Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սեպտեմբերի 1-ին ավարտվել է «Ամառային դպրոց» ծրագիրը: Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել ԱԺ նիստերի դահլիճում: «Մեր նոր նստաշրջանի մեկնարկին դեռ մի քանի օր կա, ես շատ ուրախ եմ, որ դրան ընդառաջ այստեղ հյուրընկալում ենք ձեզ»,-շնորհավորելով աշակերտներին Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ՝ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա հավաստագրեր եւ խորհրդանշական նվերներ է հանձնել ծրագրի մասնակից ավագ դպրոցի աշակերտներին՝ մաղթելով նոր ուսումնական տարում բազում հաջողություններ:
Խոսելով դպրոցական տարիներին ստացած գիտելիքների մասին՝ Ալեն Սիմոնյանն աշակերտներին հորդորել է հնարավորինս լուրջ վերաբերել դրանց, քանի որ դրանք ամբողջ կյանքի համար են: Նա խոսել է գիտելիք, ազատություն, ժողովրդավարություն բանաձեւի նշանակությունից, որն էլ ձեւավորում է իր իրավունքներին քաջատեղյակ եւ պարտավորությունները պատվով կրող քաղաքացի: «Այս դպրոցը համարեք գիտելիքների եւ տեղեկատվության ստացման սկզբնակետ եւ հռչակեք ձեզ համար, որ մարդը գերագույն արժեք է»,- եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը:
«Ամառային դպրոց» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի աջակցությամբ, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից: «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը համակարգող պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի կառավարությանը, ՄԱԿ ԶԳ-ին, Ազգային ժողովի նախագահի գրասենյակին եւ աշխատակազմին նախաձեռնությանն աջակցելու համար: Նա կարեւորել է գիտելիքի ուժը, շնորհավորել ծրագրի մասնակիցներին Գիտելիքի եւ դպրության օրվա կապակցությամբ` մաղթելով հաջողություններ փոքր ու մեծ նախաձեռնություններում:
Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, դիմելով աշակերտներին, նշել է, որ նրանք ժողովրդավարության այս տանը՝ ՀՀ Ազգային ժողովի դահլիճում, գիտակցեն ժողովրդավարական գործընթացներին մասնակցելու կարեւորությունը: Նա շնորհակալություն է հայտնել համագործակցության համար:
«Մեզ համար շատ կարեւոր է ունենալ իրազեկ, լայնախոհ եւ ակտիվ քաղաքացիների նոր հզոր սերունդ, որը պատրաստ է պատասխանատվություն ստանձնել ապագայի համար: Հուսով ենք, որ դուք այժմ ավելի մեծ վստահություն ունեք ապագայի հանդեպ»,- ասել է ՀՀ-ում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին:
Մասնակիցները շնորհակալություն են հայտնել բովանդակալից, գերհագեցած ծրագրով դասընթացի համար: