Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի գլխավորած պատվիրակությանը:
Ալեն Սիմոնյանը ողջունել է Հայաստանի առողջապահության նախարարության եւ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի միջեւ երեկ ստորագրված համագործակցության համաձայնագիրը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի առողջապահական համակարգի զարգացմանը բոլոր ուղղություններով:
Հանդիպմանն անդրադարձ է եղել համավարակի դեմ պայքարի ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Հայաստանին տրամադրված բազմաբնույթ օգնությանը:
Երկուստեք կարեւորվել է առողջապահական համակարգի բարեփոխումներին միտված օրենսդրական նախաձեռնությունների կյանքի կոչումը: Արձանագրվել է նաեւ առողջապահության տարբեր ոլորտների մատչելիության եւ որակյալ ծառայությունների մատուցմանն ուղղված ջանքերի կարեւորությունը:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Զեյնալյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու փոխնախարար Լենա Նանուշյանը: