տարբեր ձեւաչափերով շփումների ակտիվացման եւ փոխգործակցության եզրերն ընդլայնելու համար դեռ չօգտագործված մեծ ներուժ կա: ԱԺ նախագահը կարեւորեց թե երկկողմ, եւ թե բազմակողմ ձեւաչափերով փոխգործակցության զարգացումը: Սամվել Նիկոյանը պատրաստակություն հայտնեց ջանքերը ներդնել հայ-բրիտանական համագործակցության հետագա խորացման ուղղությամբ:
Դեսպան Լոնսդեյլը շնորհավորեց Սամվել Նիկոյանին ՀՀ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց պաշտոնավարության ընթացքում: Նրա խոսքով այս շրջանը կարեւոր է նաեւ այն առումով, որ 6 ամիս է մնացել խորհրդարանական ընտրություններին: Այս համատեքստում երկուստեք կարեւորվեց Հայաստանում ազատ եւ միջազգային չափանիշներին համահունչ ընտրությունների անցկացումը: Պարոն Նիկոյանը շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները կանեն հնարավորը թափանցիկ եւ արդար ընտրություններ իրականացնելու ուղղությամբ:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանը, տարածաշրջանային խնդիրներին, «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագծին, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:
Վերջում Սամվել Նիկոյանը հաջողություններ մաղթեց դեսպանին նրա հետագա գործունեության մեջ` վստահություն հայտնելով, որ նա միշտ կմնա Հայաստանի բարեկամը: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ համագործակցության ձեւավորված ավանդույթը կշարունակվի նաեւ նորանշանակ համատեղ դեսպանների` ամուսնական զույգի հետ, ովքեր ռոտացիայի սկզբունքով իրենց պաշտոնը կստանձնեն հունվարից: